Sunday, May 27, 2012

Ֆրանսուա Օլանդը Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի նոր տեքստ կառաջարկի Ֆրանսիայի խորհրդարանին

Tert.am. 26-5-2012- Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի վերաբերյալ նոր տեքստ առաջարկել խորհրդարանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցին Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենին, Բերնար Ֆուրնիեն, ովքեր հայաստանյան այցի շրջանակներում եղել են նաև ԼՂՀ-ում: Թե ինչպիսի՞ն է նորընտիր նախագահի՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տեսակետը լրագրողների հետաքրքրությանը՝ Բերնար Ֆուրնիեն նշեց, որ թեև երեքն էլ, որպես «Ժողովրդական շարժում և միասնություն» քաղաքական կուսակցության անդամ սատարում էին նախկին նախագահ Սարկոզիին, սակայն մեծ հետաքրքրությամբ են տեղեկացել նոր նախագահի այս մտադրության մասին: «Քանի որ մենք հանդիսանում ենք հայերի բարեկամները, ուրախ կլինենք, որ Ֆրանսիայում կոնսենսուս ստեղծվի այս հարցի վերաբերյալ»,- ասաց Բերնար Ֆուրնիեն: Սենատի անդամներն այսօր բարձրացել էին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայոց ցեղասպանությունն իր մեջ ներառում է 20-րդ դարի բոլոր արհավիրքների սկիզբը: Ցեղասպանության մասին տեղյակ ենք, գիտենք, բայց այցելելով հուշահամալիր և ծանոթանալով փաստաթղթերի ու լուսանկարների հետ, էլ ավելի մանրամասն իմացանք Ցեղասպանության վերաբերյալ»,-ասաց նա:

No comments: