Հայտարարում է «Վաշինգտոն» ինստիտուտի թուրք փորձագետըՙ նկատի առնելով Մոսկվայի աջակցությունը հայ-թուրքական հաշտեցմանը
«ԱԶԳ», 21-10-2009- Այդ մասին, ինչպես վկայում է «Հյուրիեթը», հայտարարել է ԱՄՆ-ի կարեւորագույն վերլուծական կենտրոններից «Վաշինգտոն» ինստիտուտի «Թուրքիա» ծրագրի տնօրեն Սոներ Չաղաթայը : Նա Ռուսաստանի աջակցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացին համարելով անակնկալ, ասել է, որ Մոսկվան այս աջակցության հետնաբեմում Անկարա-Բաքու հարաբերությունները փչացնելու հաշվարկներ է անում:
«Հյուրիեթ» թերթիՙ «Թուրքիայի տարածքով Հայաստանի դուրս գալը դեպի Եվրոպա, ինչպես նաեւ Կովկասում Վրաստանը շրջանցող էներգետիկ այլընտրանքային միջանցքի ստեղծումը չեն բխում Ռուսաստանի շահերից, սակայն Ռուսաստանը աջակցում է Երեւան-Անկարա երկխոսության գործընթացին: Ինչո՞վ բացատրել» հարցին ի պատասխան Չաղաթայն ասել է. «Կովկասում Ռուսաստանի ռազմավարությունը հիմնված է կասպյան ավազանի էներգետիկ պաշարների արտահանումն Արեւմուտք կանխելու եւ խողովակաշարերի կառուցումը կասեցնելու հաշվարկների վրա: Այդ առումով անկախ Վրաստանի գոյությունն անհանդուրժելի է դառնում Ռուսաստանի համար, որովհետեւ դա ենթադրում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի համալրումը լրացուցիչ խողովակաշարերով:
Այդ առումով Ռուսաստանի կովկասյան ռազմավարությունն ունի մեկ նպատակ: Դա Վրաստանի անկախությունն սպառելն է: Մոսկվան այդ ուղղությամբ աշխատելիս միաժամանակ տպավորություն է ստեղծում, թե աջակցում է Հայաստան-Թուրքիա մերձեցմանը: Առաջին հայացքից թվում է, թե այս մերձեցումը հակադիր է Ռուսաստանի շահերին, որովհետեւ Կովկասում Հայաստանը Ռուսաստանի յուրահատուկ «փեշն» է: Պարզապես Մոսկվան աջակցելով այս մերձեցմանը, ձգտում է փչացնել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, որպեսզի Բաքուն հրաժարվի Անկարայից եւ մերձենա իր հետ: Քանի որ Հայաստանը երբեւէ չի կարող լքել Ռուսաստանին, ուստի այդ դեպքում Մոսկվան իր ուղեծրի մեջ կընդգրկի հարավկովկասյան երեք հանրապետություններից երկուսինՙ Հայաստանին եւ Ադրբեջանին, իսկ Վրաստանն արդեն լիակատար կմեկուսանա»:
Ի դեպ, «Վաշինգտոն» ինստիտուտի «Թուրքիա» ծրագրի ղեկավար, դոկ. Չաղաթայը դասավանդում է ԱՄՆ պետքարտուղարությանն առընթեր գործող Դիվանագիտական ակադեմիայում, որտեղ կրթություն են ստանում ամերիկացի այն դիվանագետները, որոնք որպես կանոն գործուղվում են Թուրքիա: Նա մասնագիտությամբ պատմաբան է, ունի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների թեմաներով մի շարք աշխատություններ, հաճախակի հոդվածներով հանդես է գալիս աշխարհի առաջնակարգ թերթերում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment