Wednesday, October 14, 2009

Ո՞Վ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂԸ

«ԱԶԳ», 14-10-2009- Մեկնաբանելով դիվանագիտական այն արտահոսքի վերաբերյալ սկանդալը, թե Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների հետաձգման ժամանակ նամակ է գրել Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանին, ռուսական «Ռեգնում» գործակալության մեկնաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոկտեմբերի 10-ին ռուսական (եւ ոչ միայն-Մ.Խ.) ԶԼՄ-ներ հոսող ողջ տեղեկատվությունըՙ Թուրքիայի եւ Հայաստանի տարաձայնությունների մասին, դուրս է եկել ՌԴ արտգործնախարարությունից, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն ոչ մի խոսք չի ասել Նալբանդյանի վրա Լավրովի ճնշման մասին: Ընդհակառակը, նկատում է «Ռեգնումի» մեկնաբանը, ամերիկյան, հայկական եւ թուրքական լրատվամիջոցները խոսում էին ամերիկյան դերի մասին` Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման գործում: Իսկ թե ի՞նչ էր այդ պահին անում Հիլարի Քլինթոնը` ռուսական դիվանագիտական աղբյուրները լռել են, ըստ մեկնաբանի: Իսկ, օրինակ, «Ասոշիեյթեդ պրեսը», հղում անելով ամերիկյան դիվանագետական աղբյուրին, նույն օրը հաղորդել է Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցների մասին` հայկական եւ թուրքական կողմերի հետ: Մեզ հայտնի այլ փաստեր վերլուծելով` «Ռեգնումի» մեկնաբանը գալիս է այն եզրակացության, որ «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնական թերթի այսքան միանշանակ ուղղորդումը հենց կիրակի օրը, ցյուրիխյան ստորագրումից հետո, պետք է եղել ՌԴ ԱԳՆ-ին` այն էլ ուշացած եւ չհամաձայնեցրած` բոլոր մասնակից կողմերի հետ, որպեսզի ապացուցի ոչ թե Քլինթոնի առաջատար դերը համաձայնության հասնելու մեջ, այլ հենց Լավրովի դերակատարությունն ընդգծելու: Հազիվ թե արժե մտածել, թե դիվանագիտական գաղտնիքը` հայկական ԱԳ նախարարին ուղղված անձնական նամակի բովանդակությունը, ռուսական պաշտոնաթերթում հայտնի դարձնելու իրավունք ուներ միայն Է. Նալբանդյանը: Դիվանագիտական գաղտնիքի բացահայտումը ռուսական պաշտոնաթերթում ավելի խոսուն է այն պատճառով, որ դա տեղի ունեցավ Հայաստանի եւ ՌԴ նախագահների այցի նախօրեին, երբ պարզ էր, որ երկու երկրների առաջնորդներն անպայման կքննարկեն ցյուրիխյան ստորագրումն ու մանրամասները: Դժվար է նաեւ ենթադրել, որ այդպիսի ինքնաբացահայտման նախաձեռնությունը` հայ-թուրքական համաձայնության ձեռքբերման գործում Լավրովի հաջողության վերաբերյալ, Կրեմլից է:

No comments: