Wednesday, June 17, 2009

Նախագահը առաջարկում է համաներում հայտարարել

Ազգային ժողովը հունիսի 19-ին կքննարկի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը համաներում հայտարարելու մասին: «Ազատություն» 16-6-2009- Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ուրբաթ օրը ժամը 12:00-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշումը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:Երկրի նախագահի նախաձեռնությամբ գումարվող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է միայն համաներման հարցը:Ըստ Սերժ Սարգսյանի հանձնարարության, համապատասխան գերատեսչությունները մինչեւ հունիսի 15-ը պետք է ներկայացնեին իրենց առաջարկությունները համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ:Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը հունիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ամփոփվում է եւ երեքշաբթի օրը կհայտարարվի, թե համաներման անհրաժեշտության կապակցությամբ քանի եւ ինչպիսի առաջարկություններ է ստացել նախագահի գրասենյակը:Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, երեքշաբթի օրը ընդունելով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, ասել է, որ ըստ ամենայնի, հնարավոր համաներումը կտարածվի նաեւ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվածներից շատերի վրա:«Շոշափվել է մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու, դրանք կազմակերպելու համար դատապարտված անձանց նկատմամբ հնարավոր համաներման կիրառմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ըստ ամենայնի հնարավոր համաներումը կտարածվի նաեւ նշված արարքները կատարելու համար դատապարտված շատ անձանց վրա», - ասված է ԵԽԽՎ-ի համազեկուցողների հետ Աղվան Հովսեփյանի հանդիպման վերաբերյալ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

No comments: