Thursday, March 18, 2010

«Լրագիր» 18-3-2010- Անկախ նրանից, թե «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճի պահպանման համար միավորված 4000 հոգին ինչ տարբեր հիմնավորումներ են բերում, այս պայքարը մի շատ կարևոր նշան է։ Բանն այն է, որ այսօրվա որոշում ընդունողներն ու եկեղեցին անցել են Երևան քաղաքի վերաձևման ու ճարտարապետական տեսքն իրենց մտածողությանը հարմարեցնելու երկրորդ փուլին։ Այս քաղաքը պետք է դառնա կամայական ցածրաճաշակ կառույցների և «անժամանակ միջնադար» արտացոլող եկեղեցիների մի համախումբ, որում տեղ չունի ժամանակակից արվեստը։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ամենահանճարեղ տաճարները (Թալինի եկեղեցին, Ավանի եկեղեցին ...) նվաստացուցիչ գոյության են դատապարտված, նման ձգտումներն ավելի քան տարօրինակ են։ Այս ամենն ինձ առիթ է տալիս եզրակացնել, որ եկեղեցին ընդհանրապես մերժում է լուսավորականությունը կամ դրա ցանկացած դրսևորում։ Ճարտարապետական արժեք ունեցող դահլիճն ընդամենը բետոնի կտոր է, որը կարելի է փշրել ու կառուցել եկեղեցի մի երկրում, որը եկեղեցիների թվով բոլոր ռեկորդներն է խփում։ Դրա համար եկեղեցին և կառավարությունը չեն խորշում նույնիսկ թաքուն համաձայնություններից՝ երևանցիների թիկունքում։ Խնդիրը շատ ավելի լուրջ է։ Թամանյանը պատահական չէր ընդարձակ փողոցներ ու լայնածավալ այգիներ, հրապարակներ նախագծում։ Միթե չի կարելի Սայաթ Նովա փողոցի Սբ. Կաթողիկեն պարզապես թողնել իր միայնության մեջ և շուրջը կանաչ ընդարձակ պուրակ դարձնել։ Այդպես, լավագույնս կընդգծվի պատմության ընթացքն ու հետքերը։ Այդպես են անում ապագային նայող երկրներում։ Իսկ թե ինչ են ուզում կառուցել այնտեղ, նույն ձեռագրից է բխում։ Միայն նախագծի նկարին նայելը բավարար է, պատկերացնելու համար, որ այն ոչ մի կապ չի ունենալու շրջապատող միջավայրի հետ։ Եվս մեկ անգամ մեր հոգևոր ու քաղաքական իշխանությունները փորձ են անում մեզ կտրել ժամանակակից աշխարհից։ Եվ սա արվում է հենց Աստծո անվան տակ։ Այս ամենը ոչ թե ամրապնդում է հավատը, այլ ավելի սպանում այն։ Այս պատմությունը շրջադարձային նախադեպ է, որի դեպքում երիտասարդներն ու ակտիվացած մտավորականներն ի վիճակի են իսկապես հասնել ընդունված որոշման փոփոխությանը։ Եթե նրանք էլ կոտրվեն, ուրեմն ևս մեկ սերունդ կարտագաղթի։ Երևանը մեր ինքնությունն է։ Նրա դեմքը ֆունդամենտալ փոփոխման վտանգի տակ է։ Կհայտնվե՞նք կիսաֆեոդալական ու կիսակղերական մի նոր միջավայրում՝ Երևանի կենտրոնում, կախված է Երևանի բնակիչներից։ Եվ վերջապես դադարեք մեզ «հոտ» անվանել, այստեղ գործ ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: ՎԱՀՐԱՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

No comments: