Saturday, June 18, 2011

Ի՞նչ պետք է անի Էրդողանը Աթաթուրքի կողքին տեղ զբաղեցնելու համար. The Economist–ի խորհուրդները

Tert.am. 18-6-2011- Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողքին իր տեղը զբաղեցնելու համար վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է անի երեք բան՝ հրաժարվի կառավարման նախագահական համակարգից, ստեղծի նոր սահմանադրություն և լուծի քրդական հարցը։ Այս մասին գրում է բրիտանական The Economist պարբերականը։
Անդրադառնալով Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ բրիտանական պարբերականը գրում է. «Ամեն դեպքում դա մեծ հաղթանակ է։ Հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքեց ձայների 50%-ը։ Սա իշխող կուսակցության արդեն երրորդ հաղթանակն է»։
The Economist–ն ընդգծում է, որ Թուրքիան մուսուլմանական աշխարհում «համարձակություն ներշնչող աշխարհիկ ժողովրդավարության օրինակ է»։
Վերլուծելով հետընտրական զարգացումները՝ բրիտանական պարբերականը գրում է, որ Թուրքիային դժվար օրեր են սպսվում հատկապես արտաքին քաղաքական դաշտում։
«Արտաքին քաղաքականությունում գործերն այնքան էլ հարթ չեն ընթանա։ Թուրքիան իր հարևան արաբական երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերում դրական քայլեր է արել։ Սակայն նրա սահմաններին հասած ժողովրդական հուզումները թուրքական դիվանագիտության համար բավականին դժվար փորձություն են լինելու։ Իսրայելի հետ հարաբերությունները սառնարանում են, իսկ Եվրամիության հետ բանակցային գործընթացը՝ խցանված։ Եթե Էրդողանն այս հարցերում նույնպես ցանկանում է առաջընթաց գրանցել, ապա պետք է ավելի շատ հակված լինի հաշտեցման»,– նշում է The Economist–ը։

Բրիտանական պարբերականը գրում է, որ Էրդողանի համար ամենամեծ երկու փորձությունները լինելու են նախ սահմանադրական փոփոխությունները, և երկրորդ՝ քրդական հիմնախնդրի կարգավորումը։

«Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ Էրդողանը երկու բան պետք է անի։ Առաջինը պետք է հրաժարվի Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնելու մտքից. դա վատ գաղափար է Թուրքիայի պես պետության համար։ Բացի այդ, ընդդիմադիր որևէ կուսակցություն իր հավանությունը չի տա այդ նախաձեռնությանը»,– գրում է The Economist–ը՝ ավելացնելով. «Երկրորդ փորձությունը քրդական հիմնախնդիրն է։ Պետք է նորից քայլեր ձեռնարկել Թուրքիայի ամենամեծ խնդիրը հանդիսացող 15 միլիոն քրդերի հետ կապված հարցերի լուծման համար։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան մտան «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող 36 պատգամավորներ։ Երկու տարի առաջ Էրդողանն սկել էր «քրդական նախաձեռնությունը», սակայն բանակի և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) միջև վերսկսված բախումների պատճառով նախաձեռնությունը մի կողմ դրվեց։ Էրդողանը, ով նոր Սահմանադրության ստեղծման համար զգալու է «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցության կարիքը, պետք է բռնություններին վերջ դրվելու դիմաց ավելի շատ իրավունքներ և լիազորություններ առաջարկի։ Դա կարող է նշանակել նաև Աբդուլլահ Օջալանի ազատ արձակում»։
«Էրդողանը, ով աչք ունի նախագահական աթոռի վրա, չորրորդ անգամ վարչապետ չի դառնալու։ Հիմնական մտածմունքը պատմության մեջ հետք թողնելն է։ Իսկ լիբերալ սահմանադրության ստեղծումն ու քրդական հիմնախնդրի վերջնական լուծումը կապահովեն Էրդողանի տեղը Աթաթուրքի, ժամանակակից Թուրքիայի ամենահայտնի դեմքերի կողքին»,– նշում է The Economist–ը։

No comments: