Friday, May 7, 2010

Շուշիի հաղթանակից 18 տարի անց. Բերդաքաղաքը գրավեցինք կայծակնային արագությամբ

panorama.am-Այսօր լրագրողների հետ հանդիպեցին, իրենց հուշերն ու գնահատականները ներկայացրեցին Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկները: «Առանց Շուշիի ազատագրման, հնարավոր չէր լինի ազատագրել Լեռնային Ղարաբաղը»,-ասաց Իգոր Սարգսյանը: Նա ասաց, որ Արցախի ժողովրդի մոտ ձգտում կար՝ ապրելու ազատ երկրում, նրանք մարտական ոգի ունեն, որը նրանց օգնեց ազատագրել Շուշին՝ անառիկ ամրոցը: Առաջին հերթին պետք էր գրավել Շուշին, քանի որ հենց այստեղից էին ադրբեջանական զորքերը գնդակոծում ու կրակահերթ բացում Ստեփանակերտի ու նրա շրջակա բնակավայրերի վրա: «Շուշին անհասանելի էր, և եթե ադրբեջանցիները մի փոքր խելք ու ոգի ունենային, ապա Շուշին հնարավոր չէր լինի ազատագրել, հատկապես նման քիչ կորուստներով: Ադրբեջանցիները գիտակցում էին, որ դա իրենց հողը չէ, իրենց հայրենիքը չէ, դրա համար էլ չէին ցանկանում պահել քաղաքը: Շատ Օմոն-ականներ, որոնք ուղարկված էին Բաքվից, լքեցին Շուշին»,-պատմեց Ի. Սարգսյանը: Շուշիի ազատագրումն իրականացվել է չորս ուղղությամբ: Զորքերը քաղաք են մտել երեք ուղղություններով, իսկ չորրորդը հսկել է Լաչին-Շուշի հատվածը, որպեսզի ադրբեջանցիներին օգնություն չհասնի: Միաժամանակ Շուշիից փախչող ադրբեջանցիների համար միջանցք է թողնվել դեպի Լաչին ու Քելբաջար: Մայիսի 8-ին ղարաբաղյան ստորաբաժանումն անցել է հարձակման, որը ղեկավարել է Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, ով իր հսկողության տակ է վերցրել Շուշի-Լաչին մայրուղին: Արդեն կեսօրին Շուշիի պաշտպանությունը հյուսիսից ու արևելքից ճեղքվել է: Փողոցային մարտերի արդյունքում Արցախի ինքնապաշտպանական ուժերը տիրեցին քաղաքի կենտրոնական մասերին: Մայիսի 9-ին Շուշին ամբողջությամբ ազատագրված էր: «Շուշին ազատագրվեց մի քանի ժամվա ընթացքում, կայծակնային արագությամբ: Ադրբեջանական ինքնաթիռներն ու ուղղաթիռները մի քանի անգամ փորձեցին գրոհել Շուշին, նրանց փորձերն ապարդյուն էին: Շուշին այլևս մերն էր»,-ասաց Ի. Սարգսյանը: «Ստեփանակերտի բնակիչները Շուշին ազատագրողներին դիմավորեցին ծաղիկներով, չէ որ հենց նրանց շնորհիվ նրանք երկու տարի անց դուրս եկան նկուղներից: Նկուղներում ծնված երեխաներն առաջին անգամ կարողացան դուրս գալ փողոց ու աշխարհը տեսնել»,-ասաց Շուշիի օպերացիային մասնակցած բժիշկ Աիդա Սերոբյանը: «Այսօր մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու պատերազմից, պետք է բարձր պահենք հաղթանակի պատիվը: Ու միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել և կարող է վերսկսել ցանկացած պահի: Ամեն պահ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասաց պատերազմի մասնակիցը: Ի. Սարգսյանի խոսքով, Շուշիի համար պայքարում էին մեծից փոքր: Ա. Սերբյանը պատմեց, որ նրանց շարքերում կարելի էր հանդիպել նույնիսկ 12-13 տարեկան տղաների, որոնք իրենց հայրերի մահից հետո վերցրել են նրանց զենքն ու նետվել մարտի: «Այդ մարտական ոգին մենք պետք է պահպանենք նաև այսօր»,-ընդգծեց նա: Ի. Սարգսյանը ցավով նշեց, որ այսօր արժեքային համակարգը փոխվել է, այսօր երիտասարդության համար արժեք է միայն կյանքի նյութական կողմը: «Չեմ կարծում, որ նոր համակարգը կխեղդի այն, ինչ դարերով նստած է հայ ժողովրդի մեջ: Պետք չէ մտածել զիջումների մասին: Փոքրագույն զիջումը կբերի ամբողջ տարածքի զիջման, իսկ դա կնշանակի անվտանգության ողջ համակարգի խաթարում: Չենք տա թշնամուն ոչ մի թիզ հող»,-հայտարարեց Ի. Սարգսյանը: Նա ցավով ասաց, որ 1992-ին Հյաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան խելացի չգտնվեց, որ վերցներ Նախիջևանը: Ըստ նրա, դա մեր անվտանգության համակարգն ավելի հզոր կդարձներ: Ասուլիսի վերջում տեղ հասավ նաև Հայրանեկան Մեծ պատերազմի վետերան Հենրիկ Խառատյանը, ով պատրաստվում է հատուկ նշել հաղթանակի 65-րդ տարեդարձը: «Ես այս տոնը նշում եմ ամեն տարի, իսկ 65 տարին մի ամբողջ կյանք է և հոբելյանը պետք է նշել շուքով»,-ասաց վետերանը: Նա բանակ է գնացել, երբ դեռ երեխա էր: 17 տարեկանում արդեն տանկիստ էր, իսկ հաղթանակից հետո էլ նրան ուղարկել են հեռավոր Արևելք՝ կռվելու Ճապոնիայի դեմ: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments: