Monday, June 11, 2012

Տեսակների պատերազմ

«Լրագիր» 10-6-2012- Մեր երկրի այսօրվա հասարակական− ազգային կյանքի առանցքը բախումն է՝ մարդկային էության բարձր (ազնվություն, մարդասիրություն, արդարամտություն, ճշմարտասիրություն) և ցածր (ընչաքաղցություն, նյութապաշտություն, իշխանատենչություն, փառասիրություն) որակների միջև: Յուրաքանչյուրի մեջ առկա են թե մեկ, թե մյուս տիպի մղումները, և մարդուն շնորհված կամքի ազատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրությունը, թե որ որակների համապատասխան է ինքն ապրում: Եթե ամեն հարյուր հոգուց մի քանի տասնյակ որոշում է ապրել նվաստ որակներով, ապա կյանքը փոխակերպվում է պատերազմի՝ բոլորը բոլորի դեմ, և համատարած բզկտվածությունն է տիրում հասարակության մեջ: Հարյուրից մեկը դառնում է ունևոր, իննսունինը՝ օրվա հացը տառապանքներով հայթայթող, պանդուխտ, իր ամեն օրն անասելի անհուսության մեջ լուսացնող: Եթե մի հոգի ընտրում է բարձր մարդու կյանքը, թեև կրում է հալածանքներ, անգամ զոհ դառնում, ապա հույս է ներշնչում բոլորին, առաջին հերթին անապահով կյանքով ապրող անհաջողակներին, որ եթե այսպիսի մարդիկ կան, մի օր մի բան աշխարհում կփոխվի: «Հայրենապաշտպան մարտի իսկական, եզակի նվիրյալներից մեկը, ով ամեն ինչ արեց հաղթանակի համար, նվիրաբերեց ընտանիք, առողջություն, ամենակարևորը, կռվից հետո մնաց մարդ և հավատարիմ ինքն իրեն»: «Նրանցից են կազմվում մեր բանակի լավագույն հրամանատարները, և այդ հրամանատարների ղեկավարած զորամասերն են մեր բանակի իրական մարտական ոգու կրողները: Այդ հրամանատարները կռիվ են տալիս բանակի թիվ 1 թշնամու` կաշառակերության և անօրինականության դեմ և որոշ դեպքերում, ուժերի անհավասարության պայմաններում, դառնում են զոհ»: Արցախի ինքնապաշպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի այս խոսքերը վերաբերում են Խաչիկ Ավետիսյանին, ով 1988–94թթ–ին Արցախյան հերոսամարտի մասնակից է, մարտական խաչի ասպետ, ձերբակալվել է Վոլսկու կոմիտեի կողմից: Զինադադարից հետո մնացել է ծառայության նորաթուխ հայկական բանակում, գործընկերների հետ միասին կառուցել հետախուզական ստորաբաժանումներ, ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիայի հետախուզական բաժանմունքը, Գերմանիայի «Միջազգային անվտանգություն համագործակցության» դասընթացը և մինչև վերջերս ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այժմ փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ, որի հանգամանաքները հենց ինքն է բացահայտել, որի մասին հենց ինքն է զեկուցել իր վերադասին, բայց այժմ դատարանում հանդես է գալիս որպես մեղադրյալ: Մեր ընթերցողները, սովոր լինելով այսօրինակ տեղեկատվության, այսպիսի դեպքերի մասին իմանալիս հաճախ միայն կամ հուսահատական տոնայնությամբ ասում են` երկիրը երկիր չէ, այսպիսին է մեր այսօրվա իրականությունը, կամ էլ նույնքան հուսահատականորեն գոռում են, թե պետք է խստագույնս պատժել մեղավորներին, որպեսզի մեր երկիրը երկիր դառնա: Կատաղի մերժողականությունը, աջ ու ձախ ամենքին ու ամեն ինչ սևացնելը նույնպես հուսահատության և անարժանապատիվ տեսակի վիճակ է, որը հիմա նորաձև է, նորելուկ գործիչների ոճն է դարձել: Բանն այն է, որ մեզանում կան պաշտոնյաներ, քաղծառայողներ, «բարձրակարգ մասնագետներ», որոնք կյանքի երևույթների նկատմամբ վերաբերմունքով ու մեկնաբանություններով, իրենց ըմբռնումներով ու հայացքներով գրեթե չեն տարբերվում հասարակության տականքից: Այդպիսիք կան մանկավարժների, դատավորների, ոստիկանների ու զինվորականների, ծրագրավորողների, լրագրողների, ակադեմիկոսների շրջանում: Ազատամարտիկի կոչմանն անարժան կամ այդ կոչմանը դավաճանած անձինքն եղել են նաև Արցախյան հերոսամարտի մասնակիցների շրջանում: Մեր ժողովրդի մեջ տարածված այն համոզվածությունը, թե հասարակական հիմնահարցերը կարելի է լուծել ճիշտ օրենքներ գրելով և պատժամիջոցներ կիրառելով, կամ, օրինակ, այն տեսակետը, որ արդարադատության, առողջապահության կրթական համակարգի աշխատողների աշխատավարձերն էապես բարձրացնելով, կարելի է հասնել կտրուկ բարելավումների, մեզ միայն շեղում են խնդիրների արմատական լուծման ճանապարհից: Որևիցե երկրի վիճակը որոշում են ոչ այնքան լավ ու վատ օրենքները, որքան այդ երկրի քաղաքացիների` լավի և վատի, բարու և չարի, արդարի և անարդարի մասին համոզմունքները, ոչ այնքան աշխատավարձի չափը, որքան այդ պաշտոնն զբաղեցնող անձի կամային ու բարոյական բնութագիրը: Բոլոր ոլորտներում էլ, փառք Աստծո, կան ազնվության կղզյակներ, և եթե նրանք չլինեին, մյուս մասնագետներն ու պաշտոնատարները գուցե երկիրն էլ կծախեին ամբողջապես: Բարոյական սկզբունքների հիմքերը պետք է լինեն հասարակության անդամների գերակշիռ մեծամասնության սրտերում և գիտակցության մեջ, և ապա նոր մասնագետների ու փորձագետների կողմից ձևակերպվեն իրավական և տնտեսական տերմիններով, փոխակերպվեն օրենքների ու նորմերի: Մեր հասարակության մեծամասնությունը հակում ունի «ձվի գող» լինելու, ուստի և չեն պակասում «ձիու գողերը»: Այսօրվա «ձիու գողի» փոխարեն ամբաստանվում է երեկվա ազատամարտիկը, սկզբունքային փոխգնդապետը: Հայրենիքի պաշտպանները, հաղթեցին մի պատերազմում, որը, հաշվենկատ աշխարհի բոլոր չափանիշներով, հայկական կողմը դատապարտված էր պարտության. առկա էր հսկայական տարբերություն ուժերի և հնարավորություններ միջև: Արցախյան պատերազմը ծնեց զարմանալի մարդկանց մի ամբողջականություն: Եվ պարզվեց, որ մարդկային բարձր որակներ ընտրածների համախմբման դեպքում չկա պարտություն ցանկացած հակառակորդի դեմ: Կամավորականներից նրանք, ովքեր ողջ են և անդավաճան կրողներն այդ արժեքների, և հատկապես նրանք, ովքեր բանակում են, ի պաշտոնե պահապաններն են այդ որակների՝ մարդկային արժանապատվության հիմնասյուների, և գիտեն, որ դրանց բեկումը զինվորի կամ սպայի հոգում բերում է ապագա պարտությունը: Դա է իրենց այսօրվա մարտը բանակում, որը մեր ժողովրդի ճակատագրի հրամայականով հաղթող պետք է դառնա ցանկացած ապագա մարտահրավերում:

No comments: