Wednesday, October 5, 2011

ԼՂՀ վարչապետ. Հիմնախնդրի վերջնական կարգավորման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու

Panorama.am. 5-10-2011- ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Ժոզեֆ Սիմիթյանին, ով Արցախում էր գտնվում ճանաչողական այցով: Ողջունելով հայրենակից սենատորին` վարչապետը նշել է, որ ամերիկացի հայ բարեկամները էական օգնություն են ցուցաբերում արցախյան դատի պաշտպանության գործում:
Հյուրի խնդրանքով Ա. Հարությունյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին և հեռանկարին: Վարչապետի խոսքով` Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի բանակցությունների շարունակման և մեր տարածաշրջանում խաղաղության պաշտպանման խնդրում:
«Հիմնախնդրի վերջնական կարգավորման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը:

Խոսելով ԼՂՀ հետագա զարգացման մասին` Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ Արցախում տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար:
Ժ.Սիմիթյանը վարչապետին է փոխանցել Արցախից ստացած առաջին տպավորությունները՝ շեշտելով, որ ժողովուրդը վճռական է իր ազգային նպատակներում` չնայած առկա դժվարություններին:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

No comments: