Sunday, August 9, 2009

Հունաստանը շոկի մեջ է

Panorama.am 8-8-2009- Նավթագազային գործակցության ռուս-թուրքական պայմանագրերի ամբողջական փաթեթի ստորագրումը շարունակում է մնալ լրատվության կիզակետում: Թուրքական «Milliyet» օրաթերթի կայքը գրում է, որ թեև Անկարայում ստորագրված փաստաթղթերը տարբեր կերպ են մեկնաբանվում, ինչպես օրինակ, «Թուրքիան Նաբուկոն երկրորդ պլան է մղել», բայց իրականում Թուրքիայի նախապատվությունը եղել և մնում է «Նաբուկոն»: «Խնդիրն այն չէ, որ Թուրքիան մասնակցելու է «Հարավային հոսք» նախագծին: Շատ ավելի կարևոր է այն, որ «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի նկատմամբ տարիներ շարունակ անտարբերություն դրսևորած Ռուսաստանին Թուրքիան, ի վերջո, կարողացավ նախագծի մեջ ընդգրկել»,- գրում է «Milliyet»-ն ու նկատել տալիս, որ նման զարգացումներից խիստ անհանգստացած է հատկապես Հունաստանը: «Հունաստանը շոկի մեջ է» ենթավերնագրի ներքո տեղեկացվում է, որ Աթենքը տագնապած է այն փաստով, որ Անկարան ու Մոսկվան համաձայնության են եկել «Հարավային հոսքի» շուրջ: «Հունաստանի առաջատար թերթերը գրում են, որ նշված պայմանագիրը վերաձևում է տարածաշրջանի էներգետիկ քարտեզը: Այդպիսով, փաստորեն, Հունաստանը էներգետիկ մեծ կախվածություն է ունենում տարածաշրջանի բոլոր նախագծերին մասնակցող Թուրքիայից»: Իսկ ահա Եվրամիության արձագանքը, ըստ «Milliyet»-ի, դրական է եղել: ԵՄ հանձնաժողովի խոսնակներից Մարթին Սելմայրը հայտարարել է, որ իրենք «Հարավային հոսքը» դիտում են իբրև «Նաբուկոյի» համար գործադրված ջանքերն ամբողջացնող նախաձեռնություն: Թուրք հոդվածագիրն ընդգծում է, որ Սելմայրը, փաստորեն, պաշտոնապես հերքվել է Պուտինի այն տեսակետը, թե «Հարավային հոսքը» Արևմուտքում ընկալվում է իբրև ախոյան «Նաբուկոյին»: «Այնուամենայնիվ,- գրում է «Milliyet»-ը,- կուլիսներում իշխող է այն տեսակետը, թե «Հարավային հոսքի» իրագործումը բացասական ազդեցություն կունենա «Նաբուկոյի» համար: Մյուս կողմից էլ` Եվրամիություն-Ռուսաստան «Էներգետիկ շախմատում» ամենաէական հաղթանակը Թուրքիայինն է»:

No comments: