Իսկ դրա հաղթահարումը հազիվ թե կարճաժամկետ հեռանկարում հաջողվի նրանց
«ԱԶԳ», 20-02-2010 - Փետրվարի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական պետությունը «Ապրիլի 24-ից» չի վախենում: Մինչդեռ թուրք-ամերիկյան հարաբերություններում դիվանագիտական եռուզեռ է: Հենց Հայոց ցեղասպանության հարցով են պայմանավորվում փոխադարձ գործուղումները, իսկ երկկողմ հանդիպումներն ու բանակցություններն ընթանում են այդ հարցի շուրջը: Տեղի են ունենում նաեւ անմիջականորեն հարցին առնչվող բուռն քննարկումներ:
Փետրվարի 15-ին, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղեւորվում էր Քաթար, որտեղ նա անակնկալ հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, քննարկելու համար, ըստ երեւույթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցը, արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրօղլուի գլխավորած պատվիրակությունը ուղեւորվեց Վաշինգտոն, որի կազմում է նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը:
Փետրվարի 16-ին Վաշինգտոնում նա վճռորոշ հանդիպումներ ունեցավ, որոնցում առաջնահերթ նշանակությամբ, ինչպես նշում է CNN-Turk-ը, քննարկվեցին Հայաստանին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրներ, իհարկե, Ցեղասպանության բանաձեւի շրջանակում: Երեկ Անկարայում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բյորնսը: Նրա այցը, նույն աղբյուրի վկայությամբ, Թուրքիայի տեսանկյունից կարեւորվում է Հայաստանին առնչվող խնդիրների, ինչպես նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում գտնվող Ցեղասպանության բանաձեւի առումով:
Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա դրանցից պետք է առանձնացնել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրիի փետրվարի 17-ի հանդիպումը Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Դա, թուրքական մամուլի վկայությամբ, տեւել է մեկուկես ժամ, որի ընթացքում, որպես առանցքային խնդիր, քննարկվել է Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը:
Ամերիկյան դեսպանը 50 տոկոս է համարել բանաձեւի ընդունման հավանականությունը եւ ասել է, որ տոկոսային այդ հարաբերակցությունը կմեծանա, եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները: Այնուհետեւ նա հիշեցման կարգով ասել է, որ ամերիկյան կողմին հայտնի են Թուրքիայի մտահոգությունները, դեռեւս դեկտեմբերի 7-ին Սպիտակ տանը, ընդունելով վարչապետ Էրդողանին, նախագահ Բարաք Օբաման բանաձեւի առնչությամբ որոշակի տեղեկություններ էր հաղորդել նրան:
Դեսպան Ջեֆրիին ի պատասխան, հանձնաժողովի Ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչ Դենիզ Բոլյուքբաշին ասել է. «Արձանագրությունների վավերացումը սխալ քայլ կլինի: Կառավարությունը պետք է իսկույն հետկանչի ենթարկի: Եթե դա չի արվում, ապա ներկայացնի քննարկման, որ Մեջլիսը մերժի»: Նրան հավելել է հանձնաժողովի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Օնուր Օյմենը, նշելով. «Այս Արձանագրությունները վավերացման ենթակա չեն: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չի կարող վավերացնել դրանք, ԱՄՆ-ի Կոնգրեսն էլՙ հայկական բանաձեւը: Կոնգրեսի օրակարգում գտնվող բանաձեւը, որպես ցեղասպանության իրագործման ժամանակահատված, նշում է 1915-1923 թթ.: Հետեւաբար դա ներառում է ոչ միայն օսմանյան, այլեւ Աթաթուրքի շրջանը: Դա մեծ սխալ է եւ անարդար, ուստի ընդունել չի կարելի»: Դեսպան Ջեֆրին արձագանքել է Օյմենին. «Ես այդ հարցի մասնագետը չեմ, սակայն Կոնգրեսն անկախ մարմին է, ինքնուրույն է գործում»:
Այդ ընթացքում Մեջլիսի արտաքին հարաբերությունների նախագահ Մուրադ Մերջանը , որը վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից է, լրագրողներին ասել է, որ հանդիպմանը իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները միաձայն անընդունելի են համարել 1915-ի իրադարձություններին առնչվող բանաձեւի ընդունումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, դա լուրջ վնաս կհասցներ թուրք-ամերիկյան հարաբերություններին, եւ այդ մասին տեղեկացրել են ամերիկյան դեսպան Ջեֆրիին:
Հանդիպումից հետո դեսպան Ջեֆրին եւ Օյմենը պատասխանել են լրագրողների հարցերին: Դրան հետե ւել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օյմենի եւ նրա կուսակից Շուքրյու Էլեքդաղի մամուլի ասուլիսը: Ի դեպ, երկուսն էլ պաշտոնաթող դեսպաններ են: Օյմենը շատ մեծ է համարել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հավանականությունը Ներկայացուցիչների պալատում եւ ասել է. «Մենք տարիներ շարունակ ձախողել ենք այդ բանաձեւերը: Ընդունվելու դեպքում լուրջ վնաս են կրելու ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները»:
Էլեքդաղն անդրադարձել է հայ-թուրքական Արձանագրություններին, մասնավորապես ասելով. «Հայաստանի Սահմանադրական դատարանը նախ ասում է, որ դրանք համապատասխանում են երկրի սահմանադրությանը, ապա վերապահումներ է անում: Ի՞նչ է ուզում անել Հայաստանը: Մեր կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել Արձանագրությունները խորհրդարան ներկայացնելուն»: Վերջում նա ասել է, որ Հայաստանը փորձում է անկյուն խցկել Թուրքիային, հետագայում հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե կբարելավվեն, այլեւ կվատթարանան, եւ Ադրբեջանը վերջնականապես կկորցնի Թուրքիայի նկատմամբ վստահությունը:
Եթե ամփոփենք թուրք պատգամավորների տեսակետները, ապա առանց վարանելու կարող ենք փաստել, որ դրանք արտահայտում են Թուրքիայի «Ապրիլի 24-ից» բխող մտավախությունը: Սակայն խնդիրը մտավախությունը չէ, այլ հայ-թուրքական Արձանագրությունների միջոցով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու թուրքական հաշվարկների ձախողումը: Ձախողման գիտակցումը հավասարակշռությունից հանում է նրանց, եւ այս պատգամավորներըՙ իշխանության, թե ընդդիմության, դառնում են հայերի եւ Հայաստանի նկատմամբ թուրքական իրականության մեջ արմատակալած թշնամանքի թարգմանը:
Սա նշանակում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գլխավոր խոչընդոտը ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն է, ո՛չ Ղարաբաղյան հակամարտությունը, ո՛չ էլ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայ-թուրքական Արձանագրություններին առնչվող որոշումը, այլ թուրքական իրականության մեջ արմատակալած հայատյացությունը: Առանց դրա հաղթահարման Թուրքիան չի կարող նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները, իսկ դա հազիվ թե կարճաժամկետ հեռանկարում հաջողվի նրան:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Saturday, February 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment