Wednesday, October 5, 2011

Գերմանիայի դեսպանը կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնախումբը հայտարարություն է տարածել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի՝ վերջերս արած հայտարարության առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացվում է ստորև.
«1. Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը վերջերս «Սիվիլիթաս» կազմակերպությունում իր՝ դեսպանի կարգավիճակին անհարիր արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի ընդդիմության, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Երեկ էլ նա հանդես է եկել մի նոր հայտարարությամբ, որում ոչ միայն կրկնում է նույն արտահայտությունները, այլև պնդում է, որ ճիշտ է վարվել։
2. Կոնգրեսն առաջին դեպքից հետո զերծ էր մնացել այդ կապակցությամբ որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ դա համարելով դեսպանի կողմից մի մարդկային պատահական պարզ սայթաքում, ուշադրության անարժան փաստ։ Սակայն դեսպանի համառությունը ցույց է տալիս, որ դա պատահականություն չէ, այլ միտում, ինչը տվյալ դեպքում դուրս է գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից։ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում ոչ մի օտարերկրյա դեսպան այդօրինակ հրապարակային պահվածք չի դրսևորել։
3. Ակնհայտ է ևս մի հանգամանք. դեսպանի քննադատությունը զարմանալիորեն միակողմանի է՝ ուղղված միայն ընդդիմության և նրա առաջնորդի դեմ։ Նա երբեք հրապարակային քննադատության չի ենթարկել Հայաստանի իշխանություններին, ավելին երբևէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ, ինչը, արդեն, իրոք դեսպանի կոչումն ու պարտականությունն է։
4. Գերմանիայի դեսպանի այս արտառոց պահվածքը մենք համարում ենք կոպտագույն միջամտություն Հայաստանի ներքին գործերին և բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին։ Այս փաստի վրա հրավիրում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ուշադրությունը։ Վստահ ենք, որ դեսպանի պահվածքը չի արտահայտում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը և թելադրված է այլ դրդապատճառներով»։

No comments: