Thursday, June 25, 2009

ԱՄՆ-ում մտահոգված են Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ ելույթներով

Tert.am 24-6-2009- ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը քննարկումների ժամանակ ևս մեկ անգամ կարևորել է Ազատության ակտի 907-րդ ուղղումը։ Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը, տվյալ խնդիրը նոր քննարկումների առարկա է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախացած դեպքերի առնչությամբ։ Հիշեցնենք, որ նույն քննարկումների ժամանակ ենթահանձնաժողովը հավանության էր արժանացրել 2010 թվականի ԱՄՆ պետբյուջեում Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալը հասցնել 48 միլիոն դոլարի, ինչպես նաև 10 միլիոն դոլլարի չափ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի համար: Ազատության ակտի 907-րդ կետի պայմանական փոփոխությունները նշում են, որ ցուցաբերվող ֆինանսական օգնությունը «չի խարխլի կամ վտնագի» Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացը կամ «չի օգտագործվի՝ ի վնաս Հայաստանի» կամ «կամ որևէ հայաբնակ համայնքի դեմ Կովկասյան տարածաշրջանում»։ Փաստաթղթում նաև ասվում է, որ Ամերիկայի հայերի համագումարը խորապես մտահոգված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես, նախագահի կողմից հրադադարը խախտելու մասին ելույթներով: Բացի այդ, ինչպես նշված է փաստաթղում, Ադրբեջանը մերժել է Հայաստանի բազմաթիվ առաջարկները հանձն առնել վստահություն ներշնչող տնտեսական և տարածաշրջանային միջոցառումների ստեղծումը, փոխարենը` մեծապես ավելացրել է իր ռազմական ծախսերը, որոնց ողջ բյուջեն հավասազոր է Հայաստանի ընդհանուր բյուջեին: Նշենք, որ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կանցկացվի հաջորդ շաբաթ:

No comments: