Saturday, February 18, 2012

Կյանքը դժգոհող-կասկածող-վիճարկողն է փոխում

Մեր զրուցակիցն է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը -Պարոն Պասկևիչյան, խոսակցություններ կան, որ այս անգամ ԱԺ-ում կլինեն նաև լրագրողներ: Արդյոք հնարավոր կլինի՞ նրանց միջոցով փոփոխություններ իրականացնել երկրում և խորհրդարանում: -Փառք Աստծո, արգելք չկա։ Տարիքային ցենզը չհաշված՝ Սահմանադրությունը ոչ մեկին չի արգելում պատգամավոր դառնալ, և դա լավ է։ Մնացածը կորոշի ընտրողը, եթե ազատ ընտրության հնարավորություն ունենա։ Ընդհանրապես, լավ կլիներ, որ օրինաստեղծ աշխատանքը դառնար մասնագիտություն և ուսուցանվեր մագիստրատուրայի մակարդակում։ Սա գուցե չեզոքացներ օրենք գրել-կարդալ չիմացող շատերի հավակնությունները եւ հակառակը՝ ստիպեր ոմանց՝ 40-60 տարեկանի միջակայքում հանկարծ կամ վերստին կրթություն ստանալ։ -Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական պրոցեսները: Բռնի ուժի կիրառում նորից կլինի՞: -Բռնի ուժի կիրառում կլինի, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, բայց իշխանությունների նպատակը խաղաղ ու աննկատ կեղծելն է, ինչը տեսանք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Հիմա կասեն՝ նորմալ ընտրություններ էլ ենք անում, դժգոհ են մնում։ Նորմալ ընտրությունները միայն տեսանելի արդյունքը չէ, այլ արդյունքի և հասարակական իրական (չաղավաղված) պահանջի համապատասխանությունը։ Օրինակը բերեմ նորից Հրազդանից։ Քաղաքապետարանի վեբ կայքը բացում ես, անցած 10 տարում արված ոչ մի գործ չի երևում։ Կայքը PR-ի գործիք է, դրանում գոնե պետք է երևար, չէ՞։ Գործող քաղաքապետի նախընտրական հարցազրույցները կարդում ես, իր ամենօրյա պարտականությունների մի փոքր մասի թվարկումից բացի ուրիշ բան չկա։ Եթե ժողովուրդն իսկապես ընտրում է այդ մարդուն, ուրեմն կորցրել է ընտրելու ունակությունը։ Ես չեմ հավատում, որ ժողովուրդը կարող է կորցնել այդ ունակությունը, հետեւաբար վստահ եմ, որ իշխանությունները շարունակում են կեղծել։ -Կարծիք կա, որ այս ընտրությունները տարբեր կլինեն, և Կոնգրեսը որոշակի տոկոս կհավաքի և ի վերջո խորհրդարան կմտնի: -Գիտե՞ք, խնդիրը Հայ ազգային կոնգրեսի ԱԺ մտնել-չմտնելը չէ։ Եթե որեւէ ուժի գերխնդիրը դա է լինում, նա անպայման մտնում է ուր որ պետք է։ Խնդիրը արժեքային այլ համակարգի եւ դրա բազայի ներկայացումն է։ Նորից դառնալով Հրազդանի ընտրություններին՝ ասեմ, որ, թեեւ Սասուն Միքայելյանը քաղաքապետ չդարձավ, բայց շատ կարեւոր մի բան պարզվեց։ Պարզվեց, որ ՀԱԿ-ի կողմից ներկայացվող արժեքային այլ համակարգի բազան բավական մեծ է։ -Շատերն էլ ասում են, թե դա ոչ թե ՀԱԿ-ի կողմնակիցներն են, այլ իշխանություններից դժգոհողները։ -Դրանք, ըստ էության, նույնն են։ Եթե իշխանությունները լավ աշխատեին, իսկապես կատարեին իրենց գործառույթները, ՀԱԿ-ը գուցե կողմնակիցներ չունենար կամ իշխանության և ընդդիմության կողմնակիցների տեսակետները բախվեին, ասենք, հղիության արհեստական ընդհատման հարցով։ Հիմա դրանք իսկապես նույնն են, որովհետև փոփոխությունների պահանջ դնելուց առաջ պետք է ձևակերպած ունենաս դժգոհությունդ։ Մեզ անընդհատ փորձել են համոզել, որ էդ դժգոհները վատ մարդիկ են, որ դժգոհությունը ցածր մակարդակի, ստամոքսային մտածողության արդյունք է և այլն եւ այլն։ Հակառակը՝ եթե մարդը չի դժգոհում, չի կասկածում, չի վիճարկում, նա դադարում է հասարակական էակ լինելուց։ -Բայց Հայաստանի բնակչության մեծ մասը… -Այո, չի դժգոհում, չի կասկածում, չի վիճարկում։ Իշխանությունն էլ ի՛ր բազան պետք է ունենա, չէ՞։ Իշխանության բազան քաղքենությունն է։ 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», նա հենց մելիքապատկան ինչ-որ զանգված էր պատկերացնում, որը հետսովետական Հայաստանում տեխնիչըսկի և գումանիտառնի ինծելիգենցիայից հունցված մի խմոր էր։ Այս խմորը միշտ զգալի ազդեցություն է ունեցել, բացառությամբ 1990-94 թվականների, երբ դրա կարկառուն ներկայացուցիչները պատերազմից խույս տալու համար մկան ծակը 1000 թումանով էին առնում։ -Ձեր նշած տեխնիկական և հումանիտար մտավորականության խավերը փոքրաթիվ չե՞ն իշխանության բազա լինելու համար։ -Քաղքենությունը թվով ու քանակով չի հաշվվում։ Քաղքենությունն ավելի շուտ իրավիճակ է, որի մեջ ժամանակ առ ժամանակ եւ ես, եւ Դուք կարող ենք հայտնվել։ Երբ Քոչարյանը 1998-ին ընտրությունները կեղծելով նախագահ դարձավ, նրա բազան մեծ չէր։ Հակառակը՝ կար դժգոհների, կասկածողների եւ վիճարկողների մի մեծ զանգված, որը Կարեն Դեմիրճյանի հետ էր։ Դա էլ հետագայում դարձավ «Միասնություն» դաշինքի բազան։ Այս բազան Քոչարյանը «լուծարեց» հոկտեմբերի 27-ով, եւ դրա հաշվին քաղքենությունն ուռճացավ։ Ուժ կիրառելուց բացի՝ Քոչարյանը քաղքենությունն ուռճացնելու այլ ձեւեր էլ ուներ, որոնք, ի դեպ, ժառանգաբար անցել են Սերժ Սարգսյանին՝ ցույց տալ, որ ղեկավարի մտավոր ու բարոյական հատկանիշները կարող են չտարբերվել հանրության միջինացված հատկանիշներից։ Մարդկանց համար, գիտե՞ք, դա շատ հարմարավետ է, բայց գալիս է մի պահ, երբ դժգոհելու, կասկածելու եւ վիճարկելու բնական մղումը զարթնում է։ Դա եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո։ Ես առավել քան վստահ եմ, որ 2008-ին ժողովուրդը հաղթել էր, քաղքենությունն էլ՝ պարտվել։ Աքսիոմատիկ այս ճշմարտությունը, դժբախտաբար, հաստատված է Մարտի 1-ի ոճրագործությամբ։ -Այսինքն՝ Մարտի 1-ը փոխե՞ց ուժերի դասավորությունը։ -Ոչ միանգամից, աստիճանաբար փոխեց։ Դրանում մեծ դեր խաղացին քաղբանտարկյալների առկայությունը, ոստիկանական, հարկային, վարչական տեռորն ու մյուս անօրինությունները, որոնք մեծացնում էին կոմֆորտի արժեքը։ Բայց քանի որ Մարտի 1-ից հետո շարժումը չդադարեց, ղեկավարները չընկճվեցին ու չհոգնեցին, Հայ ազգային կոնգրեսի հետ մնաց հավատարիմ դժգոհների, կասկածողների ու վիճարկողների ստվար մի զանգված, որն այսօր ի զորու է ԱԺ-ում փոխելու ուժերի դասավորությունն ու մթնոլորտը։ Սիրանույշ Պապյան «Լրագիր» 18-2-2012.

No comments: