Tuesday, September 8, 2009

ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԸՍՏ ԾՐԱԳՐԻ

«Լրագիր» 7-9-2009- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների հրապարակումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մինչ դրանց վավերացումն ու ստորագրումը պետք է ծավալվեն հրապարակային լուրջ քննարկումներ: Եւ իսկապես, քննարկումներն սկսեցին անմիջապես, ընդ որում, հնչում են ինչպես կտրուկ բացասական, այնպես էլ դրվատական կարծիքներ: Բողոքեցին ավանդական հայկական կուսակցությունները, սփյուռքի կազմակերպությունները, արմատական բնույթի շարժումները: Իշխանամետ ուժերը (թերեւս բացառությամբ ՕԵԿ-ի, որը կարծես գոլորշիացել է) հանդես են գալիս դրանց օգտին, հայտարարելով, թե այդ հարցում պատրաստ են համագործակցել նույնիսկ Հայ Ազգային կոնգրեսի հետ: Մի խոսքով, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի – հասարակությունն ակտիվ քննարկում է, ըստ այդմ լեգիտիմացնելով առաջարկված փաստաթղթերը: Իսկ այլ բան չէր էլ ենթադրվում: Դժվար թե Սերժ Սարգսյանը, խոսելով հասարակական քննարկումների մասին, նկատի ուներ, որ դրանց արդյունքում փաստաթղթերում ինչ որ փոփոխություններ կարվեն: Այդ տեքստերն այնքան մանրազնին եւ երկկողմ լուրջ ճնշման տակ են մշակվել, որ մի բառի փոփոխությունը կարող է “տորպեդահարել” ողջ փաստաթուղթը: Դժվար թե Սերժ Սարգսյանը սպասեր նաեւ, թե լինելու են բուռն բողոքներ, հրաժարականի պահանջ կամ ապստամբություն: Նա հիանալի գիտեր, որ Դաշնակցությունը հանրահավաք կհրավիրեր, մեղմորեն կպահանջեր ԱԳ նախարարի հրաժարականը, մի խոսքով, կաներ այն, ինչ պետք է: Գիտեր, որ հնչակյանները, ռամկավարները եւ այլ ավանդականներ կհայտարարեն այն մասին, որ դա ազգային շահերի դավաճանություն է: Գիտեր, որ Զարուհի Փոստանջյանն ու Ժիրայր Սեֆիլյանը կմեղադրեն իշխանությանը դավաճանության մեջ: Սակայն դրանից այն կողմ բանը չի հասնի: Եւ ի՞նչ: Ասենք, դավաճան անվանեցին, առաջին անգամը չէ: Փոխարենն ինչպիսի~ պատմական առաքելություն է կատարվելու: Կարելի է հավերժ մտնել համաշխարհային պատմության մեջ: Մի քիչ վտանգավոր է այն, ինչ կատարվում է Սփյուռքում, բայց դրա հնարն էլ կա: Ահա եկել է ՀԲԸՄ նախագահը, թերեւս՝ իրադարձություններից անհանգիստ, իսկ նախագահն անմիջապես ընդունել է նրան, եւ նրա մամուլի գրասենյակը հայտնել է ընդամենը, թե իբր ՀԲԸՄ աջակցում է իշխանության քայլերին: Իսկ չէ որ դա հայկական խոշորագույն կազմակերպություններից է: Սերժ Սարգսյանը գիտե ինչ սպասել սեփական երկրից: Այնպես որ, բուռն քննարկելով ու քննադատելով արձանագրությունների տեքստը, մեզնից յուրաքանչյուրն ավելացնում է դրանց լեգիտիմությունը: Քանի որ 6 շաբաթ անց այդ արձանագրություններն, անցնելով հանրային քննարկումները, լինելու են օրինական: Դրանք կարելի է կանգնեցնել ոչ թե քննարկումներով, այլ կոնկրետ գործողություններով, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ իշխանության քաղաքականության կամ հենց իշխանության վրա: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: