Friday, January 20, 2012

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ. Դինքի սպանությունից հինգ տարի անց արդարադատություն ձեռք չի բերվել

News.am. 20-1-2012- Ազատ մամուլի հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հունվարի 19-ին թուրք լրագրող Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ավելին անեն լրագրողների պաշտպանության եւ նրանց վրա հարձակվողներին պատժելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ-ի կայքը: Նշենք, որ հունվարի 19-ին լրացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5 տարին: «Ինչպես ցույց է տալիս դատարանի վճիռը, նույնիսկ Դինքի սպանությունից հինգ տարի անց, արդարադատություն այդպես էլ ձեռք չի բերվել: Եթե լրագրողների հանդեպ բռնությունը չի պատժվում, ապա դա ազդակ է ուղարկում հասարակությանը, որը նման հանցագործություններին համբերատար են վերաբերվում»,-ասել է Միյատովիչը: Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Յասին Հայալին մեղավոր էր ճանաչել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ եւ դատապարտել ցմահ բանտարկության: Հանցագործության մասնակիցներից Էրհան Թունջելը դատապարտվել է 10 տարի 6 ամսվա բանտարկության` Mc Donald’s-ում պայթյունի համար: Սակայն դատարանը նրան ազատելու որոշում է կայացրել: Մյուս 19 ամբաստանյալների վրայից հանվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքները եւ արդարացրել:

No comments: