Saturday, January 21, 2012

Սարգսյանը հանդուրժո՞ւմ է «տղամարդ» որոնողներին»

«Լրագիր» 20-1-2012- ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսում փնտրում է «տղամարդու», ով Չարենցավանում իր հետ մեծամասնական ընտրակարգով կարող է պայքարել խորհրդարանի տեղի համար: Վարդան Այվազյանն անկասկած ապարդյուն կավարտի իր որոնումները, որովհետեւ թե Կոնգրեսում, թե որեւէ այլ ընդդիմադիր կուսակցությունում հազիվ թե գտնվի մեկը, ով կարողանա մեծամասնական ընտրակարգով պայքար մղել հանքատեր Վարդան Այվազյանի դեմ: Այդքան փող ընդդիմություն մեջ թերեւս որեւէ մեկը չունի: Բայց այստեղ իհարկե գլխավոր հարցը փողը չէ: Գլխավոր հարցը մտածողությունն է, որ դրսեւորվում է «տղամարդ» որոնելով: Ժամանակին «տղամարդ» էր որոնում նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այդ որոնումներն ավարտվեցին նրանով, որ հայաստանցի տասը տղամարդիկ՝ հայրեր, կամ ապագա հայրեր, իրենց կյանքին հրաժեշտ տվեցին մարտի 1-ի ողբերգության ժամանակ: Հիմա «տղամարդ» է որոնում Վարդան Այվազյանը: Բարեբախտաբար նա Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, բայց նախագահի կուսակից է: Այն նախագահի, ով խոսում է բարեփոխումների, նոր մտածողության մասին, ով խոսում է այն մասին, որ խորհրդարանի ընտրությունն իշխանության համար կռիվ չէ, ով ՀՀԿ քսանամյակին հայտարարում էր, թե անհրաժեշտաբար փոխվելու ժամանակն է, եւ դա պետք է սկսեն հենց իրենցից: Ըստ երեւույթին, Վարդան Այվազյանը Սերժ Սարգսյանի թե ամանորյա ուղերձն է բաց թողել, թե ՀՀԿ քսանամյակի ելույթը, այլապես ասուլիսի ընթացքում հազիվ թե համարձակվեր հայտարարել, որ «տղամարդ» է որոնում Չարենցավանում մեծամասնականով իր դեմ դուրս գալու համար: Վարդան Այվազյանը երեւի թե ընդհանրապես Սերժ Սարգսյանին չի լսում եւ ցանկություն էլ չունի լսելու, փոխարենը կարծես թե բառ առ բառ հիշում է Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Սերժ Սարգսյանը լսու՞մ է Վարդան Այվազյանին: Սերժ Սարգսյանը լսու՞մ է, թե նա ինչպես է «տղամարդ» որոնում: Եթե լսում է, ապա ինչ է մտածում: Միթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ կարելի է ելույթներ ունենալ բարեփոխումների եւ «անհրաժեշտաբար փոխվելու» մասին, բայց կուսակցության ներսում հանդուրժել «տղամարդ» որոնողներին: Միթե Սերժ Սարգսյանը մտածում է, թե հասարակությունը իր ելույթները լսելիս չի մտածում եւ դրանք չի համադրում իրականության, իր կուսակիցների ելույթների եւ մտածողության, հրապարակային վարքուբարքի հետ: Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը ասում է այն, ինչ մտածում է, ապա Վարդան Այվազյանն ու նրան «սերնդի» եւ «քաշային կատեգորիայի» ներկայացուցիչները երեւի թե ոչ թե «տղամարդ», այլ մի հարմար աշխատանք պետք է փնտրեին ընտանիք պահելու համար: Բայց այսօր այդ մարդիկ «տղամարդ» են փնտրում, իրենց սեփական հանքերում օգտակար հանածոներ են փնտրում ու վաճառում, հետո փնտրում են նորանոր զվարճանքներ, իհարկե մեկ մեկ կազինոներում գեներալների են պատահում՝ որոնց չեն փնտրել, բայց ընդհանուր առմամբ գոհ են կյանքից: Իսկ եթե ինչ որ բան էլ այնպես չէ, ապա իրենք ինչ մեղք ունեն, թող Սերժ Սարգսյանը ելույթի տեքստերը փոխի, իրենք հո դրա մասին չեն մտածելու: Մտածու՞մ է արդյոք Սերժ Սարգսյանը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: