News.am. 3-5-2010- Չնայած նրան, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում անմիջապես Հայաստանին վերաբերող հարցեր չեն եղել, այնուամենայնիվ հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ եւ արդյունավետ է աշխատել ու կարողացել է հասնել իր առջեւ դրված նպատակներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշել է, որ «Կանանց իրավունքները հակամարտության եւ հետհակամարտային տարածաշրջանում» իր զեկույցում ներկայացրել է ադրբեջանցիների կողմից քաղաքներում ու գյուղերում, մասնավորապես՝ Մարաղայում, իրականացրած հայերի կոտորածը։
«Իմ մեկ այլ զեկույցում, որը ես, ցավոք սրտի, չեմ հասցրել կարդալ, սակայն այն արդեն դրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում, ես անդրադարձել եմ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում հայերի էթնիկ զտումներ չեն եղել։ Ես բազմաթիվ փաստերի հիման վրա ժխտել եմ այդ հայտարարությունը, ինչպես նաեւ իմ եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում կարող էին չլինել վրանային քաղաքներ, եթե այդ երկրի իշխանությունները փախստականներին տեղավորեին սպանված կամ կոտորածների ժամանակ տեղահանված հայերից մնացած 92 հազար բնակարաններում»,-հայտարարել է Զոհրաբյանը։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում, շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության հարցի քննարկմանը։ «Սակայն այդ փորձերը դադարեցվել են Շվեյցարիայի արտգործնախարար Միշել Քալմի Ռեյի կողմից, ով Եվրամիության Նախարարների կոմիտեի նախագահն է։ Նա, մասնավորապես, անթույլատրելի է համարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին զուգահեռ մեկ այլ մարմնի ստեղծումը, որը կզբաղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, եւ սա ԵԱՀԿ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի անդադար փորձերից հետո՝ տեղափոխել այդ հարցը իր ղեկավարած կառույց»,-ընդգծել է նա։ Զոհրաբյանի խոսքով, Միշել Քալմի Ռեյը շեշտը դրել է հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ ընդունի արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու Երեւանի ազդանշանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ-ում Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի ստեղծման գործընթացին՝ Զոհրաբյանը նշել է, որ այդ առնչությամբ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ «Ընդամենը Չավուշօղլուի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հանդիպման վերաբերյալ՝ հետագա պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Այնպես, որ այդ ֆոնի վրա Չավուշօղլուի „ինքնառաջադրումը“ ենթադրական ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը շատ հնարավոր է եւ չստեղծվի, մեղմ ասած, տարօրինակ է»,-նշել է Զոհրաբյանը։ Նա նաեւ հաղորդել է, որ Չավուշօղլուն հրավիրել է որպես դիտորդ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին, որը կայանալու է մայիսի 23-ին։ «Եթե Չավուշօղլին այդպես հետաքրքվում է Լեռնային Ղարաբաղով, ապա թող այցելի այնտեղ եւ համոզվի, որ այն կայացած ժողովրդավարական երկիր է»,-ասել է խորհրդարանականը։ Նա նաեւ հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment