Tuesday, December 8, 2009

Աֆղանստան ուղարկվելիք հայկական զորախմբի առաքելությունը կլինի Կունդուզի օդանավակայանի պահպանությունը

«Ազատություն» 7-12-2009. Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ավելի քան մեկ ամիս առաջ կնքված համաձայնագրի համաձայն նախատեսվում է Աֆղանստան ուղարկել հայկական զինված ուժերի 35-80 ներկայացուցիչների։ Երկուշաբթի օրը վավերացման նպատակով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով համաձայնագիրը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ հայաստանցի զինվորները ծառայելու են Գերմանիայի հրամանատարության տակ։ «Զորախմբի հիմնական առաքելությունը պետք է լինի Կունդուզ քաղաքի օդանավակայանի թռիչքադաշտի, շինությունների պահպանությունը», - նշեց պաշտպանության նախարարը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ուշադրույթուն հրավիրեց այն հանգամանքին, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպմանը նախատեսվում է քննարկել նաեւ Աֆղանստանի հետ կապված հարցեր: «Այսօր Հայաստանի խորհրդարանում քննարկումը պատահական չէ»,- հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը։ - «Այստեղ ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստը այս քայլի, որովհետեւ մենք փորձում ենք կրկին ցույց տանք, որ մեր հարեւաններից ավելի լավն ենք։ Ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային հանրության լիարժեք անդամ գիտակցի իրեն ամեն պահի, չունենա այդ փոքրի կոմպլեքսը եւ ուղղակի այդպիսի առաքելություններում ուղղակի հաճոյանալ աշխարհի հզորներին եւ գերտերություններին», - հավելեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը։ Աֆղանստանում ներկայացուցիչներ ունենալու Հայաստանի որոշման քաղաքական ենթատեքստն ընդգծեց նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը. - «Վերջնական նպատակը Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքական արեւմտյան վեկտորի ապահովումն է»։ Պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ հիմա Աֆղանստանում իրավիճակն ավելի վատ է, քան խորհրդային տարիներին էր։ «Իմ խորին համոզմամբ մենք ամենայն խորությամբ չէ, որ գնահատում ենք, թե ինչպիսի գործընթացի մեջ ենք ներքաշվելու», - զգուշացրեց պատգամավորը։ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մխիթարյանը եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կողմ արտահայտվեցին համաձայնագրի վավերացմանը։ Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Աֆղանստան զորախումբ ուղարկելով Հայաստանը ստանձնում է միջազգային անվտանգության համակարգի ձեւավորման սեփական մասնաբաժինն ունենալու պատասխանատվությունը։ «Ինչպես ասում են՝ մենք ոչ միայն սպառող ենք, այլեւ անվտանգության միջավայրի ձեւավորման համար կոնկրետ մասնակցություն ունեցող պետություն», - ասաց պաշտպանության նախարարը։ Խորհրդարանը քննարկված համաձայնագրի վավերացման վերաբերյալ որոշում կկայացնի, երբ դահլիճում ներկա գտնվի պատգամավորների մեծամասնությունը:

No comments: