Tuesday, September 8, 2009

ԱՆԿԱՐԱՆ ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«ԱԶԳ», 05-09-2009«- Ազգը» նախորդ համարում «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող արձանագրությունները պատրաստ էին ապրիլին» վերնագրով անդրադարձել էր արձանագրություններին առնչվող այն ուշագրավ մանրամասներին, որոնք հրապարակվել են «Հյուրիեթում» եւ Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքէջում: Երեկ «Սկանդալ Բաքվում» վերնագրով նոր մանրամասներ է հայտնել նաեւ «Միլիեթի» թղթակից Մելիհ Աշըքը: Ահա թե ինչ է գրում. «2009-ի մայիսի 14-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում ելույթ է ունենում Թուրքիա-Հայաստան հարաբերություններով զբաղվող Դեյվիդ Ֆիլիպսը (հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախաձեռնողն է): Ելույթից իմանում ենք, որ Շվեյցարիայում հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումները ծավալվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ: Այսինքն, բուն միջնորդը եղել է ոչ թե Շվեյցարիան, այլ ԱՄՆ-ը: Ֆիլիպսն ասում է, որ զույգ արձանագրությունները նախաստորագրվել են ապրիլի 2-ին: Ապրիլի 7-ին Օբաման ժամանում է Անկարա... Այստեղ նրան խոստում են տալիս, որի մասին Ֆիլիպսն ասում է. «Ապրիլի 7-ին, երբ նախագահ Օբաման Ստամբուլում հանդիպում է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ (նկատի ունի երկու երկրների արտգործնախարարներին), նրան հավաստիացնում են, որ հայ-թուրքական համաձայնագիրը որեւէ նախապայման չի ներառում, եւ երաշխիքներով հաստատում են դա...»: Մնացածի մասին արդեն պատմում է Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը: Նա մատնանշում է. «Ապրիլի 2-ին Շվեյցարիայում ստորագրում ենք այն համաձայնագիրը, որը Հայաստանի հետ սահմանի բացումն է նախատեսում, առանց նախապայմանի: Իսկ ապրիլի 7-ին Անկարայում Օբամային ասում ենք, որ նախապայման չէ նաեւ Ղարաբաղի ազատումը (հայկական ուժերից): Սակայն մայիսի 13-ին Բաքվում մեր վարչապետը հայտարարում է. «Քանի դեռ չի վերացել Ղարաբաղի օկուպացիան, սահմանը չի բացվի»: Ավելին, նա տալիս է ստորագրված համաձայնագրի եւ Օբամային տված խոստումի ոգուն միանգամայն հակասող երաշխիքներ, իսկ այդ երաշխիքները չեն կատարվում: Թուրքիան երբեւէ այս աստիճանի անվստահելի երկիր չէր ընկալվել եւ նրա արտաքին քաղաքականությունը արտերկրում այսքան չէր վարկաբեկվել»: Ադրբեջանն առայժմ լռում է, որովհետեւ ադրբեջանցիներն էլ ԱՄՆ-ի ճնշման տակ են: Սակայն այս սկանդալը ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Թուրքիայում լռությամբ անվերջ չես կոծկի: Սպասե՛ք, կտեսնեք»:

No comments: