Monday, March 19, 2012

Կարելի՞ է երկիրը մաս-մաս վաճառել

Հայկական Տեխնոլոգիական ակադեմիան (ՀՏԱ) Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի (ԷԱԿԳՄԱ- МАНЭБ) հետ համատեղ 2011 թ. ապրիլի 6-ին Մոսկվայի տանը կազմակերպել էին կլոր սեղան նվիրված լեռնա-հանքահումքային արտադրությունների մեջ էկոլոգիական մաքուր տեխնոլոգիաների օգտագործման հարցերին: Այդ միջոցառման ընթացքում լսվեցին լեռնահումքային արդյունահանման մասնագետների, էկոլոգների, տեխնոլոգների, հանրային խորհրդի որոշ անդամների և պետական կառույցների մասնակիցների զեկուցումները: Քննարկումների արդյունքում որոշվեց էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ նախապատրաստել և խմբագրել մի բաց նամակ ուղղված ՀՀ նախագահին, որտեղ պետք է նշված լինեին ՀՀ-ում էկոլոգիայի վատագույն վիճակի հետ կապված բոլոր հարցերը մի փաթեթում և որը լայն հնչեղություն ստանալու համար առաջարկվում էր տպագրել և լայնորեն լուսաբանել հնարավոր բոլոր տեղեկատվության միջոցներով: Սակայն ցավոք սրտի էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չկարողացան , այդ բոլորի հետ լրիվ համաձայնեցրած և խմբագրած նամակը, որի կազմումը տևեց համարյա 2 ամիս, տպագրել մամուլում և անդրադառնալ հեռուստատեսությամբ, այլ ընդամենը 1-2 թերթերում աննշան նշումներ երևացին այդ նամակի վերաբերյալ: Համոզված ենք որ բաց նամակները ոչ միայն անհրաժեշտ է ուղարկել հասցեատիրոջը, այլ շատ ավելի կարևոր է դա ներկայացնել մեր ընդհանուր հանրությանը, նորմալ հասարակական կարծիք ձևավորելու համար: Ելնելով այս ամեն վերոշարադրյալից, մենք 2 ակադեմիաներս` ՀՏԱ և ԷԱԿԳՄԱ- МАНЭБ, որոշեցինք նորից անդրադառնալ այդ նամակին այս տարվա նոր իրողությունների համատեքստում և փորձել դա տպագրել ու լայնորեն լուսաբանել բոլոր հնարավոր լրատվամիջոցներով, քանի որ գտնմում ենք որ սրանք գերհրատապ հարցեր են մեր հանրապետության համար: Նամակի վերջնական տեքստը համաձայնեցրած 2 ակադեմիաների հետ ներկայացվում է ստորև: Բաց նամակ ՀՀ նախագահին Էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ: Չնայած ընդունված օրենքներին և որոշունմերին` խոշոր կորպորացիաները հանքօգտագործման բնագավառում շարունակում են անխնա կյանքի կոչել ՀՀ-ի ազգաբնակչության նկատմամբ հանցագործ պլաններ: Չկատարելով գործող օրենքների և բնապահպանական նորմերի պահանջները հատել են խոցելիության սահմանը, իրենց գործողությունների արդյունքում թողնելով ծանր մետաղներով և այլ վնասակար քիմիական տարրերով հարուստ ամբողջական տարածաշրջաններ: Դրա հետևանքով` այդ և հարակից շրջանների գյուղատնտեսական արտադրանքների, ջրի և օդի պարունակության մեջ նկատելիորեն ավելացել են ծանր մետաղների ու քիմիական թունավոր նյութերի քանակը: Որպես արդյունք` խորացող սոցիալական շերտավորումը ավելի է ծանրացնում ՀՀ ազգաբնակչության սոցիալական վիճակը, աղքատության անդադար աճը: Անընդհատ ավելանում են քաղցկեղածին և այլ քրոնիկ հիվանդությունների քանակը ազգաբնակչության շրջանում: Չնայած մեր երկրում բացվում են նոր հանքեր, և ըստ մեր պետական այրերի, հանքարդյունաբերությունը պետք է բարելավի մեր ժողովրդի վիճակը, բայց հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները ոչ միայն անտեսանելի են տրված վնասների համեմատ, այլև`անհատուցելի: Պարոն նախագահ, խնդրում ենք լիարժեքորեն օգտագործել սահմանադրորեն Ձեզ ամրագրված իշխանական լծակները, որպեսզի կարգուկանոն հաստատվի լեռնահանքահումքային արտադրություններում: Հայաստանի գերակա շահերը պարտադրում են ոչ թե համայնքներից ու բնակչությունից գերակա շահի անվան տակ խլել նրանց պատկանող հողերը, այլ: Առաջին` ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում` ներկայիս 5%-ից հասցնելով մինչև 25% և ավելի, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում: Երկրորդ` քայլեր ձեռնարկել պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում: Երրորդ` թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսանկյունից մաքուր տեխնոլոգիաներ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված` ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ: Կարծում ենք` հանրապետությոնում առկա է մեծ գիտական ներուժ նոր և մաքուր տեխնոլոգիաների մշակման համար: Չորրորդ` չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները: Մեզ զարմանք է պատճառում պարոն նախագահ, թե ի՞նչով է զբաղված Ձեր անմիջական հսկողությամբ գործող Սևանի հանձնաժողովը, եթե «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը խախտելով «Սևանի մասին» ՀՀ օրենքը Սոթքում կառուցել է ըստ էության Արարատի հարստացնող կոմբինատի մի արտադրամաս, որը ջարդում և մաղում է հանքաքարը, վերցնում են իրենց անհրաժեշտ ոսկով և արծաթով հարուստ հանքաքարը և թափոնները կուտակում Սոթքի տարածքում: Թափոնների առկայությունը կարող եք տեսնել տեղում: Այդ թափոնները հարուստ են ծանր մետաղներով, որոնք անձրևաջրերի և հոսքային ջրերի միջոցով անարգել լցվելու են և լցվում են Սևանա լիճ: (Ծանր մետաղների ցանկը կարող ենք Ձեզ տրամադրել): Օրենքի ամբողջ խստությամբ մեղադրանքներ ներկայացնել պատասխանատու պաշտոնյաներին /անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից/, որոնք իրենց անձնական շահի համար և կոռուպցիոն եղանակներով աչք են փակում այդ բոլոր ապօրինությունների հանդեպ: Փոխել նրանց, ովքեր իրենց գրպանի շահերը վեր են դասում հանրապետության շահերից, փոփոխել ղեկավարման այն թիմերը, որոնք չեն կարողանում պաշտպանել իրենց երկրի շահերը խոշորագույն միջազգային կորպորացիաների հետ աշխատելիս: Այս կետի հետ կապված, խնդրում ենք պետական մակարդակով գոնե տարին մեկ անգամ այդ կորպորացիաների գործունեության արդյունքների անկախ փորձաքննություն և աուդիտ անցկացնել, որպեսզի վերացվեն հանրապետության բնապահպանության վատթարացմանը նպաստող գործոնները: Հինգերորդ` արգելել ՀՀ քաղաքների և համայնքների վարչական տարածքներում ինչպես նաև բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում նոր լեռնահանքահումքային գործունեության իրականացում: Որպես օրինակ, նշենք ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և Չինական ներդրումներով մետալուրգիական կոմբիանատի կառուցումը Հրազդան քաղաքում, Քաջարան գյուղի և նրա հարակից գյուղերի համայնքային հողերի բռնագրավումը “գերակա շահ” համարված անհեթեթ ձևակերպման անվան տակ, Թեղուտի անտառների ոչընչացումը և Նոյեմբերյանի ենթաշրջանի սարերի ալպիական գերազանց արոտավայր մարգագետիններով և անտառներով հարուստ ու հարակից գյուղերը սնող ջրահավաք ավազանների արդեն իսկ ռիսկային գոտու վերածվելու և այլ նմանատիպ տեղերի բռնազավթումը, որը կարող է ունենալ և արդեն իսկ ունի բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի էկոհամակարգի վրա: Չէ՞, որ Հրազդան գետի ջրհավաք ավազանում, մասնավորապես նրա ակունքում, բխում են աղբյուրներ որոնք սնում են Երևան քաղաքի խմելու բարձորակ ջրի մատակարարումը (Յոթնաղբյուր և Ղրբուլաղ): Արտադրության պրոցեսում այդ աղբյուրները կաղտոտվեն քիմիական տարրերի էլեմենտներով, այդ թվում` ծանր մետաղներով, իսկ դա անխուսափելի է արտադրության պրոցեսում առաջացող պոչամբարների առկայությամբ: Խնդրում ենք Ձեզ ՀՀ տնտեսությունը ուղղորդել իննովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը` առավելություններ տալով Հայաստանում այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք նպատակաուղղված են էլեկտրոնիկայի, մեքենաշինության, վերականգնվող էներգետիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, գյուղմթերքների վերամշակման, բժշկության, ակտիվ երկարակեցության, տուրիզմի, նանոտեխնոլոգիաների զարգացմանը, որոնք ի վերուստ ավելի հոգեհարազատ և հասկանալի են մեր ազգի հոգեկերտվածքին: Դա կնպաստի ավելի արդյունավետ օգտագործել այն հսկայական գիտական ներուժը, որը դեռևս առկա է մեր հանրապետությունում, բայց որը սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով արագորեն նվազում է և միգրացվում այլ երկրներ : Բոլոր առումներով այս ուղղությունների զարգացումը շատ ավելի շահավետ է և քիչ ներդրումներ է պահանջում, քան հանքահումքային ուղղությունների զարգացումը: Հայաստանը շատ փոքր հողային և շատ խիտ բնակչություն ունեցող երկիր է, և վերոհիշյալ նպատակների զարգացումը, ինչպես ասում են, ինքնին բնատուր է մեր ժողովրդին. չէինք ցանկանա հետամնաց երկրների նման դառնալ խոշորագույն միջազգային կորպորացիաների լեռնահումքային կցորդ: Մեր հանրապետության բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ հանքահումքային գործունեությունը միանշանակորեն շատ արագ ազդում է օդային և մանավանդ ջրային ռեսուրսների աղտոտմանը և ոչնչացմանը: Լեռնահանքահումքային արտադրությունները վերջնականապես կավերեն մեր ժողովրդի գենոֆոնդը, իսկ մենք պարտական ենք մեզնից հետո եկող սերունդների համար թողնել լավ և մաքուր երկիր, այլ ոչ թե պոչամբարների և թափոնների պահեստարաններ: Եվ արդյոք կարելի է հայրենի երկիրը մաս-մաս վաճառել մասնավոր սեփականատերերի, որոնց միակ նպատակը միայն գերշահույթ ստանալն է: Հույս ունենանք, որ պետական օրենքի ընդունման մակարդակով կարգելվի բոլոր տեսակի նոր լեռնամետալուրգիական հանքավայրերի շահագործումը, իսկ արդեն գոյություն ունեցողները կանցնեն խստագույն բնապահպանական նորմերի կատարմանը: Եթե այսօր չկարողանանք կատարել այս աշխատանքները, ապա վաղն արդեն ուշ կլինի և նույնիսկ ապրելու տեղ չենք ունենա: Հայկական տեխնոլոգիական ակադեմիա Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիա

No comments: