Friday, January 20, 2012

Երեւանը պատասխանել է Պուտինին

«Լրագիր» 20-1-2012- Ինչպես հայտնի է դարձել Ազգային անվտանգության խորհրդի տարածած տեղեկատվությունից, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 19-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջանան Ատիլգանին, որի հետ քննարկված հարցերի թվում է եղել նաեւ մոտ ապագայում Երեւանում “Կովկաս-Եվրոպա” միջազգային քաղաքական ակումբ հիմնելու հեռանկարը: Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի եւ մասնավորապես դրա քարտուղարի քաղաքական գործունեությունն ինքնին թերեւս մեղմ ասած քիչ ուշադրության է արժանի, սակայն լինում են պահեր, երբ այդ գործունեությունը կարող է տեղավորվել ուշագրավ համատեքստում եւ ներկայացնել որոշակի հետաքրքրություն: Տվյալ իրադարձությունը կարծես թե դրանցից է, նկատի ունենալով այն, որ նույն օրն ավելի վաղ հայտնի դարձավ նաեւ Հայաստանում մեկ այլ ակումբի՝ “Պուտին” ակումբի ստեղման մասին, որի նախաձեռնողն է ինչ որ Անդրանիկ Նիկողոսյան՝ “ԱՊՀ երիտասարդական միություն” կազմակերպությունից: Այդ Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել է, որ Հայաստանից մի խումբ երիտասարդներ ներկայացրել են այդ ակումբի ստեղծման պահանջարկը, ինչին էլ իրենք ընդառաջում են: Ահա այդ ակումբի ստեղծման ֆոնին էլ հետաքրքրական է դառնում ԱԽ քարտուղարի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հանդիպումն ու դրա ընթացքում “Կովկաս-Եվրոպա” միջազգային քաղաքական ակումբի ստեղծման հարցի քննարկումը: Առկա համատեքստում, դա կարելի է համարել պաշտոնական Երեւանի պատասխանը “Պուտին” ակումբի ստեղծմանը: Ըստ երեւույթին, Երեւանը դեռ հեռու է Պուտինի անվան քայլերի հանդեպ դժգոհ վերաբերմունքի հրապարակային արտահայտությունից եւ ընդամենը կարողանում է հակակշռել դրանք այդօրինակ գործողություն-մեսիջներով, ի դեմս “Կովկաս-Եվրոպա” ակումբի: Դա էլ իհարկե վատ չէ, առավել եւս եթե նկատի առնենք, որ պաշտոնական մակարդակով իհարկե դժվար է դեմ արտահայտվել գոնե դե յուրե մակարդակում ոչ պաշտոնական, հասարակական մի նախաձեռնության, ինչպիսին “Պուտին” ակուբի ստեղծումը: Այսինքն, “Կովկաս-Եվրոպա՞ ակումբի մասին քննարկումը թերեւս կարելի է համարել օպտիմալ-համարժեքությամբ անհրաժեշտ պատասխան Պուտինին, որ տալիս է պաշտոնական Երեւանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: