Monday, February 28, 2011

Երիտասարդները հայ-թուրքական սահմանի բացման բանաձև կընդունեն

«Aysor.am», 28.02.2011: Այսօր մեկնարկել է ՄԱԿ մոդել խորհրդաժողովը` «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերախաղ` Սահմանի բացում. Հայ-թուրքական հարաբերությունների վերագնահատում» խորագրով:
Մոդել-խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից 33 երիտասարդներ, ովքեր ներկայացնում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 երկրները`այդ թվում Ֆրանսիան, Գաբոնը, Բոսնիա և Հերցեգովինան, Նիգերիան, Ռուսաստանը, ՀԱՀ-ը, Անգլիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Պորտուգալիան, Հնդկաստանը, Չինաստանը:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց, որ անցած տարի առաջին անգամ ՄԱԿ-ի հինգ մոդել խորհրդաժողով է անցկացվել Հայաստանում, և երիտասարդները կարողացել են տետեկանալ, թե ինչպես է գործում ՄԱԿ-ը:
«Մենք երկար մտածում էինք, թե ինչ հետաքրքիր թեմա կարող ենք ընտրել հայ երիտասարդների համար, և որոշեցինք ընտրել այնպիսի թեմա, որպեսզի երիտասարդները կարողանան ներկայացնել այլ երկրների տեսակետները»,- ասաց Դոցենկոն:
Խորհրդաժողովի կազմակերպման համար մեկամսյա նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունեցել, որպեսզի մասնակիցները կարողանան ներկայացնել տարբեր երկրների պատվիրակների տեսակետները:
«Այսօր անվանգության խորհրուրդն ենք մոդելավորում, մասնակիցներն իրավունք չունեն հայկական դիրքորոշում ներկայացնել, պետք է նախապես ուսումնասիրված լինի, թե տվյալ երկիրն ինչ դիրքորոշում ունի և ըստ այդմ հանդես գա ելույթով»,- ասաց ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գրիգորյանը:
Մոդել խորհրդաժողովին ներկա ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Վահրամ Կաջոյանը ողջունեց մասնակիցներին և նշեց. «Հայաստանը ՄԱԿ-ի մեծ ընտանիքի անդամներից մեկն է: Հուսանք, որ մի օր Լեռնային Ղարաբաղը ևս կդառնա ՄԱԿ-ի անդամ պետություն: Հուսանք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն երկկողմ, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստիպված չի լինի այս հարցը բարձրացնել իր խորհրդաժողովներում»:
Խորհրդաժողովը կտևի շուրջ 8 ժամ: Վերջում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակից-երիտասարդները հայ-թուրքական հարաբերությունների և սահմանի բացման հարցերի շուրջ կընդունեն համապատասխան բանաձևեր:

No comments: