ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին ապրիլի 19-ին հաղորդեց «ԱՊԱ»-ն, սակայն առանց նշելու, թե ով է չեղյալ հայտարարողը: Այս հարցին էլ երեկ պատասխանեց Բաքվում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Թերի Դեյվիդսոնը: Վերջինս, կրկին «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Բաքվում հրավիրած ասուլիսի ժամանակ մասնավորապես ասել է. «Զորավարժությունները հետաձգելու որոշումը կայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հետեւաբար ճիշտ կլինի դիմեք հենց նախարարություն»: Դեյվիդսոնն, իհարկե, խոսել է «ամերիկա-ադրբեջանական ռազմական գործակցության բարձր մակարդակից, որ երկկողմ ծրագրերը դեռ պետք է շարունակվեն» եւ այլն:
Այս ամենից հետո ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Բաքվում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներից` Դեյվիդսոնը նշել է. «Մեր դեսպանատունը մեկ անգամ չէ, որ նշել է հավաքների ազատության եւ կամարտահայտության կարեւորության մասին: Մենք կարծում ենք, որ խաղաղ հանրահավաքները եւ խոսքի ազատությունը այն իրավունքի հիմքերից են, որով շարժվում են ժողովրդավարական հասարակություններում»: Ստացվում է` ամերիկացի պաշտոնյան ընդգծում է ադրբեջանական հասարակության ոչ ժողովրդավարական լինելը:
Ինչեւէ` Իլհամ Ալիեւը փաստորեն «չի կարողանում ներել» ԱՄՆ-ին` մեկ տարուց ավելի Բաքվում դեսպանի աթոռը թափուր թողնելու համար: Բացի դրանիցՙ հարեւան երկրում թերեւս էականորեն են զգում, որ ԼՂ հիմնահարցի բանակցություններում որեւէ գերտերություն, «արտասահմանյան ուժ» պարզապես ցանկություն չունի «ճնշում գործադրելու» Հայաստանի վրա: Միայն այս կերպ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած ամենամյա զեկույցների «ադրբեջանական մասի» պատճառով կարելի է հիմնավորել այն քաղաքական տոնը, որով Բաքուն խոսում է կոնկրետ Վաշինգտոնի հետ: Ի դեպ, ԱՄՆ-ում պետք է որ «ադրբեջանական ուժի» մասին հիմնավոր պատկերացումներ արդեն իսկ ունենային` հաշվի առնելով այն «ակտիվ մասնակցությունը», որ ունեցավ Բաքուն Արեւմուտքի համար այդքան կարեւոր հայ-թուրքական գործընթացում:
Հ. ԱՖՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment