Monday, November 12, 2012

Հայաստանը պետք է ավելացնի Ջավախքին ցուցաբերվող պետական աջակցությունը

Աղավնաձորում նոյեմբերի 9-12-ն անցկացվեց «Հայապահպանությունը որպես պետության հիմնասյուն»
համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Ջավախքում առկա խնդիրները: Միջոցառման մասնակիցներից մի քանիսն այսօր Երևանում էին: «Այն միտված էր ջավախահայերի հայապահպանության գործընթացին նպաստելուն, ինչպես նաև ջավախահայ երիտասարդության հետ տարբեր տեսակի՝ մշակութային, կրթական ծրագրերի իրականացմանը և նրանց առջև կանգնած խնդիրների բարձաձայնումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջոցառման նպատակը ձևակերպեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ երիտասարդական թևի համանախագահ Լիաննա Ներսիսյանը: «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարաության և խաղաղության երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Տիգրան Օհանյանի խոսքով, Հայաստանը հնարավորության սահմանում պետական աջակցություն է ցուցաբերում Ջավախքին, սակայն. Ջավախքը գտնվում է Վրաստանի կազմում և ջավախահայության խնդիրները պետք է լուծվեն վրացական իշխանությունների կողմից՝ պետք չէ արհեստականորեն սրել Ջավախքի խնդիրները: «Վրաստանի հայ համայնք» ՀԿ ներկայացուցիչ Գևորգ Յագուտովը, ով ապրում է ու գործում է Վրաստանում, որ վիրահայության առջև ծառացած խնդիրներից առավել կարևորը հայոց լեզվի պահպանությունն է: «Շատ երիտասարդներ գալիս են Երևան՝ հայերեն լեզվով բարձրագույն ուսում ստանալու համար: Վիրահայության մեկ այլ կարևոր խնդիր հայկական մշակութային ժառանգության պահպանումն է: Պետք է համագործակցության կետեր ստեղծել Հայաստանի և Վրաստանի միջև` այդ խնդիրները համատեղ հաղթահարելու համար»,-ասաց նա: Վրաստանաբնակ հայ երիտասարդը որոշակի ակնկալիքներ ունի Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից: Նա նաև կոչով դիմեց Հայաստանի իշխանություններին` ցուցաբերվող պետական աջակցությունն ավելացնելու համար:

No comments: