Thursday, November 12, 2009

Էրդողանի անակնկալը` Ադրբեջանին

Panorama.am 12.11.2009 - Թուրքիայի կառավարությունը ծրագրում է Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկին նորմալ հունի մեջ բերելու համար դադարեցնել երկու երկրների միջև գործող վիզային (մուտքի արտոնագիր) ռեժիմը: Ըստ թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի` նման մտադրության մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետը Էրդողանը` կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության «որոշումների ընդունման և կատարման կենտրոնական խորհրդի» նիստի ժամանակ: «Վարչապետ Էրդողանը վերջին շրջանում` Հայաստանի հետ մերձեցման պատճառով թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին, անակնկալ հայտարարություն է արել, ըստ որի, երկու երկրների միջև գործող վիզային ռեժիմի հանումը սկզբունքային է»,- գրում է «Sabah»-ը: Թուրքիայի վարչապետը նաև հայտնել է, որ այդ հարցը վերջնականապես քննարկվելու է առաջիկայում Թուրքիա այցելող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Էրդողանի խոսքով` վիզային ռեժիմը հանվելու է նաև Հորդանանի հետ: Խոսելով դեմոկրատական նախաձեռնության ընթացքի մասին (քրդական հարցի լուծումն այդպես է ընդունված անվանել-խմբ)` Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել թուրքական մեջլիսի աշխատանքներից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին, երբ թուրքական խորհրդարանում քննարկվում էր քրդական հարցը, մթնոլորտն այն աստիճան էր թեժացել, որ բանը հասավ փոխադարձ վիրավորանքների, հայհոյանիքի և, մինչևիսկ, ձեռնամարտի: Այդուամենայնիվ, «Ժողովրդավարական նախաձեռնության» առաջարկությունը դրվեց քվեարկության և ընդունվեց: Նշված թեմայով քննարկումները Թուրքիայի խորհրդարանում շարունակվելու են նաև այսօր:

No comments: