Saturday, March 5, 2011

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

«Լրագիր» 5-3-2011- Ռուսաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհրդի քննարկման է ներկայացրել մարդու իրավունքների կոնցեպցիայի և այսպես կոչված ավանդական արժեքների` արժանապատվության, ազատության և պատասխանատվության կապի վերաբերյալ մի բանաձև: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ «մինչ մարդու իրավունքները ճանաչված են ողջ աշխարհում, դրանք ոչ բոլոր տեղերում են ընդունված: Կա ընկալման պակաս, որ մարդու իրավունքներն իրոք ունիվերսալ են: Առավել ևս, որոշ հասարակություններում մարդու իրավունքները դիտվում են որպես օտար կոնցեպցիա, որը պատկանում է աշխարհի միայն մի մասին և պարտադրվում է մյուս մասին»:
2009 թ սեպտեմբերին Մոսկվան նախաձեռնել էր նույնանման մի բանաձևի քննարկում: Արդեն այդ ժամանակ արևմտյան պետություններն արտահայտեցին իրենց անհամաձայնությունը: Նրանք ենթադրում են, որ Ռուսաստանը իրականում հակադրում է մարդու իրավունքներն ավանդական արժեքներին և հնարավորություն է տալիս կոնկրետ իրավունքները հարգելուց հրաժարվելը մեկնաբանել որպես ավանդական մշակութային արժեքների հարգում:

Ինչո՞վ չեն դուր գալիս մարդու իրավունքները Ռուսաստանին, որոնք հիմնված են ազատության և բացարձակ իրավահավասարության վրա: Ըստ ամենայնի, հենց իրավահավասարությունն է, որ առաջ է բերում Ռուսաստանի դժգոհությունը, որտեղ միշտ կան խմբավորումներ, որոնք ունեն «ավանդական» արտոնություններ` քաղաքական, տնտեսական, սոցիալական: Այդ արտոնություններն արդարացվում են հասարակության մեջ ավանդական հարաբերություններով` «բարի թագավորի» հոգեբանությամբ, կարողություն ունեցող մարդկանց սխալվելու իրավունքով օժտելով, իշխանության` «չափի մեջ ուտելու» “թույլտվությամբ”, տղամարդկանց հանդեպ հատուկ վերաբերմունքով և այլն: Համամարդկային իրավունքները ենթադրում են արտոնությունների բացարձակ բացակայություն, իսկ դա ընդհանրապես չի տեղավորվում ռուսական իշխանությունների հաշվարկներում ու պատկերացումներում:

Նման “ավանդույթներ” գոյություն ունեն նաև Հայաստանում, որտեղ կեղծ արժանապատվությամբ կարող են արդարացնել բռնությունը մարդու հանդեպ, որտեղ պատասխանատվությունը հակադրված է ազատությանը եւ չի հանդիսանում դրա շարունակությունը, որտեղ ընտանեկան հարաբերություններն անվանվում են քաղաքացիական, իսկ իրականում հիմնվում են խանդի, տղամարդկային արժանապատվության և կանացի հավատարմության ազգային “ավանդական” պատկերացումների վրա: Հայաստանում իրավահավասարությունը նույպես բավական հարաբերական է, և դա արտացոլվում է կյանքի բոլոր ոլորտներում:

Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ այստեղ մարդկանց գնահատում են ոչ թե հոգևոր արժանիքներով, քաղաքացիական ներդրմամբ և կամ էլ բնության շնորհածի մակարդակով, այլ իշխանության չափով, որը նա ձեռք է բերել, և իրավունքները բաշխվում են իշխանության ծավալին համապատասխան:

Արդյո՞ք Հայաստանը կաջակցի ՄԱԿ-ում Ռուաստանի բանաձևին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: