Showing posts with label Կրոնական. Show all posts
Showing posts with label Կրոնական. Show all posts

Tuesday, October 23, 2012

Կաթողիկոսը ուղերձ է հղել Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հուղարկավորության արարողության կապակցությամբ

Հոկտեմբերի 21-ին և 22-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս
Մանուկյանի հուղարկավորության արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հուղարկավորությանը Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դամբանական խոսքը, որը ներկայացվում է ստորև: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ «Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: (Հայտն. Բ 10) Սգակիր հոգևոր եղբայրներ, բարեպաշտ ժողովուրդ, Այս տխուր օրը վշտալի սրտով աղոթք ենք բարձրացնում առ Աստված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հոգու հանգստության և խաղաղության համար: «Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: Մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական կյանքի բերկրալի խոստումն են բերում յուրաքանչյուր հավատացյալի, ով ապրում է խորին հավատքով ու Քրիստոսասեր ոգով`բարի ու արդար գործերով ծառայելով մարդկանց և իր ժողովրդին: Ի Տեր հանգուցյալ Թորգոմ Պատրիարքի ողջ կյանքն այդպիսի նվիրում ու անհոգնաբեկ սպասավորություն եղավ Բարձրյալն Աստծուն և հարազատ ժողովրդին: Հոգելույս Պատրիարքը մինչև մահ հավատարիմ մնաց իր կոչմանն ու առաքելությանը, Եկեղեցուն ու ազգին ամբողջանվեր ծառայության ուխտին, որով և Տիրոջ խոսքի համաձայն` պիտի ստանա կյանքի պսակը հավիտենական երանելի օթևաններում: Սիրելի հավատավոր զավակներ Մեր, այսօր, երբ տխուր են մեր սրտերը, ու սուգի մեջ ենք սիրելի Պատրիարքից բաժանումի այս ծանր պահին, հավատում ենք, որ իր հոգին ուրախությամբ սլանում է դեպի Փրկիչը մեր Հիսուս Քրիստոս և հավերժական կյանքի հանգրվանում Աստծո առջև պիտի ներկայանա առաքելական խոսքի վկայությամբ. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը» (Բ Տիմ. Դ 7): Մեր հոգիներում այս պահին Պատրիարք Սրբազանի հետ կապված ջերմ հիշողություններն են և մեր մտահայացքի առջև` նրա կյանքի վաստակաբեռն ուղին: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարանի հոգևոր դարբնոցում է թրծվել ոգին բարեհիշատակ Պատրիարքի: Հոգելույս Թորգոմ Պատրիարքը երիտասարդ հասակում` քսանամյա տարիքում, Սուրբ Հակոբոս գլխադիր առաքյալի մասունքակիր տաճարում ծնրադիր ուխտադրությամբ ստանձնեց կուսակրոն հոգևորականի առաքելությունը ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Ավելի քան յոթը տասնամյակներ ազգասիրության ու հայրենասիրության ոգով նա արդյունազարդեց իր սպասավորությունը Երուսաղեմի Պատրիարքությունում, ապա որպես առաջնորդ Միացյալ Նահանգների Արևմտյան, այնուհետև Արևելյան թեմերում: Ընտրվելով Երուսաղեմի Հայոց Պատրիարք` լուսահոգի Թորգոմ Սրբազանը վերադարձավ իր հոգևոր ծննդավայրը, որտեղ տասնամյակներ շարունակ նախանձախնդրությամբ, իր խրոխտ ու վեհանձն ոգով ջանք ու եռանդ ներդրեց` ի շինություն Պատրիարքության և ի պահպանություն Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբությունների: «Ստուեր են կեանք մեր ի վերայ երկրի»,- ասում է Հոբ երանելին (Հոբ Ը 9)` նկատի ունենալով երկրավոր կյանքի անցողիկությունն ու կարճատևությունը հավերժության համեմատ: Թորգոմ Պատրիարքի առաքելությունը, սակայն, լույս եղավ մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքում և իր պայծառ հետագիծը թողեց մեր Եկեղեցու պատմության և հավատավոր հայորդյաց բարի հիշողությունների մեջ: Երուսաղեմ` Տերունակոխ վայրերին երկրպագության այցելող բազմաթիվ հայ ուխտավորներ Մայր Հայրենիքից և աշխարհի տարբեր երկրներից այստեղ մխիթարվում էին Պատրիարքի քաղցր ու օրհնաբեր խոսքով, զորանում հավատքով` բարի ընթացքով ու երկնահաճո գործերով զարդարելու իրենց աստվածաշնորհ կյանքի ուղին: Այսօր փակվում է երկրավոր կյանքի մատյանը հանգուցյալ Թորգոմ Պատրիարքի, սակայն նա շարունակում է խոսել մեզ հետ իր գրքերի, բանաստեղծական ժողովածուների, մենագրությունների ու թարգմանությունների միջից, որոնցում ծրարել է իր հոգու խորին հավատքը, մտածումներն ու զգացումները` իր ընթերցողներին քաջալերելով բարու, արդարության ու ազնվության և ազգային սրբազան արժեքների հանդեպ աննվազ նվիրումի: Սիրելիներ, Սուրբ Հոգու մխիթարության շնորհները հայցելով մեզ ամենքիս` Մեր քաջալերանքի խոսքն ենք ուղղում Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության անդամներին, ովքեր նվիրյալ պահապաններն են այս Սուրբ Աթոռի և պաշտպանները Սուրբ տեղյաց մեր սրբությունների: Թող Բարձրյալն Աստված միշտ զորակից լինի ձեզ, որպեսզի վախճանյալ Պատրիարք Սրբազանի երկարամյա նախանձախնդիր ծառայության օրինակով հավելեք փառքն ու պարծանքը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և երկնառաք օգնականությամբ պայծառ պահեք Սրբոց Հակոբյանց միաբանությունը` աղոթական ջանքեր բերելով համայն հայության հոգևոր շինության ու առաջընթաց կյանքի համար: Ի խորոց սրտի աղոթք ենք վերառաքում առ Ամենողորմն Աստված, որ երկնից լուսեղեն օթևաններում քաղցրությամբ ընդունի և աջակողմյան դասում` երանյալ սրբերի շարքում, հանգչեցնի հոգին վաստակաշատ ու հավատարիմ Իր ծառայի` Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, և Սուրբ Հոգու շնորհներով մխիթարություն պարգևի հավատավոր համայն մեր ժողովրդին: Լույս, աղոթք և օրհնություն մեր սիրելի Թորգոմ Պատրիարքի անմոռաց հիշատակին: «Յիշեսցէ Տէր զհոգի ծառային Իւրոյ և յանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»: Վշտակից սիրով և օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Tuesday, October 9, 2012

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցում է Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին

Հռոմի Սրբազան քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի նախագահությամբ հոկտեմբերի 7-ից Վատիկանում սկսվեց
Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` «Նոր ավետարանչություն` հանուն քրիստոնեական հավատքի տարածման և ամրապնդման» թեմայով: Երեքշաբաթյա ժողովին մասնակցելու համար Վատիկան են ժամանել Կաթոլիկ Եկեղեցու ողջ եպիսկոպոսաց դասը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ, Անգլիկան Եկեղեցիներից, էկումենիկ կազմակերպություններից ու Արևմուտքի քրիստոնեական այլ հարանվանություններից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Ժողովին Սրբազան Հայրը հանդես կգա թեմայի շուրջ ելույթով, Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապին կփոխանցի Ամենայն Հայոց Հայրապետի եղբայրական ողջույնները: Վատիկանում գտնվելու օրերին Գևորգ Սրբազանը նաև հանդիպումներ կունենա Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիսիո Բերտոնեի և Հռոմի Արևելյան Եկեղեցիների բաժանմունքի վարիչ կարդինալ Լեոնարդու Սանդրիի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու կրթական մի շարք հաստատությունների պատասխանատուների հետ:

Monday, October 8, 2012

Էջմիածինը նշում է 2697-ամյակը

News.am. 7-10-2012- Էջմիածին քաղաքի 2697-ամյակի միջոցառումների շրջանակում Էջմիածնում այսօր` հոկտեմբերի 7- ին մեկնարկեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպության (ՀԺՔԿ) ընդհանուր ժողովը տնօրենների խորհրդի նիստը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մի շարք այլ անձինք: Քաղաքապետարանի դահլիճում տոնական համերգ տեղի ունեցավ, որին ներկա էին ՀԺՔԿ նախագահ Հարի Բրինքմանը, փոխնախագահ Ժորժ Կաստրոն եւ ՀԺՔԿ եւս 17 անդամներ: Նիստի սկզբում օրհնանքի խոսք ասաց Վեհափառ հայրապետը: «Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանի որ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն է: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից այս քաղաք են այցելել բազում հայորդիներ եւ ուխտավոր հյուրեր, քանի որ Սուրբ Էջմիածինը համայն հայ ժողովուրդի հոգեւոր կենտրոնն է»,-նշեց նա: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհեց Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ ՀԺՔԿ նախագահ Հարի Բրինքմանը հռչակվեց քաղաքի բարեկամ: Տեղի ունեցավ նաեւ Էջմիածնի առաջին երաժշտական դպրոցի բացման արարողությունը: 1969 թ-ին կառուցված դպրոցը պետբյուջեից հատկացված 130 միլիոն դրամով վերանորոգվել էր: Էջմիածին քաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 7-9-ը։ Հիշեցնենք, որ Էջմիածնի տոնը նշվում է 2009 թվականից: Այս տարի տոնվում է քաղաքի հիմնադրման 2697-ամյակը: Քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին, ինչը յուրահատուկ խորհուրդ ունի: 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի գյուտն արած վերադառնում էր հայրենիք, հոկտեմբերի 8-ին նրան Էջմիածնում դիմավորում է ժողովուրդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ:

Sunday, September 30, 2012

Այսօր նշվում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

«Panorama.am», 30.09.2012: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Այս մասին տեղեկացանք Արարատյան թեմի պաշտոնական կայքից: Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան: Ներսես Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը: Սրբազան այդ մասունքը մինչև 1021 թվականը մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Նրա մահից հետո մասունքը նորից փոխադրում են նախկին վայրը, որտեղից 1651 թվականին գերեվարվում է Խոշաբ: Սակայն 1655 թվականին ազատվելով՝ զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը

«Հետք», 29.09.2012: Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գևորգ զորավարի տոնը: Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իր հոգևոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգևոր փորձառության հետ: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո հավատքի պաշտպանության հարցը պատմության ընթացքում դարձավ մեզ համար ճակատագրի անբաժանելի մի մասը: Դրա լավագույն օրինակն է հայ ժողովրդի գոյության դարագլուխ կազմող Ավարայրի հերոսամարտը: Պատահական չէ հետևաբար, որ հայ ժողովրդի բարեպաշտական մտածողության մեջ ամենամեծ տեղը հատկացված է երկու զինվորականներին` Սբ. Սարգսին և Սբ. Գևորգին: Ազատության համար պայքարի պատմության ընթացքում ո±վ պետք է ոգևորեր հայ ժողովրդին` հաստատուն մնալ իր հավատքի մեջ, լինել անդրդվելի, եթե ոչ հավատքի այս համառ պահապանները: …Նրանց քաջության շնորհիվ քրիստոնեությունը հաղթանակ տարավ, չլինեին Աստծու այս քաջարի մարտիկները, քրիատոնեությունը շարունակվելու էր արգելված, հալածված կրոն մնալ: Մարդու ամենամեծ շնորհն ազատությունն է, իսկ քրիստոնեությունը միայն ազատության մեջ կարող է լիարժեք արտահայտվել: Այս ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին Աստծու վկաները, այդ թվում նաև հավատարիմ վկա Ս. Գևորգ զորավարը»: Իր խոսքում Գևորգ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսուհետ կվերականգնվի Սբ. Գևորգի տոնին Գևորգյան հոգևոր ճեմարանի տարեդարձը նշելու ավանդույթը: Ճեմարանը հիմնադրվել է Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1874 թ.` Ս. Գևորգի տոնին, և ի պատիվ սրբի` անվանվել Գևորգյան: Ս. Պատարագի արարողությունից հետո տոնի առիթով ճեմարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 138-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն: Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ և ԳՀՃ օրհներգերը: Այնուհետև ասմունքով, ազգային և հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան ճեմարանի սաները: Հանդիսության վերջում ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով նվիրական տոնի առիթով` Նորին Սրբությունն անդրադարձավ լուսամիտ Գևորգ Հայրապետի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր-կրթական հաստատությունը վերահաստատելու տեսիլքին: Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց ճեմարանը Ս. Գևորգ զորավարի անունով կոչելը, որպեսզի ապագա եկեղեցականներն իրենց առաջնորդող ունենան Սբ. Գևորգ զորավարի անձը, Տիրոջը, ամբողջանվեր ու անձնազոհ հավատարմության խորհուրդը: «Այս ոգին է, որ մենք ցանկանում ենք կրթել ու կերտել մեր հոգևոր-կրթական հաստատություններում, որպեսզի այդ կրթօջախների հարկի ներքո ուսում առնող յուրաքանչյուր անձ ունենա զորեղ հավատք և հավատարմության ու նվիրումի ոգի, ի պահաջել հարկի նահատակության պսակը վերցնի, ինչպես մեր հայրերը` հանուն Քրիստոսի ու սուրբ հավատքի», - ասաց Հայոց Հայրապետը` կոչելով այս տոնին մեկ անգամ ևս անդրադառնալ հոգևորականի կոչմանը և առաքելությանը, որպեսզի Սբ. Գևորգ զորավարի օրինակով կերտվի ոգին, զորանա մեր հավատքը, պայծառանա մեր առաքելության տեսիլքը: Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ըստ ամենայնի նմանվել եկեղեցական պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին շենացրած լուսավոր կերպարներին, որոնցից մեկն է նաև Գևորգ Դ Հայրապետը` գոհունակությամբ ընդգծելով, որ այսօր էլ կան ազգի և եկեղեցու բազում արժանի, անձնուրաց, ազգասեր, հայրենանվեր, Քրիստոսի սիրով ապրող և գործող սպասավորներ: Շնորհավորելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, դասախոսներին և սաներին` Վեհափառ Հայրապետը աղոթքով մաղթեց, որ Երկնավոր Տերը միշտ օրհնյալ պահի հիշատակը հաստատության հիմնադիր լուսահոգի Հայրապետի և զորացնի ճեմարանն իր առաքելության մեջ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սւորբ Էջմիածինը:

Thursday, September 20, 2012

Հայ Եկեղեցին դատապարտում է կրոնական հողի վրա սադրիչ երևույթները

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննության են առնվել Մայր Աթոռի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, «որովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կոր.14:3)»:

Tuesday, September 18, 2012

Գարեգին 2-րդ Կաթողիկոսը մասնավոր հանդիպում է ունեցել Հռոմի Պապի հետ

Panorama.am. 18-9-2012- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը սեպտեմբերի 12-ին եղել է Վատիկանում և հանդիպում ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Panorama.am-ի ունեցած այդ տեղեկությունը հաստատեց նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը: Նա ասաց, որ այցը Վատիկան, ինչպես նաև Պապի հետ հանդիպումը եղել է մասնավոր և դրա վերաբերյալ մանրամասներ հնարավոր չէ փոխանցել: Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 10-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել էր Ռումինիայի հայոց թեմ:

Saturday, August 18, 2012

Կաթողիկոսը ցավակցել է Եթովպիայի պատրիարքի մահվան կապակցությամբ

Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականությանը եւ եթովպացի քրիստոնյաներին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ: Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է. «Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական Եկեղեցին զգալի առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգեւոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում եւ մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում: Եթովպիայի Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները լավագույնս արտահայտվել են բազմաթիվ պաշտոնական այցելությունների ու քննարկումների ժամանակ: Մեր անձնական հանդիպումների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա քրիստոնեական խորը սիրուն եւ բարեպաշտությանը: ... Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, եւ թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգեւի Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»: Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:

Sunday, August 12, 2012

Հայաստանի եկեղեցիներում կիրակի կօրհնվի խաղողը

Այսօր օգոստոսի 12-ին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Այս օրը տարվա մեջ առաջին անգամ խաղողը կօրհնվի: Որտեղի՞ց է գալիս Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը. Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Saturday, August 11, 2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ռումինիա

երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ռումինիայի հայոց թեմ, այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Ռումինիայում կաթողիկոսը կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները: Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

Monday, July 16, 2012

Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններն աչքի են ընկնում ջերմությամբ. Գարեգին Բ

Tert.am. 17-7-2012- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկու և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի, այս մասին տեղեկացնում եմ Մայր Աթոռի լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունել է կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի և Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով նաև կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Նորին Սրբությունը բարձր է գնահատել վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը: Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին: Իր հերթին, կարդինալ Սանդրին ևս ուրախություն է հայտնեց հանդիպման առիթով և անդրադարձել Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել են Մայր Տաճար, աղոթք բարձրացրել Իջման Ս. Սեղանի առջև:

Saturday, July 14, 2012

Կիրակի կտոնենք Վարդավառը. Ի՞նչ խորհուրդ ունի տոնը

Panorama.am. 13-7-2012- Առաջիկա կիրակին տոն է: Եկեղեցական առավել սիրված տոներից մեկը` Քրիստոսի
Պայծառակերպությունը կամ Վարդավառը: Այն եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, նշվում է սուրբ Զատիկից 90 օր անց։ Տոնի խորհուրդը ներկայացնելու համար այսօր լրագրողներին հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայ Շահե Աբեղա Անանյանը: Նա ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու պարագայում կան տոներ, որոնք իրենց բովանդակությամբ առնչվում են Քրիստոսի երկրավոր կյանքի իրադարձություններին` «Վարդավառի պարագայում, Քրիստոսի այն նշանավոր դրվագն է, երբ Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը, և այնտեղ, ինչպես Ավետարանն է նշում, ցույց է տալիս իր Աստվածության ողջ փառքը»։ Հոգևորականը նշեց, որ սա այն տոնն է, որտեղ բացահայտվում է Ավետարանով մեզ տված Հիսուս Քրիստոսի Աստվածությունը։ Ինչո՞ւ է տոնը կոչվում է Վարդավառ: Քահանան ասաց, թե կան բազմաթիվ վկայություններ, որ այս տոնը նաև հեթանոսական արմատներ ունի և նշանակում է ջուր կամ վարդ շաղ տալ. «Վարդավառը ջրի օրհնության և իրար վրա ջուր ցանելու ավանդույթն է, որը քրիստոնեական շունչ է ստացել»: Ինչպես տեղեկանում ենք Արարատյան թեմի պաշտոնական կայքից, Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: և ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայիե: և մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեքե: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: և Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք և մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Wednesday, July 11, 2012

Մայր աթոռում քննարկվել են կրոնական տուրիզմի եւ մշակութային ուղիների խնդիրները

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, հուլիսի 10-ին, տեղի է ունեցել քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի եւ մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ: Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` Մուշեղ Սրբազանը կարեւորել է նման սեմինարների անցկացումը` ընդգծելով, որ դրանք այսուհետ շարունակական բնույթ են կրելու: Նա ներկայացրել է նաեւ այս ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործադրվող ջանքերը, որպեսզի իր հարկի ներքո ուխտավորները եւ զբոսաշրջիկները կարողանան լավագույնս հաղորդ դառնալ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր արժեքներին: Այնուհետեւ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռին` տուրիզմի կարեւորագույն ճյուղի զարգացմանը բերվող նպաստի համար` նշելով, որ նման հանդիպումները նաեւ ավելի են ամրապնդում Մայր Աթոռի եւ այդ ոլորտում ներգրավված ընկերությունների համագործակցությունը: Քննարկվող թեմայի շուրջ բանախոսություն է ներկայացրել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ով իր խոսքում համառոտ անդրադարձել է Մայր աթոռի հոգեւոր գանձերին, որոնք դարեր շարունակ դեպի իրենց են ձգել տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ ուխտավորների եւ օտարերկրացի ճանապարհորդների: Քննարկումն ամփոփել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ով նկատել է, որ Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն ուղղված կարեւոր եւ առաջընթաց քայլ է ուխտավորների համար համապատասխան պայմանների ապահովումը: Վերջում տեղի է ունեցել ընդունելություն Մայր աթոռի նորաբաց «Ագապե» ուխտավորական սեղանատանը:

Sunday, July 8, 2012

Հայաստանում Վարդավառը կտոնեն հուլիսի 15-ին

News.am. 8-7-2012- Հայաստանում այս տարի Քրիստոսի պայծառակերպության տոնը, կամ ինչպես ընդունված է
ասել` Վարդավառը, կտոնեն հուլիսի 15-ին: 2011թ այն նշվել է հուլիսի 31-ին, իսկ 2010թ` հուլիսի 19-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր աթոռի կայքից: Նշենք, որ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, որը ոչ աշծատանքային օր է: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է«Վարդ» և «Վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։ Նշենք, որ տոնը գալիս է նախաքրիստոնեական շրջանից, որը հետագայում «քրիստոնեացրել են»:

Thursday, June 21, 2012

Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա

Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցու օծման և անվանակոչության 80-ամյակի արարողությանը ներկա գտվելու համար Ֆրանսիա կմեկնի Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը: Վեհափառը Փարիզ կմեկնի հունիսի 28-ին, որտեղից էլ նույն օրը կմեկնի Մարսել: Կաթողիկոսը Ֆրանսիայից կմեկնի հուլիսի 4-ին:

Tuesday, June 5, 2012

Նշվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը

Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Վաղարշապատում, Ս. Հռիփսիմե վանքում: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների խաչվառազարդ թափորը ՙԱնձինք նվիրեալք՚ շարականի երգեցողության և Վաղարշապատի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո ուղղվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք: Տոնի առիթով հավատավոր ժողովրդի խոնարհումի և օրհնության համար դուրս էր բերվել նաև Մայր Աթոռում պահվող սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը, որը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Թափորի մեջ էին Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից միաբանական համագումարի առիթով Մայր Աթոռ ժամանած Սուրբ Էջմիածնի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչները: Պատարագիչը Տ. Սահակ աբեղա Շաքարյանն էր (Արցախի թեմ): Օրվա խորհրդի շուրջ քարոզեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Մակար ծայրագույն վարդապետ Աշկարյանը: «…Մեր հավատքի նախակարապետները` Ս. Հռիփսիմյանց կույսերը, անտեսելով ամեն ինչ, որ վերաբերում է աշխարհին, անձնական կյանքը զոհելով, անտեսեցին փառքը, պատիվը, հարստությունն ու վայելքը, որովհետև հավատում էին Քրիստոսի տված խոստմանը, որ հավիտենական կյանքն էր: …Նրանք, իրենց վարդաբույր արյունը հեղելով Մայր Հայրենիքի հողում, նախակարապետները հանդիսացան, որպեսզի Հայաստանի հողի վրա քրիստոնեությունը դառնա պետական կրոն: Ս. Հռիփսիմյանց կույսերը անտեսեցին ժամանակավորը, իրենց հայացքն երկնքին հառեցին և ոչ թե երկրին: Մեր սիրելի նահատակ կույսերը, որոնց տոնն է այսօր, միացան Քրիստոսին և անմահացան և այսօր իրենց օրինակով մեզ հրավիրում են` անտեսելու աշխարհում ամեն տեսակ դժվարություն և տառապանք», - նշեց Հայր Մակարն իր քարոզում: Հայր Սուրբը հորդորեց ներկա հավատավոր հայորդիներին` ս. Հռիփսիմյանց կույսերի շնչով մեկ անգամ ևս վերանորոգել իրենց ուխտն առ Աստված և հավատքով խնդրել, որ սրբերի բարեխոսությամբ հայոց կյանքը լցվի աստվածային օրհնություններով: Սուրբ Պատարագի ավարտին վանքի բակում, ներկայությամբ բազում ուխտավորների, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ ս. Հռիփսիմեի Աջով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Saturday, May 26, 2012

Հիսուս Քրիստոսը մահացել է մ. թ. 33 թ.-ի ապրիլի 3-ին`ուրբաթ օրը

Tert.am. 25-5-2012- Երկրաբանության ուսումնասիրության ազգային կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է Հիսուս Քրիստոսի խաչելության հստակ օրը` մ.թ. 33թ.-ի ապրիլի 3-ին` ուրբաթ, գրում է Daily Mail-ը: Կազմակերպության անդամները հանգել են այս տեսակետին` ուսումնասիրելով Մաթևոսի և ևս 4 այլ կտակարններում Քրիստոսի խաչելությունից հետո Մեռյալ ծովի տարածքում ավերիչ երկրաշարժի նկարագրման փաստերը: Հետազոտողները համեմատելով այս տեղեկությունը երկրաբանական, աստղաբանական, ինչպես նաև հրեական օրացույցի տվյալների հետ պարզել են, որ երկրաշարժի տեղի ունենալու օրն ու Քրիստոսի խաչելությունը լիովին համընկնում են:

Saturday, May 19, 2012

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համբարձման տոնը Մայր Աթոռում
«Համայն հայության և Հայրենիքի սիրտն է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը» Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ և բազում ուխտավորներ: Համբարձման տոնին տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել Սրբազանը: Նախ անդրադարձ կատարելով Տիրոջ Համբարձման տոնին` Սրբազանը այնուհետև խոսեց Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի Սսից Ս. Էջմիածին վերադառնալու 571-րդ տարեդարձի և պատմական այս իրադարձության կարևորության մասին: «Այս օրերին էր, երբ լուսամիտ վարդապետներ, հոգևորականներ` միտքը հղացան վերադարձնելու Հայրապետական Աթոռը Սուրբ Էջմիածին, ուր չէր եղել գրեթե 1000 տարի…: Եվ 1441 թվականին, մի բուռ վարդապետներ հավատքով ելան աշխարհի դեմ: Ասում են, որ Սիսը անշքացած էր, հալածանքների ենթարկված էր և այդ պատճառով Աթոռը տեղափոխվեց Սուրբ Էջմիածին: Սա անշուշտ ճշմարտություն է, բայց ոչ ամբողջապես, որովհետև Էջմիածինը նույնպես օտարի լծի ու հալածանքների տակ էր, Արարատյան դաշտում հայություն չէր մնացել…, ուրեմն Էջմիածինը ավելի ապահով չէր, քան Սիսը, ուրեմն ապահովություն չէր, որ փնտրում էին վարդապետները: Ի´նչ էին փնտրում` Հայրենիք: Մեր պատմական օրրանն է այստեղ, մեր պատմական ծննդավայրն էր այստեղ. այստեղ վերահաստատեցին Աթոռը, որովհետև այստեղ է Հայրենիքը և այստեղ Հայրենիքի սրտում իջավ Միածին Որդին 301 թվականին: Եվ այստեղ, ասաց, պիտի լինի Իմ Աթոռը քահանայապետական: Նշանակում է, ուղենշեց մեր Հայրենիքի վայրը` այստեղ է սիրտը մեր Հայրենիքի: Եվ այսօր հիանում ենք այդ վարդապետների լուսամտությամբ և պայծառատեսությամբ, թե ինչպես տեսան 500 տարի իրենցից առաջ. տեսան, որ այստեղ է հավաքվելու հայ ժողովուրդը, այստեղ է ստեղծելու իր պետականությունը և այստեղ է հաստատելու իր հանրապետությունը և իր հայրապետական մնայուն անսասան Աթոռը: Ի´նչ Սուրբ Հոգու շնորհ ունեին այս վարդապետները, որ այդ մռայլ ու անհույս տարիներին տեսան այս օրը, տեսան, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո պիտի հավաքվի հայ ժողովուրդը…: Եվ մենք գիտենք պատմությունից, թե ի°նչ դժվար օրեր ապրեց Մայր Աթոռը 1441 թ. – ից հետո էլ, բայց միշտ հավատքը ելավ հաղթելու աշխարհին, և այդ վարդապետները և նրանց հաջորդները… հիմքը դրեցին Հայաստանի, այսօրվա Հայաստանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, չէր լինի այսօվա Հայաստան, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մագնիսի նման իր շուրջը հավաքեց հայ ազգի ցրված բեկորները: …Այսօր չհասկանալ այդ, չգիտակցել այդ և մտածել, որ մեր երկիրն ու պետականությունը կարող էր գոյություն ունենալ առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, միամտություն է…: Ուստի այս պատճառով է նաև, որ այս օրը` Համբարձման տոնին, մեր Եկեղեցին ու մեր հայրերը հաստատել են այս տոնը` Սսից` Էջմիածնում վերահաստատման տոնը, որպեսզի հիշենք յուրաքանչյուրս, որ այս Աթոռի շնորհիվ է , որ կանք իբրև ազգ, իբրև պետություն, պետականություն և Հայրենիք», - նշեց Սրբազանն իր խոսքում: Հայրապետական մաղթանքին եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության համար: Արարողությունից հետո Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանին շնորհվեց Արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների նրանց վաստակի և նվիրյալ ծառայության: Սեպուհ Սրբազանին հանձնված կոնդակում ասված էր. «…Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ծառայության ողջ ընթացքում Ձեր բոլոր հանձնառությունների ու պարտականությունների մեջ Դուք` որպես զինվորյալ սպասաւոր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, առաջնորդուել էք հայորդեաց հոգևոր կյանքի վերազարթոնքին ավանդ բերելու ազնիվ նախանձախնդրությամբ` հավատարմորեն պահելով ծառայանվիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրյալ Տիրոջ հետ: Մայր Աթոռում, Ժնևի հայ համայնքում և Շիրակի Թեմում ստանձնած հանձնառություններով հարստացնելով Ձեր փորձառությունը` Դուք կոչվեցիք Գուգարաց Թեմի Առաջնորդի պատասխանատու պաշտոնին: Նախընթաց մեկ ու կես տասնամյակի ընթացքում անհոգնաբեկ սպասավորությամբ Դուք կարողացաք զորացնել նորակազմ Թեմը, եկեղեցիների շուրջ միավորել մեր ժողովրդի հավատավոր զավակներին, բարվոք աշխատանք իրականացնել ի նպաստ երիտասարդ հայորդյաց հոգևոր կրթության ու դաստիարակության»: Նաթան Սրբազանին շնորհված Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված էր. «…Գնահատանքով ենք անդրադառնում Տերունապատվեր Ձեր ծառայության արդյունքներին: Դուք նախանձախնդիր ու նվիրյալ ոգով եք արգասավորել Ձեր սպասավորությունը Ճեմարանի փոխտեսչի, այնուհետ Ուկրաինայի և ապա Մեծ Բրիտանիայի Հայոց թեմերի առաջնորդի պատասխանատու պաշտոններում: Ուրախ ենք, որ այսօր Դուք, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն, գովարժան աշխատանք եք իրականացնում հոգևոր-աստվածաբանական գրականության հրատարակության կարևոր գործում` ներդրում բերելով Տիրոջ կենարար խոսքի տարածման և մեր հավատացյալների կրոնական գիտելիքների զորացման առաքելության մեջ»: Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալ Տերը զորակից լինի Սեպուհ և Նաթան արքեպիսկոպոսներին բարձր ու պատասխանատու նրանց կոչման մեջ` շնորհելով քաջառողջություն, արևշատություն և նորանոր հաջողություններ:

Thursday, May 17, 2012

Այսօր Համբարձման տոնն է, որը հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով

Tert.am. 17-.5-2012- Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը, որը ժողովրդին հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով: Համբարձման տոնը մեր եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության: Համբարձման տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Ըստ ժողովրդական ավանդազրույցի, այս օրը նաև սիրահարվածների տոն է և կախարդական զորություններով օժտված գիշեր: Տարվա մեջ միակ գիշերն է, երբ Լեյլի և Մեճնուն սիրահար աստղերը երկնքում հանդիպում են իրար և ջերմ գրկախառնվում: Համբյուրի պահին ամբողջ տիեզերքը մեկ ակնթարթ կանգ է առնում, իսկ մարդիկ մեկ վայրկյանում հայտնում են իրենց իղձերը, որոնք անպայման կատարվում են: Այդ ողջագուրումից հետո բույսերն իրար պատմում են, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ դեղ -դարման կարող է լինել, և կանայք վաղ առավոտյան գնում են դաշտեր դեղաբույսեր հավաքելու: Տոնին վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, և այդ իրերի տերերին խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամայրը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են: Այս գեղեցիկ սովորությունը այժմ շատ քիչ գյուղերում է պահպանվել:

Monday, April 16, 2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին

Ապրիլի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Միածնաէջ Մայր Տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում, "Էջ Միածինն ի Հօրէ" շարականի երգեցողության ներքո Ս. Խորան բարձրացվեց Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Հայրապետական կոնդակում ասված է. "ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ "Զի սէրն ձեր եւ°ս քան զեւս առաւե°լ լիցի ի գիտութեան եւ յամենայն իմաստութեան" (Փիլ. Ա 9): Գոհութեան աղօթք ենք բարձրացնում առ Աստուած, որ Հայրենիքում եւ Սփիւռքում մեր ժողովուրդը խաղաղութեան մէջ բերկրաշատ հոգով տօնախմբում է 500-ամեայ յոբելեանը հայ գրատպութեան` վերարժեւորելով մեր գրաւոր մշակոյթի հարուստ ու անգին ժառանգութիւնը եւ նրա լուսաւոր առաքելութիւնը մեր կեանքում: Տօնական առիթով Քրիստոսահիմն հոգեւոր կենտրոնից ազգիս` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ի սփիւռս աշխարհի մեր ժողովրդին հոգու խնդութեամբ բերում ենք Հայրապետական Մեր օրհնութիւնը եւ առաքեալի պատգամը. "թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ": Հայոց Գրերի գիւտից յետոյ հայ գրահրատարակութիւնը իր նշանակութեամբ մեր դպրութեան պատմութեան յաջորդ շրջադարձային իրադարձութիւնը եղաւ եւ կեանքի կոչուեց ու արգասաւորուեց իմացութեան եւ գրքի հանդէպ անհուն սիրով ու նախանձախնդրութեամբ, որոնք Հայոց Գրերի առատ պարգեւներով ներշաղախուած են նկարագրին մեր ժողովրդի: Սահակ-Մեսրոպեան դպրոցի ուսումնաբաղձ ոգին ու աւանդները, ձեռագիր մատեաններում պահուող հոգեւոր, գրական, գիտական ժառանգութիւնը նոր կեանք առան բազմօրինակ տպագրութիւններով, եւ հայերէն գիրն ու գիրքը շարունակեցին սնուցել ու կրթել հոգին մեր ժողովրդի ու պահպանել նրան լուսաւորութեան շաւիղներում թէ ապահով եւ թէ աղէտալի ժամանակներում: Ազգերի մէջ առաջիններից մէկը մեր ժողովուրդը ձեռնամուխ եղաւ գրահրատարակութեան գործին: Տպագրութեան գիւտից կարճ ժամանակ անց օտարութեան մէջ` Վենետիկում ծնունդ առաւ հայ տպագրութեան երախայրիք "Ուրբաթագիրքը"` սկզբնաւորելով այն լայնահուն ուղին, որը Տիրոջ կամքով սպասուում էր հայ գրատպութեանը: Մեր պատմութեան դառնագին ժամանակներից էին այն տարիները, երբ տպագրուում էին հայերէն առաջին գրքերը: Չդադարող պատերազմներից, աւերներից ու կողոպուտներից ծուատուած, աշխարհասփիւռ դարձած մեր ժողովրդի համար առաւել քան կարեւոր էր իր հոգեւոր ներուժի պահպանումն ու զօրացումը: Վենետիկից յետոյ աշխարհի շատ քաղաքներ` Եւրոպայից մինչ Հնդկաստան դարձան հայ տպագրութեան կենտրոններ: Յակոբ Մեղապարտին` հայ առաջին գրահրատարակչին յաջորդեցին տպագրութեան գործի այլ նախանձաւորներ: Հրատարակուեցին Սուրբ Գրական գրքերը, Աստուածաշունչ մատեանը, մեր մատենագիրների գործերը, հայագիտական, բնագիտական ուսումնասիրութիւններ, թարգմանական գրականութիւն, դասագրքեր, պարբերականներ, հրատարակուեցին վեհ ու ազնիւ մէկ նպատակով, որ պայծառ մնան հայ կեանքում հաւատքի լոյսը, կրթութեան ու գիտութեան ջահը, եւ տարագիր ու աշխարհասփիւռ հայութիւնը հարազատ մնայ մայրենի լեզուին ու նախնեաց ժառանգութեանը եւ պահպանի յոյսն ու տեսիլքը Հայրենիքի ազատութեան ու լուսաւոր գալիքի: Աստուծոյ ողորմածութեամբ հայերէն առաջին գրքի հրատարակութիւնից շուրջ երկուսուկէս դար անց հայ գրատպութիւնը` լուսաւոր ջանքերով Սիմէոն Երեւանցի հայրապետի, սկզբնաւորուեց նաեւ Հայրենիքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մեր հոգեւոր կենտրոնից եւ հայրենի այլ քաղաքներից շարունակուեց տպագիր գրքի` իմացութեան լոյս բերող, հայերէն խօսքով ու հայրենեաց սիրով ազգին միաւորող եւ դէպի իր իղձերի մարմնաւորումն առաջնորդող առաքելութիւնը: Արդարեւ, մեր ժողովուրդը նորանոր յաղթանակներ պիտի արձանագրի` շարունակելով հայ գրքի էջերից քաղել ու ամբարել զօրութիւնը իմացութեան, արարումի եւ բացայայտել մեր սուրբ հաւատքի ակունքն ու մաքրութիւնը եւ գաղտնիքը` ազգիս յարատեւութեան: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր հոգու խոնարհումով եւ աղօթքով յիշենք հայ տպագրութեան երախտաւորներին, բոյլը տպագրիչների, տառաստեղծների, տառաձոյլ վարպետների, գիտնականների, հրատարակիչների, կրթութեան գործիչների, մեկենասների, նաեւ` Հայոց Հայրապետների ու եկեղեցականների: Նրանք եղան ջահակիրներ առաջադիմութեան, ազգային ոգու զօրութեան, մեր ինքնութեան պահպանման, նրանց ջանքերով, նուիրումով ու վաստակով հայ գրքի տպագրավայրերը եղան նաեւ կենտրոններ մեր մշակոյթի զարգացման, հայրենասիրութեան ու ազատագրական պայքարի ոգեշնչման: Խորհրդանշական է եւ ուրախալի, որ յոբելեանական այս տարում քաղաքամայր Երեւանը ճանաչուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս պատիւը արժեւորումն է այն մեծ ձեռքբերումների, որ ունի մեր ժողովուրդը գրի ու դպրութեան անդաստանում, սակայն միաժամանակ պարտաւորութիւն ու պատասխանատուութիւն է` խնամելու եւ զօրացնելու գրքի ու ընթերցանութեան հանդէպ սէրն ու նախանձախնդրութիւնը, որպէսզի այն շարունակի գիտելիք ու ճանաչողութիւն բերել, սերմանել հաւատք առ Աստուած, կրթել ազնուութեան, արդարութեան, հայրենասիրութեան, մարդասիրութեան անանց արժէքներ, որպէսզի զուր չլինեն գիրքը կորստից ու ոչնչացումից ազատելու մեր նախնեաց անձնուրաց ջանքերն ու զոհողութիւնները, որոնց մասին են վկայում մեզ հասած բազում ձեռագրերի ու տպագիր գրքերի պատմութիւնները, ինչպէս գաղթական երկու կանանց ձեռքով փրկուած Մշոյ Ճառընտիրը, որ հանգրուան է գտել Երեւանի Մատենադարանում: Հայ գրատպութեան 500-ամեայ յոբելեանը հրաւէր է մեզ արժեւորելու գիրքը, վերականգնելու սէրն ու պատկառանքը գրքի հանդէպ, որպէսզի մեր ու մեր զաւակների կեանքում` որդուոց որդի, ապրի ու հրաշագործի գիտութեամբ եւ ամենայն իմաստութեամբ զօրացած ու պայծառացած հոգին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում հայրենի իշխանութիւններին` յոբելեանական տօնակատարութիւնները նախանձախնդրօրէն եւ շուքով կազմակերպելու համար: Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում գրքի մշակներին, գիտութեան, կրթութեան, մշակոյթի գործիչներին եւ համայն մեր ժողովրդին, որ հաւատարիմ հայրենեաց ժառանգութեանը եւ արժէքներին` հոգեշահ, ազգաշէն ու հայրենաշէն գործերով ընթանում է դէպի նոր կեանքի լուսաւոր հորիզոններ: Աղօթում ենք առ Աստուած եւ հայցում, որ անմար ու վառ լինի լոյսը հայ հոգու ու մտքի եւ առաջնորդի մեր ժողովրդի ուղին Տիրոջից օրհնեալ ճանապարհներով դէպի խաղաղ, ոռոգեալ ու բարեբեր հանգրուաններ: Շնորհք, սէր եւ ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն: Օրհնութեամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Տուաւ Կոնդակս ի 11-ն Փետրուարի յամի Տեառն 2012 եւ ի թուին հայոց ՌՆԿԱ ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի ընդ համարաւ 665":