Saturday, June 18, 2011

Մի դրվագ պատերազմից

«Լրագիր» 18-6-2011- Կազանում հունիսի 25-ին նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման նախօրեին բոլորը հույս են հայտնում, որ կլինի առաջընթաց Ղարաբաղի կարգավորման հարցում: Մյուս կողմից, կարգավորման այն տարբերակը, որ դրված է բանակցային սեղանին, եւ որը գաղտնազերծեց Հայկական ժամանակ օրաթերթը, ենթադրում է հայերի կողմից խիստ որոշակի տարածքային զիջումներ, հակառակ կողմից որեւէ զիջման բացակայության պարագայում:
Միաժամանակ, կրկին գործի է դրվել պատերազմի սպառնալիքը, եւ շատերը դա գնահատում են որպես հայերի վրա հոգեբանական ճնշում` այ, կլինի պատերազմ, Ադրբեջանը առավելություն ունի զորքի եւ զենքի քանակի տեսակետից, եւ այլն:
Ըստ այդմ, կարելի է հիշել Ղարաբաղյան առաջին պատերազմի դրվագներից մեկը, որը գրեթե չի հիշատակվում պատերազմից հետո գրված զանազան գրքերում: Նախապես ներողություն ենք հայտնում այն բանի համար, որ մեր շարադրանքը գուցե չի լինելու ժամանակագրության եւ դեպքերի շարադրման տեսանկյունից գիտականորեն ճշգրիտ, սակայն այս դեպքում էականը դա չէ:
Եւ այսպես, ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն փոքրիկ գյուղի ինքնապաշտպանությունը: Ադրբեջանական բանակը հսկայական հետեւակով եւ տասնյակից ավելի զրահատեխնիկայով հարձակվում է գյուղի վրա: Ադրբեջանցիների շարքերում էին նաեւ Աֆղանստանից ու Հյուսիսային Կովկասից գրոհայիններ:
Մաճկալաշենը գտնվում է հարթավայրային գոտում, չունի լեռնային հատվածի բնական ամրությունները: Այդտեղից ճանապարհ է բացվում դեպի Ղարաբաղի խորքերը: Գյուղը պաշտպանում էր մոտ երկու տասնյակ մարդ: Նրանք զինված էին միայն թեթեւ զենքերով եւ նռնակներով: Երբ ադրբեջանական զրահատեխնիկան անցնում է հարձակման, Մաճկալաշենի պաշտպանները պառկում են խրամատում եւ սպասում, որ տանկերն անցնեն խրամատի վրայով: Երբ տանկերն անցնում են, նրանք հետեւից նետում են նռնակները: Այդ օրը հայերը վերցնում են ադրբեջանական գրեթե ողջ զրահատեխնիկան, իսկ ադրբեջանական մոտ տասն անգամ գերազանցող հետեւակը դիմում է փախուստի:



Հեշտ է, չէ՞ ասելը` պառկել են տանկերի տակ, հետո նետել նռնակները: Մաճկալաշենի պաշտպանները սովորական գյուղացիներ էին, եւ ոչ թե պրոֆեսիոնալ դեսանտայիններ կամ գրոհայիններ:

Հետագայում, աֆղան ու հյուսիսկովկասցի վարձկաններին ղարաբաղյան բանակի մարտիկները ոչնչացրեցին կամ գերի վերցրին: Նաեւ արժանավայել վերաբերմունք ցուցաբերեցին` հյուսիսկովկասցի գրոհայինների դիակները վերադարձրին իրենց հարազատներին:

Ղարաբաղյան առաջին պատերազմը լի է նման դրվագներով: Դժվար թե հայ ժողովրդի “վառոդը սպառված լինի” այս ընթացքում, չնայած հայրենի իշխանությունների վարած հուսահատեցնող քաղաքականությանը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Այնպես որ, պետք չէ վախենալ սպառնալիքներից: Եւ պետք չէ ստորագրել թղթեր, որոնք նախանշում են հայ ժողովրդի պատմության ավարտն իր հայրենիքում: Պետք է ընդամենն ունենալ Մաճկալաշենի եւ հարյուրավոր այլ բնակավայրերի պաշտպանների ոգին ու արժանապատվությունը: Եւ հենց դա աշխարհը կհասկանա ու կգնահատի, եւ ոչ թե երեւանյան կաֆեներում հիմնավորվող “փոխզիջումը”:

No comments: