
1in.am. 21-6-2012- Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը պլանավորել են «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրել հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել են թուրք պաշտոնյաները: Վերջիններս ընդգծել են, որ այդ համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, և որ այդ համաձայնագիրը կնքվելու է հաջորդ շաբաթ Ստամբուլում:
Ավելի վաղ Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են կոնսորցիումի ստեղծման շուրջ փոխըմբռնման հուշագիր, որով ենթադրվում է Թուրքիայի ողջ տարածքում (արևելքից արևմուտք, մոտ 2000 կիլոմետր) կառուցել գազատար, որով ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Թուրքիայի տարածքով կփոխադրվի Եվրոպա: Ներկայիս դրությամբ TANAP-ի 20 տոկոսը պատկանում է թուրքական BOTAŞ ընկերությանը, իսկ 80 տոկոսը՝ ադրբեջանական SOCAR ընկերությանը: Որոշակի տվյալներով՝ թուրքական կողմը ցանկանում է իր մասնաբաժինը հասցնել 50 տոկոսի: Խողովակաշարի սկզբնական թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից մոտ 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար:
No comments:
Post a Comment