Tuesday, May 5, 2009

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ՓՈՂՈՑՈՒՄ

Հարցազրույց Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ: - Ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալն ու ընդդիմություն դառնալը: ՀՅԴ-ն, որպես ընդդիմադիր, ընտրությունների ժամանակ կարող է լուրջ մրցակից եւ այլընտրանք լինել Հայ ազգային կոնգրեսի համար: - ՀՅԴ-ին մրցակից չեմ համարում, եւ իմ սպասելիքը ՀՅԴ-ից այն է, որ համագործակցեն Հայ ազգային կոնգրեսի հետ: Որքան էլ տարբեր հարցերում ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ տարաձայնություններ լինեն, այնուամենայնիվ, ես հորդորում եմ ՀՅԴ-ին, որ նրանք հնարավորինս շուտ համապատասխան կեցվածք դրսեւորեն այս բռնատիրական ռեժիմի նկատմամբ: Ինչպես իրենք են ասում` ուզում են դասական իմաստով ընդդիմություն դառնալ, սակայն իմ կարծիքով, դա անհեթեթություն է, քանի որ բռնատիրական ռեժիմների պայմաններում հնարավոր չէ կառուցողական, դասական ընդդիմություն լինել: Ուստի` ճիշտ ճանապարհը մեկն է` հնարավորինս շուտ համագործակցեն ՀԱԿ-ի հետ, քանի որ սա նշանակում է միանալ ժողովրդին: Ես ուզում եմ շեշտել, որ չեմ առաջարկում միանալ ՀԱԿ-ին, այլ` պարզապես համագործակցել նրանց հետ, քանի որ ժողովուրդն այսօր այստեղ է, ՀԱԿ-ի հետեւից է, որ ժողովուրդը գնում է, ու ճիշտ կլինի` իրենք էլ լինեն ժողովրդի հետ: Ես չեմ կիսում այն կարծիքները, որ դաշնակցության պահվածքը պայմանավորված խաղ է Սերժ Սարգսյանի հետ: - Բայց ՀՅԴ-ն գերադասում է համագործակցել իշխանությունների, այլ ոչ թե ՀԱԿ-ի հետ: Նույնն էլ նաեւ իշխանությունները. նրանք հրճված են ՀՅԴ-ի` ընդդիմություն դառնալով, եւ պատրաստ են համագործակցել այդ ընդդիմության հետ: - Այս վերջին օրերի ընթացքում այն, ինչին մենք ականատես եղանք, իշխանությունների վերջին ճիգերն էին` չկորցնել դաշնակցությանը: Բայց նրանց ճիգերը, վստահ եմ, ձախողվելու են, եւ ՀՅԴ-ն իշխանությունից ամբողջությամբ դուրս է գալու, ես չեմ կասկածում դրան: - Ընտրություններում ՀՅԴ-ի` ընդդիմադիրի կեցվածքով մասնակցելը ձայներ կխլի՞ ՀԱԿ-ից: - Ես տակավին վերջնական չեմ կարծում, որ նրանք ընտրություններին մասնակցելու են որպես առանձին միավոր: Միգուցե, ավելի ճիշտ կլիներ` նրանք չմասնակցեին ընտրություններին եւ կոչ անեին Ժառանգություն կուսակցության նման, քվեարկել ընդդիմության` ՀԱԿ-ի օգտին: - ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ միշտ անդունդ է եղել, ՀՅԴ-ն դեռ չի մոռացել 90-ական թվականներին` Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք իրենց հետ կատարվածը: Արդյոք դա չի՞ խանգարի, որպեսզի ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն չհամագործակցեն: - Քաղաքականության մեջ փոփոխությունները նորմալ երեւույթ են: Ինչ վերաբերում է համագործակցելուն, ապա երբ երկիրը լուրջ վտանգի առաջ է կանգնած, ապա մենք բոլորս, անկախ մեր քաղաքական հայացքներից, պետք է իրար կողքի լինենք ու հայրենիքին տեր կանգնենք: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի զգացմունքներով առաջնորդվելու: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության եզր ունեն, թե ոչ, ապա ես կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՅԴ-ի եւ Սերժ Սարգսյանի միջեւ տարաձայնություններն ավելի շատ են, քան` ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Ավելին, ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ այս հարցում նույնիսկ նմանություններ կան: Նրանք երկուսն էլ չեն ցանկանում հարցականի տակ առնել ցեղասպանության փաստը եւ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` ի տարբերություն Սերժ Սարգսյանի: Հայ ազգային կոնգրեսի ներսում կա նաեւ այլ տեսակետ, որը մենք են ներկայացնում` Հայ կամավորականների համախմբումը, որ ընդհանրապես դեմ ենք ըստ էության, թշնամի Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Ուստի` ՀՅԴ-ն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության ավելի շատ եզրեր ունի, քան մենք: Այնպես որ, անհնար չեմ համարում ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցությունը: - Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին իշխանությունները մասնակցելու են մի քանի բեւեռով` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, իսկ ընդդիմությունը` մեկ բեւեռով` ի դեմս ՀԱԿ-ի: Ձեր կարծիքով, ինչո±ւ իշխանությունները մեկ թիմով չմասնակցեցին ընտրություններին, արդյո՞ք սա խաղ չէ: - Իշխանությունների որոշումը` տարբեր թեւերով մասնակցել ընտրություններին, միայն ու միայն մեկ նպատակ է հետապնդում` նորից կեղծիքներ կատարել եւ այդ կեղծիքների համար ֆոն ապահովել: Բայց ահավասիկ, գործընթացներ են տեղի ունենում, որոնք չէին տեղավորվում նրանց սցենարի մեջ, օրինակ` ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալը: Եկող օրերին ավելի լուրջ զարգացումներ էլ կլինեն: Իշխանական թեւից ՕԵԿ հասկացությանը ես լուրջ չեմ վերաբերվում, կարծում եմ, ժողովրդի կարծիքը այդ կազմակերպության հանդեպ այլեւս ակնհայտ է. նույն խաղը նրանք այլեւս չեն կարող խաղալ: Փոխարենը առաջիկայում հետաքրքիր գործընթացների ականատես ենք լինելու ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում: Եվ որքան մոտենան ընտրությունների օրերը, այնքան նրանց մեջ մրցակցությունը ավելի ռեալ է լինելու եւ այդ մրցակցությունից մենք ենք օգտվելու: Առանց այն էլ մեր` Հայ Ազգային Կոնգրեսի վարկանիշը շատ բարձր է, մենք ժողովրդի մոտ 70-80 տոկոս ձայն ունենք, դա փաստ է: Մնում է միայն ակտիվացնել ժողովրդին, որ գնան, մասնակցեն ընտրություններին: Բայց քանի որ մենք ապրում ենք այսպիսի ռեժիմի պայմաններում, երբ ընտրություններով հնարավոր չէ տապալել բռնատիրական ռեժիմը, ապա իմ առաջարկությունն ու կոչը ընդդիմության ղեկավարությանը նույնն է` արդյունքի հասնելու ենք ոչ միայն քվեատուփերը տեղամասերում պահելով, այլեւ` փողոցում` մեր վճռականությունը ցույց տալով: Անպայման տեղամասերում պահելու ենք քվեատուփերը` թույլ չտալով կեղծիքներ իրականացնել, սակայն` խնդիրը լուծվելու է փողոցում` ժողովրդի վճռական կեցվածքով: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

No comments: