Sunday, October 7, 2012

Իրանը հարստացված ուրանի 1/3-ը վերամշակել է բժշկական նպատակների համար

1in.am. 7-10-2012- Իրանը բարձր հարստացված ուրանի իր պաշարի 1/3-ը վերամշակել է բժշկական նպատակների համար, ուրանի փոշին գործնականում անպիտան է միջուկային զենքի ստեղծման համար: Այս մասին հայտնում է BBC-ն: «Այսպիսով` Թեհրանը ցանկանում է ցույց տալ, որ բարի կամք ունի և պատրաստ է վերսկսել բանակցությունները միջազգային հանրության հետ միջուկային էներգետիկ ծրագրի շուրջ»,- աղբյուրը մեջբերում է ՄԱԿ-ի փորձագետների խոսքերը: Արևմտյան ԶԼՄ-ները մեջբերում են իրանցի ազդեցիկ պատգամավոր Հոսեյին Նագավիի խոսքերը, որը հայտարարել է, թե Իրանը «ձեռնարկում է լուրջ և կոնկրետ քայլեր` ստեղծելու վստահության մթնոլորտ` 20 տոկոս հարստացված ուրանի պաշարը ուրանային փոշու տեսքով U3O8 ուրանային օքսիդի վերածելու ճանապարհով»: Մի շարք արևմտյան մասնագետներ կարծում են, որ դրանով Թեհրանը փորձում է հասնել նավթային պատժամիջոցների թուլացման, որոնք իսլամական հանրապետության դեմ սահմանել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն: 20 տոկոս հարստացված ուրանի զգալի մասի` փոշու վերածման փաստը հաստատել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդները: Բժշկական նպատակներով փոշու է վերածվել 190 կգ ուրանի պաշարից 71,25 կգ-ը: Ուրանային փոշուց արտադրվում է վառելիք` միջուկային բժշկական ռեակտորների համար, որոնց վրա արտադրվում են իզոտոպներ` քաղցկեղային հիվանդությունների բուժման համար:

No comments: