Saturday, July 23, 2011

Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏ ԶՈՀԱԲԵՐԵԼ ԱԼԻԵՎԸ

«ԱԶԳ», 22-07-2011- Որքան միջազգային հանրության կողմից ավելանում է ճնշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցող կողմերի վրա, այնքան առավել հակասական ու ծայրահեղական են դառնում Ադրբեջանից հնչող կարծիքները: Այնուամենայնիվ, իշխանության ներկայացուցիչների կողմից օրեցօր ակտիվացող ռազմական հռետորաբանությանը զուգահեռ այս երկրի փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որոնք ակնհայտ են դարձնում հետեւյալ հանգամանքը. ղարաբաղյան կարգավորման գործընթացում Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումը վաղուց արդեն դուրս է եկել ազգային շահերի պաշտպանության տրամաբանությունից: Ավելին, արեւելյան տիպի այս բռնապետությունում ազգային եւ իշխող վերնախավի շահերն այնքան կտրված են միմյանցից, որ թվում է, այդ վերնախավը ոչ միայն չի խորշում իր նպատակներին ծառայեցնել ազգային շահերը, այլեւ, հարկ եղած դեպքում, պատրաստ է զոհաբերել դրանք:
«Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ խոսել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորության մասին, երբ բանակցային գործընթացը դրական արդյունք չտա», օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ՙ ավելացնելով», չնայած այսօր Ադրբեջանին մեղադրում են ռազմական հռետորաբանության մեջ, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մենք իրավունք ունենք անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել օկուպացված տարածքների հետ կապված: Քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, այդ իրավունքը մերն է»:
Նշվածն Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ կիրառվող եւ վերջին շրջանում հատկապես ակտիվացած ուժի սպառնալիքի մեկ օրինակ է միայն: Բավական է հիշել փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, ինչո՞ւ ոչ, հենց Ալիեւիՙ միմյանց լրացնող հայտարարությունները...
Դժվար է պատկերացնել, թե որեւէ պատերազմ, որեւէ պարագայում կարող է բխել ինչ-որ ազգի շահերից եւ նախընտրելի լինել խաղաղ զարգացման հեռանկարից: Առավել եւս, երբ խոսքը մի երկրի մասին է, որը խաղաղ զարգացման եւ բարգավաճման բոլոր հնարավորություններն ունիՙ հաշվի առնելով իր բնական հարստություններն ու հակամարտության խաղաղ կարգավորման պարագայում իր աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորություններն առավելագույնս օգտագործելու հեռանկարը: Այնուամենայնիվ, ստեղծվում է տպավորություն, որ հնարավոր ռազմական գործողություններն առավել մեծ օգուտ են խոստանում նրանց, ում պատերազմը ֆիզիկապես որեւէ կերպ, ամենայն հավանականությամբ, չի առնչվի (Ադրբեջանի իշխող կլանի ներկայացուցիչները), եւ ովքեր կարող են պատերազմի «ընձեռած հնարավորություններից» նյութական հավելյալ շահույթ ունենալ:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ դեպքերի նման զարգացումը որեւէ կերպ չի կարող բխել ադրբեջանցի ժողովրդի շահերից: Ավելինՙ ադրբեջանական փորձագիտական շրջանակներից տեղեկատվության որոշակի արտահոսքը թույլ է տալիս ենթադրել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային ներկա փաթեթն առավել քան ընդունելի է Ադրբեջանի ժողովրդի համար:

Օրինակ, «Վրաստանը կցանկանար վերադարձնել Աբխազիան եւ Օսիան: Սակայն նա, այսպես ասած, հաշտվել է այն մտքի հետ, որ առաջիկայում այդ տարածքների «երեսը չի տեսնելու» եւ փորձում է առանց այդ տարածքների ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու Եվրոպային: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը 20 տարի շարունակ սառեցված հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չեն գրանցել, նրանք եւս որոշումներ են կայացնումՙ իրենց երկրների զարգացման համար նոր ուղիներ գտնելու նպատակով (առանց ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման)», հայտարարել էր ադրբեջանցի փորձագետ Զարդուշտ Ալիզադեն ՙ Regnum գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Որքան էլ տոտալիտար է Ադրբեջանն, այնուամենայնիվ փորձագիտական շրջանակներից հնչող նման կարծիքները թույլ են տալիս վերականգնել այս երկրում տիրող իրական պատկերն ու հասարակական տրամադրությունները: Փաստորեն, ադրբեջանցիներն իրենք խոստովանում են, որ պատրաստ են զարգացման ուղիներ փնտրել առանց Ղարաբաղի, ինչն էլ, փաստացի, անում են վերջին 20 տարիներին:
Այս պարագայում հարց է ծագում. ինչի՞ վրա են հիմնված Ալիեւի եւ նրա կլանի մյուս ներկայացուցիչների մաքսիմալիստական հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման հարցում: Մնում է ենթադրել, որ դրանց հիմքում անձնական անհեռատես հավակնություններն ու անձնական նեղ շահերին նույնիսկ սեփական ժողովրդի արյան գնով հետամուտ լինելու պատրաստակամությունն է:

No comments: