Tert.am. 18-6-2009- «Հունիսի սկզբից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում պարբերաբար հրդեհներ են բռնկվում, որոնց հիմնական պատճառը ադրբեջանական կողմից լուսածրող գնդակներով արձակվող կրակոցներն են և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքների հրկիզումները, և ինչի արդյունքում կրակն անցնում է ղարաբաղյան կողմը»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:
«Լեռնային Ղարաբաղի հանրապետության Փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն, համապատասխան հատվածներում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել, գործում են դաշտային հրշեջ-փրկարարական կետեր /հրշեջ մեքենաներով և մարտական հաշվարկով/: Փրկարար ծառայության աշխատակիցներին օգնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողներն ու քաղաքացիական բնակչությունը: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհների տեղայնացման և մարման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ:
ԼՂՀ ղեկավարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց արդյունքում անուղղելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին և վտանգվում է մարդկանց առողջությունն ու անվտանգությունը»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment