Wednesday, September 2, 2009

ԿԱՏԱԿՈՂ ԺԱՄԱՆԱԿ, ԹԵ ԼՐՋԱՑՈՂ ԿԱՏԱԿՆԵՐ

Երբ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելուց հետո երբեմն խոսում էր քաղաքականությունից, իր հարցազրույցների ընթացքում, հիշարժան դարձավ նրա հայտարարությունը, որ եթե ինքը լիներ նախագահ, Աբդուլլահ Գյուլը չէր գա Հայաստան: Այդ հայտարարությունը հիշարժան էր հատկապես այն պատճառով, որ հնչեց այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր Գյուլին հրավիրել ֆուտբոլ դիտելու եւ Հայաստանն ու ամբողջ առաջադեմ մարդկությունը սպասում էին, թե ինչ է պատասխանելու Գյուլը: 2009 թվականի օգոստոսի 31-ին Ռոբերտ Քոչարյանը նշում էր իր ծննդյան 55-ամյակը: Սերժ Սարգսյանը նույնիսկ զանգահարել էր նրան: Չէր այցելել, այլ միայն զանգահարել էր, թեեւ հետո պարզ դարձավ, թե ինչու: Բանն այն է, որ այն նվերը, որ Սերժ Սարգսյանը նախապատրաստել էր Ռոբերտ Քոչարյանի համար, դեռ պատրաստ չէր, դրա համար էլ Սարգսյանը թերեւս գերադասել էր ոչ թե այցելել Քոչարյանին, այլ միայն զանգահարել, քանի որ առանց նվերի այցը գուցե չլիներ այն, ինչ հարկ էր: “Նվերը” պատրաստ եղավ ավելի ուշ եւ հայտնվեց Հայաստանի արտգործնախարարության կայքում, օգոստոսի 31-ի գիշերվան մոտ: Դրանք հայ-թուրքական երկու արձանագրություններն էին, մեկը երկկողմ հարաբերություն զարգացնելու մասին, մյուսը դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին: Ինչով այդ ամենը նվեր չէ Գյուլի հրավերին դեմ հանդես եկած Ռոբերտ Քոչարյանին, որի ծննդյան օրը հրապաարակվում են երկու արձանագրությունները, որոնք կյանքի պետք է կոչվեն վեց շաբաթ անց: Թերեւս նվեր է ամեն ինչով եւ եթե այժմ Ռոբերտ Քոչարյանը դրա համար “շնորհակալություն” չհայտնի, ապա գրեթե միարժեք կարելի է ասել, որ հետագայում որեւէ այլ բան “հայտնելը” նրա համար գործնականում դառնալու է անհնար: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե իր նախագահության դեպքում կբացառվեր Գյուլի Հայաստան գալը, փաստացի պարտվում է Սերժ Սարգսյանի “գործին”, ով Գյուլին ոչ միայն հրավիրեց, այլ ներկայացված արձանագրություններով էլ նախանշում է, որ հրավիրելով պարտադրեց կամ կարողացավ համոզել բացել հայ-թուրքական սահմանն ու հաստատել դիվանագիտական հարաբերություն: Հիմա ով էր իրավացի, պետության շահի տեսանկյունից իհարկե` Սերժ Սարգսյանը, ով հրավիրեց Գյուլին, թե Ռոբերտ Քոչարյանը, ով դրա դեմ էր հանդես գալիս, ավելի շատ ծուղակ կանխազգալով: Երկրորդ եւ երրորդ նախագահների այդ հեռակա բանավեճը այդպիսով ձեռք է բերում բավական հետաքրքրական ինտրիգ; Պետք չէ մոռանալ իհարկե, որ կա դեռ առաջին նախագահը, ով երկրի ընդդիմության առաջնորդն է: Խնդիրը այն է, որ նա իր պահվածքով, խոսքով, քայլերով այսպես թե այնպես կարող է ծանրացնել կամ երկրորդ, կամ երրորդ նախագահի նժարը, կարող է լեգիտիմություն հաղորդել այս կամ այն մոտեցմանը: Ինչ կանի առաջին նախագահը, դժվար է ասել: Նրա ծննդյան օրը հունվարին է, իսկ մինչեւ հունվար դեռ շատ ջրեր կհոսեն: Այնպես որ կարելի է ենթադրել, որ առաջին նախագահը թերեւս չի շտապի առաջ ընկնել սեփական տարեդարձից, քանի որ “նվերը” իրեն չէ, որ մատուցվել է, իսկ եթե մատուցվել է նաեւ իրեն, ապա իր նվերը Սերժ Սարգսյանը շատ ավելի շուտ է մատուցել, փաստացի յուրացնելով արտաքին քաղաքական այն մոտեցումները, որոնցով փորձում էր քաղաքական դաշտում առանձնանալ առաջին նախագահը: Հետաքրքրականը թերեւս այն է, որ այդպիսով, հայ-թուրքական հարաբերության առկա իրողության շնորհիվ, Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է կարծես թե մի յուրահատուկ, առանձնահատուկ եւ աննախադեպ իրավիճակ, երբ օրինակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առաջին անգամ ոչ թե իրար են օգնում կամ միմյանց օգնության կարիքն են զգում ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ հենց նրանցից ամեն մեկի համար կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտակար լինել ընդդեմ մյուսի: Այդ իրավիճակը փաստացի փոխում է ներքաղաքական զարգացումների ամբողջ տրամաբանությունը, դրդելով, որ քաղաքական գործընթացի մասնակիցներն էլ փոխեն մինչ այժմ առավելապես կարծրատիպերի վրա հիմնված վարքագիծը: Այդ առումով թերեւս հիշարժան է ամիսներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսներից մեկը, երբ նրան հարցրի, թե արդյոք նա իրեն քաղաքական մրցակից համարում է Ռոբերտ Քոչարյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, թե քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ, հայտնի չէ, թե ուր է, չի կարող համարվել իրեն մրցակից: Երբ քաղաքականության մեջ լինի, այդ ժամանակ հնարավոր կլինի ասել` մրցակից է, թե ոչ: Այդպիսին էր Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նա շարունակեց կատակով, թե միգուցե այդ ժամանակ նույնիսկ լինի վիճակ, երբ ոչ թե մրցակից, այլ գործակից լինեն իրար: “Ինչ կա որ, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է”, ի պատասխան դահլիճի ժպիտների ժպիտով արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հազիվ թե նրա կարգի եւ փորձառության քաղաքական գործիչը մամուլի ասուլիսի ընթացքում անի կատակներ, առանց մտածելու դրանց ոչ միարժեք ընկալման անխուսափելիության մասին: Ավելին, փորձառու քաղաքական գործիչները համարձակ, բայց տվյալ պահին հանրության, մասսայի համար դժվար ընկալելի մտքերը երբեմն ասում են հենց կատակով, իբր կատակ, որ չընկալվելու եւ ավելորդ մեկնաբանությունների վտանգը չեզոքացվի: Մինչեւ երեւի թե կերեւա, թե ժամանակն ինչպես է վերաբերվել կատակին: Իսկ ներկա ժամանակից գլուխ հանելը ավելի ու ավելի է բարդ դառնում եւ դժվար է ասել, թե ժամանակը ինքն է կատակում, թե գնում է այլոց կատակները լրջացնելու ճանապարհով: Բոլոր դեպքերում, կարծես թե իրավիճակը ինքն է պարտադրում, որ Հայաստանում քաղաքականությունը վերջապես սկսի իր մեջ ավելի ու ավելի իրական մտածողություն եւ իրապաշտություն կրել, քան միֆոլոգիա կամ կռապաշտություն: Իսկ դա արդեն էական առաջընթաց է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: