Tuesday, September 8, 2009

ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՆԱՆԱ

«Լրագիր» 7-9-2009- Վերջին օրերին բավական ինտենսիվ տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, թե ինչ տարանցիկային դրախտ է ձեւավորվելու Հայաստանում, եթե բարելավվի հայ-թուրքական հարաբերությունը: Էլ Նաբուկո, էլ ավտոճանապարհ, էլ երկաթուղի, էլ գազանցում Իրանի եւ Թուրքիայի միջեւ Հայաստանի միջով: Շուտով անկասկած կհրապարակվեն տեղեկություններ նավթամուղի մտադրությունների մասին, հետո մեկ էլ տեսար Չինաստանն ու Ամերիկան որոշեն իրար հետ Հայաստանի ու Թուրքիայի սահմանով կապվել, հետո հանկարծ Հյուսիսային կամ Հարավային բեւեռներ անցնող արշավախմբերի ճանապարհը կանցնի Հայաստանով, նույնիսկ այդ բեւեները կարող են Հայաստանում հատվել: Միայն թե կարգավորվի հայ-թուրքական հարաբերությունը: Տարանցիկային մանանայի իրողությունը Հայաստանի համար նոր չէ: Դեռ տասնամյակ առաջ էր ասվում, որ եթե կարգավորվի Ղարաբաղի հարցը, ինչքան խողովակ կա՝ Հայաստանով է անցնելու: Այնպես որ, զարմանալի չէ, որ խողովակները հիշել են նաեւ այժմ, թեեւ կարծես երբեք էլ չեն մոռացել: Պարզապես եթե առաջ ասվում էր Ղարաբաղի կարգավորման կտրվածքով, ապա այժմ ասվում է հայ-թուրքական կարգավորման համատեքստում, թեեւ պարզ է՝ ենթատեքստում կրկին ունենալով Ղարաբաղը, քանի որ հայ-թուրքական հարաբերության բարելավումն ինքնին ոչինչ է աշխարհի եւ տարածաշրջանի համար, եթե չի կարգավորվում Ղարաբաղի հարցը: Հետեւաբար, հայ-թուրքականի դեպքում էլ, երբ խոսում են խողովակներից ու ավտոճանապարհներից, երկաթուղիներից եւ այլ ենթակառուցվածքներից՝ ասենք հեռագիր, հեռախոս, կամ ուրիշ այլ բան, ապա պետք է իմանալ, որ դրանք իրականանալիություն ենթադրում են միայն ու միայն Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում: Բայց դա առհասարակ: Իսկ ինչ է կատարվում ընդհանրապես: Ընդհանրապես այդ ամենի մասին խոսակցություններն ունեն մի գլխավոր նպատակ՝ հայ հասարակությանը համոզել, թե ինչքան շահավետ հեռանկար է մեզ խոստանում տվյալ դեպքում ֆուտբոլային դիվանագիտությունը, իսկ ընդհանրապես՝ Ղարաբաղի պատերազմից հետո հաստատված ստատուս-քվոյի փոփոխությունը: Հաշվարկն այն է, որ հասարակությունն ուրախությունից պար կգա եւ իշխանությանը կպատվիրի որքան հնարավոր է արագ ստորագրել թե հայ-թուրքական արձանագրությունները, թե Ղարաբաղի կարգավորման սեղանին դրված թղթերը, եթե պետք է մի բան էլ ավելի ստորագրել, միայն թե խողովակներն ու ճանապարհներն անցնեն Հայաստանով, որ մենք հարստանանք: Հասարակությունն իհարկե ուրախությունից չի էլ մտածի, որ այդ խողովակները Հայաստանում ունենալու են մեկ, կամ երկու տեր՝ ֆորմալ, կամ ոչ ֆորմալ, ու դրանց շահույթը, հասույթը կամ եկամուտը գնալու է առաջին հերթին այդ մեկ կամ երկու տիրոջ գրպանը, ինչպես որ գնաց Ղարաբաղի պատերազմի հաղթանակի “հասույթը”, “շահույթը” կամ “եկամուտը”: Հասարակությունն ուրախությունից կարող է եւ չկռահել, կամ չգիտակցել, որ եթե խողովակի դիմաց քեզանից հաղթանակ են պահանջում, ապա տալու դեպքում այդ խողովակի տերն արդեն դու չես, եւ եթե այսօր նույնիսկ խողովակը մտնի քո տարածք, ապա վաղը գուցե նույն խողովակը այլ տեղ մտցնեն, բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Հետեւաբար հուսալի է այն խողովակը, որը ձեռք չի բերվում հաղթանակի հաշվին, թեկուզ հաղթանակի մի մասի հաշվին: Բայց խնդիրն այդքանը չէ, թեեւ այդքանն էլ բավական է վտանգը պատկերացնելու համար: Խնդիրը նաեւ այն է, որ իրականում Հայաստանի տարածքով ոչինչ էլ չի անցնելու, կամ անցածն ամենեւին էլ այն չի լինելու, ինչ փորձում են ներկայացնել հասարակությանը, նրանից իրենց դիվանագիտական “նախաձեռնությունների” լեգիտիմություն աղերսելու կամ կորզելու համար: Խողովակներն ու ճանապարհները Կովկասում գցվում են քաղաքական նշանակությունից ելնելով: Եթե դրանց առաջնային նշանակությունը լիներ տնտեսական շահավետությունը, ապա ոչ մի Ղարաբաղի խնդիր եւ ոչ մի հայ-թուրքական սահման էլ չէր խանգարի այդ նախագծերի իրականացմանը: Իսկ երբ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորում է ղարաբաղյան փաթեթի շրջանակում, հաղթանակի հաշվին, ինչն անկասկած այդպես է, ապա դրանից Հայաստանի քաղաքական նշանակությունը ոչ թե աճում է, այլ նվազում: Հետեւաբար, տարանցիկ երկիր դառնալու հեռանկարը դրանից էապես չի ավելանում: Եղած խոսակցություններն ընդամենը հմտորեն մշակված քարոզչական հնարքներ են, որ միջազգային հանրության եւ թուրքական մամուլի աջակցությամբ իրականացնում է Հայաստանի իշխանությունը:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: