Եթե կողմերից մեկը շտապում է զորահանդեսի` «իրար մոտ լինելն էլ» չի օգնի
Այժմ` մանրուքներից տեղափոխվենք իրականություն, իսկ իրականությունն այդ` «տապալված» Կազանն է: Կողմերը` նախագահներն արտգործնախարարների հետ միասին, երեք ժամից ավելի տեւած բանակցություններից հետո, որը Մեդվեդեւը սկսեց. «Որպեսզի հասնենք արդյունքի, պետք է իրար մոտ լինել» արտահայտությամբ, հանդես եկան ընդամենը հետեւյալ հայտարարությամբ. «Երկրների ղեկավարները փոխըմբռնում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջը, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների ընդունման համար նախադրյալների ստեղծմանը»: Նույն փաստաթղթի համաձայն` հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնարար սկզբունքների համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքների ընթացքը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին` «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի ներդրած ջանքերը:
Այժմ, եթե վերհիշենք, թե ինչ ակնկալիքներ կային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում, եվրոպական տարբեր ատյաններում այս հանդիպումից, եւ նորից վերընթերցենք այս հայտարարությունը, ապա միանշանակ է` Կազանը կամ «հաջողված գովազդային արշավ էր», կամ կողմերից մեկի ոչ կառուցողականության դրսեւորում: Ու, ամենայն հավանականությամբ հենց այն կողմի, որը «ժպտում է այնտեղ, որտեղ լրագրողներն են»:
Բացի այդ, չմոռանանք, որ Ալիեւ կրտսերը, ընդամենը Կազանի հանդիպման նախորդ օրը` «Եվրոնյուզին» տված հարցազրույցում շեշտեց, որ իր երկիրը չի պատրաստվում որեւէ բան տալ «իր երկրին պատկանող» տարածքը վերադարձնելու դիմաց. սա փաստացի արդեն հուշում էր` Կազանում բանակցություններն անհաջողության են դատապարտված, ու հենց` Բաքվի կողմից, որտեղ հիշեցնենք` հունիսի 26-ին, ադրբեջանական բանակը զորահանդեսի ընթացքում ամբողջ աշխարհին կցուցադրի իր ողջ «հմայքը»:
Հ. ԱՖՅԱՆ
No comments:
Post a Comment