Thursday, January 12, 2012

Քըլըչդարօղլու. Թուրքիան մամուլի և դատաիրավական համակարգի անազատության երկիր է

Panorama.am. 11-1-2012- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (/ԺՀԿ-CHP/ 135 պատգամավորական աթոռ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Իտալիայում լույս տեսնող «Limes» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան մամուլի ու դատաիրավական համակարգի անազատության երկիր է, որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության` ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ իր աշխարհաքաղաքական նշանակության շնորհիվ Թուրքիան կարող է դառնալ միջազգային լուրջ խաղացող: «Թուրքիան կարող է ներդրում ունենալ տարածաշրջանի հակամարտությունների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման գործում: Թուրքիայի հիմնական ծառայությունը դա պետք է լինի, բայց առկա իրավիճակը ցույց է տալիս, որ Թուրքիան դժվարանում է տարածաշրջանի տարաձայնությունները հարթելիս. Սիրիայի հետ լուրջ առճակատում կա, նույնը և` Իսրայելի դեպքում: Սահմանային խնդիրների պատճառով բավական մտահոգիչ են հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ: Թուրքախոս երկրների հետ ձեռք բերվող համաձայնագրերում Անկարայի նախաձեռնողականությունը ծայրաստիճան նվազ է»: Քըլըչդարօղլուն նաև համոզմունք է հայտնել, որ Անկարայի արտաքին քաղաքականությունն ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից: Ըստ նրա` Մերձավոր Արևելքը էներգակիրների տեսանկյունից հարուստ տարածաշրջան է, և մեծ խաղացողներն իրենց գերիշխան ազդեցությունը հաստատելու համար օգտագործում են Թուրքիային:

No comments: