Tuesday, December 29, 2009

Milliyet-ի թղթակից. Գիտակցության սահմանները բացելը՝ հայ-թուրքական սահմանների բացման չափ կարեւոր է

News.am. 28-12-2009- Դեկտեմբերի 17-20-ը Երեւանում գտնված թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ թուրքական Milliyet-ի թղթակից Քադրի Գյուրսելը իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Երեւանում իրենց կողմից Հայոց ցեղասպանության հուշարձան այցին եւ այնտեղ ծաղիկներ դնելուն։ «Անցյալ շաբաթ Երեւանում Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ մի փունջ մեխակներ դրեցինք եւ հուշարձանի կրակի մոտ հարգանքի մի քանի րոպե՝ կանգնեցինք։ Այո, մեր այդ պահվածքը ձեզ մոտ այս հարցը կառաջացնի. „Հայոց Ցեղասպանությունը ընդունու՞մ եք“: Ես իմ անունից չեմ ասի ոչ, եւ ոչ էլ՝ այո։ Այդ իրադարձություններից մոտ 100 տարի է անցել, սակայն մեզ համար այդպիսի պատասխանների համար ժամանակը դեռ չի եկել։ Ցեղասպանության հուշարձան մեր այցի մասին Ադրբեջանում էլ են լսել եւ մի ադրբեջանական հեռուստաընկերությունից ինձ զանգահարեցին՝ ասելով. „Ճիշտ է՞, որ ծաղիկ եք դրել, Ցեղասպանությունը ճանաչո՞ւմ եք“: Ես պատասխանեցի, որ ծաղիկներ ենք դրել, որովհետեւ հասկացել ենք նրանց ցավը եւ ցույց ենք տվել զոհվածների հիշատակի հանդեպ մեր հարգանքը։ Ամեն դեպքում ես այդպես եմ մտածում։ Ես կարծում եմ, որ մարդկային առումով շատ ճիշտ է այնտեղ ի նշան հարգանքի կանգնել եւ ծաղիկներ դնել։ Իրոք, մենք գիտե՞ինք թե ինչեր են տեղի ունեցել Անատոլիայում 1915-1922 թվականներին։ Իսկ այսօր գիտե՞նք։ Ո՞վ կարող է հանգիստ սրտով ասել այո։ Ինչու՞ ենք ցանկանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանների բացումը աշխարհաքաղաքական եւ տնտեսական օգուտներ կտա՞։ Գիտակցության սահմանները բացելը՝ հայ-թուրքական սահմանների բացման չափ կարեւոր է»,- իր հրապարակման մեջ նշել է Քադրի Գյուրսելը։ NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպած ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 17-20-ը Երեւանում գտնված թուրքական հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչները այցելել էին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել եւ Հավերժական կրակի մոտ, հանդիպել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Թուրքիայից ժամանած հյուրերը ներկա են գտնվել նաեւ Ս. Էջմիածնի Մայր տաճարում կիրակնօրյա պատարագին եւ տպավորվել էին եկեղեցու ներսում տիրող ջերմ եւ խաղաղ մթնոլորտից։

No comments: