Tuesday, February 1, 2011

Գյոքսել Գյուլբեյ. Կարսի հուշարձանը կառուցվել է հայերին հաճոյանալու համար

Panorama.am. 1-2-2011- Իգդիրի «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIM-DER) հորջորջվող կազմակերպությունն իր բացասական վերաբերմունքն է հայտնել Կարսի «Մարդկության հուշարձանի» հանդեպ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «ihlassondakika» լրատվական կայքը:
«Մենք դեռ 2006 թվականին էինք հայտնել մեր բողոքը և պահանջել քանդել այս հուշարձանը, բայց, այդուամենայնիվ, այն կառուցվեց ու կանգնեցվեց»,-հայտարարել է կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Գյուլբեյի խոսքով, հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալով, փոխվել է: Ըստ Գյուլբեյի` հուշարձանը կառուցվել է ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման:
«Հայերին հաճոյանալու համար են այս հուշարձանը կառուցել»,- նշել է Գյուլբեյը և ավելացրել, որ հուշարձանը տեղադրվել է հայկական թաղամասում, որպեսզի մտածելու տեղիք տա:

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող վերոնշյալ հուշարձանը ստեղծվել է Կարսի քաղաքապետարանի պատվերով: Հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է ապամոնտաժել Կարսում տեղադրված «Մարդկության հուշարձանը»` այն անվանելով հրեշավոր և այլանդակ:

No comments: