«ԱԶԳ», 05-10-2011- Վերջերս Բեռլինում Ադրբեջանի դեսպանը նամակով դիմել էր այդ երկրի ԱԳՆ` Հայաստանում Գերմանիայի դեսպանի արտահայտած «հակաադրբեջանական մտքերի առթիվ պարզաբանումներ ստանալու խնդրանքով»: Առիթն էլ այն էր, որ Երեւանում գերմանական դեսպանն ասել էր, որ «տպավորված է Հայաստանի անկախության 20-ամյակի զորահանդեսով, որից պարզ դարձավ, որ ագրեսիայի դեպքում Հայաստանը կարող է համարժեք պատասխան տալ»: Դեսպանը նաեւ ասել էր, որ «անթույլատրելի է, երբ Ադրբեջանի առաջնորդները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ են անում, ինչը չի կարելի ասել Հայաստանի վերաբերյալ»:Անկախ այն բանից, թե դեսպանի խոսքերում ինչ «հակաադրբեջանական մտքեր» է տեսել ադրբեջանական կողմը, Գերմանիայի ԱԳՆ-ն արել է հետեւյալ պարզաբանումը` ըստ ադրբեջանական մամուլի. «Մեջբերումները կոնտեքստից դուրս են բերվել եւ ճիշտ չեն հասկացվել (խոսքը հայկական լրատվամիջոցներում Գերմանիայի դեսպանի ելույթին արված հղումների մասին է- Վ. Ա.): Դեսպանը նկատի է ունեցել, որ Կովկասում իրավիճակը կայունացնելու եւ խաղաղ հանգուցալուծելու կարիք կա: Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Գերմանիան վարում է հավասարակշռված եւ հիմնավորված քաղաքականություն: Տեւական խաղաղության կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների հիման վրա: Դա մեզ համար ամենագլխավորն է»:
Ահա այսպիսի բովանդակությամբ պատասխան է ստացվել Ադրբեջանի ԱԳՆ-ում, ինչից այդ երկրի իշխանությունների տեսակետն արտահայտող լրատվամիջոցներն շտապել են եզրակացնել, որ «այդ կերպ հերթական անգամ բացահայտվել է հայկական ԶԼՄ-ների տարածած կեղծիքը»:
Թվում է, ամեն մի գրագետ մարդ, կարդալով Գերմանիայի ԱԳՆ-ի պատասխանը նույնիսկ այն տեսքով, ինչ ներկայացրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակը, կհամոզվի, որ պաշտոնական Բեռլինը ոչ թե հերքել, այլ, ընդհակառակը, բացահայտ հաստատել է Երեւանում իր դեսպանի հնչեցրած մտքերը: Ձեւակերպումները պարզապես մի փոքր ավելի նրբամշակված են: Դրանից, սակայն, այդ երկրի` որպես ԵՄ անդամի, դիրքորոշումը չի փոխվում. իրավիճակը Կովկասում ունի կայունացնելու կարիք, ԼՂ հարցը չունի ռազմական ճանապարհով լուծում, տեւական խաղաղության հասնելու համար պետք է բանակցությունների միջոցով գտնվի բոլոր կողմերին բավարարող լուծում:
Նույն բանն ասել է Երեւանում Գերմանիայի դեսպանը: Եվ եթե դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն «հակաադրբեջանականություն» է տեսել, ապա դա արդեն իր խնդիրն է: Այդ կերպ պաշտոնական Բաքուն կարող է «հակաադրբեջանականություն» տեսնել նաեւ ԵՄ-ի արեւելյան գործընկերության գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում, որտեղ նույնպես ասված է, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների արդյունքում` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա:
Զարմանալին այն է, որ հակամարտության խաղաղ կարգավորման հորդորներն Ադրբեջանի իշխող վերնախավը դիտում է որպես «հակաադրբեջանական միտք»: Բայց չէ՞ որ դա ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված պարտականություն է, որ ստանձնել է նաեւ Ադրբեջանը` միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությանն անդամակցելիս: Պարզապես իրավաքաղաքական նոնսես է, երբ նման երկիրը, չհարգելով պարտավորությունները եւ փաստորեն գործելով ի հակակշիռ ՄԱԿ-ի կանոնադրության, հավակնում է լինել այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Եվ դեռ գտնվում են երկրներ, որ այդ հարցում նրան աջակցություն են ցուցաբերում: Չի՞ հեղինակազրկվում դրանով Միավորված ազգերի կազմակերպությունը: Ինչպե՞ս կարելի է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի լիազորություններով օժտել մի երկրի, որի ԱԳՆ-ն չի կարողանում «ճիշտ կարդալ» դիվանագիտական նամակը եւ խաղաղության հասնելու կոչը համարում է «հակաադրբեջանական միտք»: Ադրբեջանի օգտին քվեարկել պատրաստվող ամեն մի երկիր պետք է իրեն հաշիվ տա, որ դրանով իսկ ընդունում է միջազգային խաղաղությունը վտանգելու իր բաժին պատասխանատվությունը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment