Tuesday, May 29, 2012

Ֆրանսիացիները մշտապես զորակից են եղել հայ ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մայիսի 26-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին: Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը ողջունելով սենատորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` շնորհավորել է նրանց Ֆրանսիայի նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն առանձնակի ջերմություն է տածում ֆրանսիացիների հանդեպ, քանի որ դժվար պահերին նրանք մշտապես զորակից են եղել մեր ժողովրդի զավակներին և հանդես եկել նրանց իրավունքների պաշտպանությամբ: Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` համայնքին հոգևոր և մշակութային կյանքով լիարժեքորեն ապրելու հնարավորություն ընձեռելու համար: Պատվիրակության ղեկավար սենատոր Ֆիլիպ Մարինին իր հերթին անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք աչքի են ընկնում բարձր մակարդակով: Պրն. Մարինին կարևորել է նաև հայկական համայնքի դերն ու նշանակությունը Ֆրանսիայի զարգացման գործում` նշելով, որ երկրի տարբեր քաղաքներում առկա հայկական եկեղեցիներն ու մշակութային շատ արժեքներ Ֆրանսիայի անբաժան մասն են կազմում: Սենատորները նաև ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իրենց այցի տպավորությունները` մասնավորաբար ընդգծելով, որ այսօր Արցախում ակնհայտ է խորը քրիստոնեական արմատներ ունեցող ազգային մշակույթի և ինքնության վերածնունդը:

No comments: