Saturday, February 26, 2011

Hurriyet Daily. ««Մեկ ազգ, երկու պետություն» ռոմանտիկ կարգախոսի ժամանակաշրջանն ավարտվել է»

Panorama.am. 25-2-2011- «Թուրքիայի քաղաքական գործիչները, խոշոր գործարարները, քաղաքագետներն ու վերլուծաբանները շարունակում են դիտարկել Ադրբեջանը որպես Թուրքիայի Հանրապետության մի հատված, այնինչ Ադրբեջանն իր էթնիկ և մշակութային առանձնահատկություններն ունի և խիստ տարբերվում է Թուրքիայից»,-գրում է թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը` կրկին փորձելով վերլուծել, թե ինչպես պատահեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձևավորումից ի վեր և ապա սկանդալային հայտնի «Wikileaks» կայքի մի շարք բացահայտումների արդյունքում` Թուրքիայի և Ադրբեջանի «եղբայրական հարաբերությունները» խարխլվեցին:

«Hurriyet Daily News»-ը գրում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերն Ադրբեջանում ընկալեցին որպես քաղաքական մեծամտություն, իրենց մեկնաբանությամբ` Թուրքիան ակնկալում էր, որ Ադրբեջանը պետք է կուրորեն հետևեր թուրքական իշխանությունների կողմից ընդունված ցանկացած որոշման: Արդյունքում` Ադրբեջանն իր գազը Ռուսաստանին վաճառելու պայմանագիր կնքեց` ցույց տալու համար Թուրքիային, որ ինքն ավելի լավ այլընտրանք ունի:

Միևնույն ժամանակ պարբերականը նկատում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անջրպետն էլ ավելի է խորանում` ելնելով այս երկու երկրներում տիրող քաղաքական ռեժիմների տարբերությունից. «Ադրբեջանի կառավարությունը գնալով կորցնում է բազմակարծության հանդեպ իր հանդուրժողականությունը. վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ադրբեջանական ընդդիմությունն ընդհանրապես չմտավ խորհրդարան, միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորն ուղղված է դեպի արևմուտք: Թուրքիայում հակառակ գործընթացն է. իշխանությունները փորձում են ավելի դեմոկրատական ռեժիմ հաստատել, սակայն քաղաքական վեկտորն ուղղված է դեպի իսլամական աշխարհ:

Ադրբեջանը շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ, այնինչ` Թուրքիան ավելի շատ հակված է դեպի Իրանը, որի հարաբերություններն Ադրբեջանի հետ օր օրի վատանում են»,-գրում է «Hurriyet Daily»-ին և եզրակացնում, որ վերջին ժամանակներում այս երկու պետությունների փոխհարաբերության վայրիվերումները ցույց տվեցին, որ «մեկ ազգ, երկու պետություն» ռոմանտիկ կարգախոսի ժամանակաշրջանը վաղուց արդեն ավարտվել է:

No comments: