Saturday, January 21, 2012

Քեմալ Քըլըչդարօղլուն զանգահարել եւ ցավակցել է Դինքի կնոջը

News।am. 21-1-2012- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ զանգահարել է Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքին։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ թուրք կուսակցապետը հեռախոսազրույցի ընթացքում ասել է. «Ձեր ցավերը շատ մեծ են։ Գիտեմ, որ իշխող կուսակցության ենթակա դատական համակարգի որոշումը Ձեր ցավը կրկնապատեց»։ Նշենք, որ Քըլըչդարօղլուն խիստ քննադատել էր Դինքի սպանության գործով կայացված վճիռը՝ շեշտելով, թե թե անվճար ուսում պահանջող ուսանողներին դատում են կազմակերպված հանցախմբի անդամ լինելու մեղադրանքով, իսկ Դինքին սպանողների համար նշեցին, թե նրանք հանցախմբի անդամներ չեն եւ միայնակ են գործել։ «Սա է «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության արդարադատությունը»,-ասել է Քըլըչդարօղլուն։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել: Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։

No comments: