Saturday, April 30, 2011

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` 70:30

«Ազգ», 30/04/2011: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` նեղ շրջանակում քննարկումների ժամանակ նախնական համաձայնություններ են ձեռք բերվել առաջիկա խորհրդարանի քարտեզի վերաբերյալ: Իհարկե, դեռ այդ քարտեզը որոշակի փոփոխություններ կկրի` հետագա ազդեցությունների կամ տարբեր բանակցությունների հետեւանքով: Սակայն այս պահի վերեւների պատկերացումներն ապագա խորհրդարանի վերաբերյալ այս են եւ հետաքրքրական նրանով, որ արտահոսքը տեղի է ունեցել ՀԱԿ-իշխանություն մեղրամսի ֆոնին, ինչն էլ կամ որոշ կուսակցություններին խոսք հասկացնելու համար է, որ ձեռ քաշեն առաջիկայում խորհրդարանում հայտնվելու երազանքից, կամ պարզապես ոմանց իրենց տեղը ցույց տալու գործիք: Ճիշտն ասած` ամեն անգամ այսպիսի տեղեկությունների մասին գրելիս մեղքի զգացում ենք ունենում հասարակ ընտրողի առջեւ, որին այս կարգի լուրերն առհասարակ կարող են կազմալուծել` զրկելով հեռանկարից, բայց հայաստանյան իրականությունը մեր գրել-չգրելով չի փոխվում: Մյուս կողմից էլ` ընտրողն իրազեկվելով զգոն կդառնա ու կմտածի իր կամքն առաջ տանել` ի հեճուկս վերեւների նպատակների եւ պատկերացումների:
Այսպես, ըստ այդ խոսակցությունների, ապագա խորհրդարանը բաժանվում է հետեւյալ քաղաքական ուժերի միջեւ. կոալիցիան ` իր երեք միավորներով, վերցնում է 70 տոկոս: Կոալիցիայի խնդիրը մնալու է` ով- որքան, դա կախված է լինելու նրանից, թե ով որքան ճարպիկ կգտնվի վարչական լծակներն օգտագործելիս, չնայած նախօրոք հայտնի է, որ վարչական լծակի առյուծի բաժինը ՀՀԿ-ի ձեռքում է: Այս ֆոնին հետաքրքրական են ԲՀԿ-ի վերջին օրերի հայտարարությունները` խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու մասին: Ընդդիմությանը խորհրդարանում վերեւներն ուզում են ներկայացված տեսնել 30 տոկոսով:
Ընդդիմության մեջ մանդատները բաժանվելու են մի քիչ ավել-պակաս հետեւյալ սխեմայով. 10 տեղ ՀԱԿ-ին, 5-7 տեղ ՀՅԴ-ին, պատկերացումներ կան երկու ավանդական կուսակցություն եւս խորհրդարանում տեսնելու: Կարապետիչին, Արամ Կարապետյանին էլ ինչ- որ ձեւով տանելու են խորհրդարան: «Ժառանգությանը» տրամադրություն կա խորհրդարան չթողնելու, սակայն դա միանշանակ չէ, քանի որ «Ժառանգության» հովանավոր շրջանակների ջանքերը կարող են արդյունք տալ, եւ եթե անգամ նրանց ի վերջո մի քանի տեղ տան` դա լինելու է Դաշնակցության, ՀԱԿ-ի եւ ընդդիմության 30 տոկոսի հաշվին` «նեղ արեք-տեղ արեք» սկզբունքով:
Ասում ենք` սրանք մե՛ր պատկերացումները չեն, այլ տարբեր աղբյուրների փոխանցած` վերեւների պատկերացումները ապագա խորհրդարանի վերաբերյալ: Հետաքրքրական է, որ հենց այս օրերին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի արտաբերած տարբերակը եւս շատ չի տարբերվում վերը գծվածից` միայն ՀԱԿ-ին ավելին տալու վարկածով. ՀԱԿ-ի վարկանիշն, ըստ նրա, 20 տոկոսի սահմաններում է (այն մինչեւ 10 տոկոս կարող է նվազել իշխանության հետ երկխոսելու արդյունքում), ՀՅԴ-ն 5-7 տոկոս ընտրազանգված ունի, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշն 8 տոկոսից չի իջել, տիրապետող դիրք ունի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն պայքարում է երկրորդ տեղի համար:
Այս առիթով վերադառնալով ԲՀԿ-ին` նկատենք, որ այս երկու օր է ԲՀԿ-ի հայտնի ներկայացուցիչները` Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը, պնդում են, թե ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով է մասնակցելու, ի հեճուկս տարբեր սցենարներ գրողների (ինչն ապացուցում է, որ միայն խոսակցություններ չեն մեր լսածները, այլ իրական հիմք ունեն), որ կուսակցության քաղխորհրդում եւ պատգամավորական խմբակցությունում գերիշխող տրամադրությունն այդ է, չնայած այդ մասին մտածելը դեռ վաղ են նկատում: Սա, իհարկե, պատահականություն չէ եւ կոալիցիայի միասնական ցուցակի գաղափարը այժմվանից հակադրվելու հեռանկարին է վերաբերում, քանի որ որքան ընդդիմությունն է կատաղի պայքարելու խորհրդարան անցնելիս ավելին ունենալու համար, հավանաբար դրանից մի քանի անգամ կոալիցիոն կուսակցություններն իրար հետ կկռվեն, ու սա թերեւս կլինի ավելի շատ խորհրդարանական ընտրությունների ինտրիգը` ՀԱԿ-ի խորհրդարան անցնելու չափ:
Իսկ ՀԱԿ-ի թեման առայժմ թողեցինք, քանի որ առանց մեզ էլ ՀԱԿ ղեկավարությունն այժմ արդեն կարգին պրոբլեմներ ունի իր ընտրազանգվածի հետ. հենց ապրիլի 28-ի հանրահավաքում ՀԱԿ-առաջնորդի ելույթից հիասթափվածների պակաս չկար, անգամ այդ ելույթի տոնայնությանը հակադրվածներից ոմանք ուզեցել են հենց նույն օրը նստացույց անել, ինչը ՀԱԿ որոշ ղեկավարների ուժերով չի կայացել: Մյուս հանրահավաքին հիասթափվածներից շատերը կարող են չգալ, եթե միայն բանտերում մնացած ՀԱԿ-ականներին ազատ չարձակեն, որոնք գուցե դեռ որոշ ժամանակ թարմ արյուն կներարկեն հանրահավաքային հարթակին: Բայց որ «կիսաբաց դռան» եւ «թավշյա հեղափոխություն» բառերի արտաբերման երեւույթով ՀԱԿ վարկանիշը արմատական տրամադրված զանգվածի մեջ արդեն նվազում է` գուցե հենց իշխանության սխեմայով էր նախատեսված ընդդիմության ուղղությամբ քայլ անելիս:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: