Thursday, November 8, 2012

Ախալցխայի Սուրբ Երեւման եկեղեցին վերածվել է վրացական Սուրբ Ռոզեյրի եկեղեցու

News.am. 8-11-2012- Հոկտեմբերին Ախալցխայի միջնադարյան Սուրբ Երեւման եկեղեցին շինարարական աշխատանքներից հետո վերաօծվել է որպես վրաց Սուրբ Ռոզեյրիի կաթոլիկ եկեղեցի։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, NEWS.am -թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ Սուրբ Երեւման եկեղեցին այժմ դարձել է կաթոլիկ, թեեւ եկեղեցին ի սկզբանե եղել է հայկական՝ խաչքարներով ու իր ճարտարապետական ոճով: «Վրացական իշխանությունների պնդմամբ այն նախկինում կաթոլիկ եկեղեցի է եղել, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է կաթոլիկ համայնքը՝ եվրոպական կաթոլիկների ու վրացական իշխանությունների օժանդակությամբ ու արդյունքում ստացվեց այնպես, որ եկեղեցին այժմ տնօրինում է կաթոլիկ համայնքը»,-ասաց Թորոսյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Ջավախքի մի շարք բնակավայրերի եկեղեցիներում կրոնական ծիսակատարությունները կատարվում են լատիներեն, նա պատասխանեց, որ վրացիները ուղղափառ են՝ հունադավան: «Ախալքալաքի շրջանում կան մի քանի եկեղեցիներ, որոնք ըստ վրացական կողմի պնդման, հունադավան՝ այսինքն վրացական են, սակայն իրականում դրանք հայ քաղկեդոնական ժամանակաշրջանի եկեղեցիներ են։ Դա համընկնում է Զաքարյանների իշխանապետության տարիներին, երբ նրանք լինելով վրացական արքունիքի ազդեցության տակ, հնարավորություն էին տվել հայկական տարածքներում քաղկեդոնական ծիսակակատարություններ կատարել։ Արդյունքում հայերի մի հատված հարեց քաղկեդոնականությանը, որն ընդհանրապես կապ չուներ վրացական հավատի հետ։ Դա է պատճառը, որ այժմ վրացական կողմը պատճառաբանում է, որ դրանք վրացական են»,-ընդգծեց ջավախահայ պատգամավորը։ Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիների ծիսակարգերին, նա ասաց, որ հայ կաթոլիկ եկեղեցիներում ժամերգությունն ու մյուս ծիսակատարությունները իրականացվում են լատիներեն, հոգեւորականները հրավիրվում են Իտալիայից, Լեհաստանից, եւ այլ վայրերից: «Մի քանի գյուղերում դա առաջացրեց բնակչության դժգոհությունը, որոնք ցանկանում են իրենց եկեղեցիներում տեսնել հայ հոգեւորականների»,-ամփոփեց Շ. Թորոսյանը։ Նշենք, որ մեզ հասած աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Հայոց կաթողիկոս Ներսես Գ. Տայեցու նախաձեռնությամբ: 17-18-րդ դարերում Սբ. Երեւման եկեղեցին շրջանում կաթոլիկության լայն տարածման արդյունքում տրվել է հայ կաթոլիկներին: 2010 թվականի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվեց, որ մարքման աշխատանքներ իրականացնելու պատրվակով բանվորները հանել էին Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու խորանը: Տվյալ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր հայկական արձանագրություններով 4 խաչքար, որոնցից մեկի վրա հայերեն արձանագրությունների կողքին թվագրված էր 1366 թվականը:

No comments: