«Լրագիր» 30-4-2012- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աննախադեպ իրադարձություններ են տեղի ունենում. գնդակոծության են ենթարկվում գյուղերը, մանկապարտեզը, հայկական կողմում դարանում են հայտնվում զինծառայողները, որոնց սպանում են: Հայկական ալիքները սկսում են ուշադրություն դարձնել սահմանային գյուղերին եւ ռեպորտաժներ են պատրաստում՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը, ով ժամանել էր Նոյեմբերյան, այդպես էլ չի այցելել գնդակոծության ենթարկված սահմանամերձ գյուղ: Հանրային հեռուստաընկերությունը, ընդ որում, ռեպորտաժ է ցուցադրում, որում ուղղակի հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է ագրեսիա իրականացնել, եթե Հայաստանում ընտրություններից հետո քաղաքացիական բախումներ սկսվեն: Ավելին, Երկիր մեդիային տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ եթե 2008 թ մարտին ինքը չմիանար Սերժ Սարգսյանին, ապա երկրում քաոս կսկսվեր, իսկ Ադրբեջանի ագրեսիան անխուսափելի կդառնար: 2008 թ մարտի 4-5-ին Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանին, իրոք, արյունալի դեպքեր են տեղի ունեցել: Ադրբեջանական դիվերսիոն խումբը հասել էր ղարաբաղյան դիրքեր եւ գնդակահարել զինվորներին: Այդ միջադեպն իսկական շոկ էր առաջացրել, սակայն տեղում գլխավոր փաստարկ էր դարձել հետընտրական Հայաստանում քաղաքացիական համաձայնություն կոչերի համար: Այժմ իրավիճակը կրկնվում է: Ճիշտ է, հազիվ թե Սերժ Սարգսյանը զանգել է Ալիեւին եւ «խնդրել» ընտրություններից առաջ սահմանին մեծացնել լարվածությունը: Սակայն այն, որ Հայաստանի իշխանությունը փորձում է օգտվել Ալիեւի «մեծահոգի օգնությունից», անկասկած է: Դժվար է գնահատական տալ դրսից ագրեսիայի հավանականությանը Հայաստանում ընտրություններից հետո քաղաքական բախումների դեպքում: Հաշվի առնելով հակառակորդի նենգությունը, ամեն ինչ հնարավոր է, չնայած, միջազգային ուժերը հազիվ թե իրադարձությունների նման զարգացում թույլ տան: Սակայն արդեն որերորդ անգամն է, այս հարցը դառնում է Հայաստանում ներքաղաքաղաքական ճակատամարտերի գլխավոր փաստարկը: Այս անգամ, ըստ ամենայնի, այն դառնալու է հետընտրական բողոքի ցույցերի հիմնական զսպող գործոնը: Այլ փաստարկներ չկան: Նույն Արթուր Բաղդասարյանն այդպես էլ ոչ մի փաստարկ չի բերել այն բանի օգտին, որ Սերժ Սարգսյանն ավելի լավն է Լեւոն Տեր-Պետրոսյանից, այդ պատճառով էլ նա վճռորոշ պահին միացել է Սարգսյանին՝ ձախողելով համաժողովրդական շարժումը: Նույնը նկատվում է այս անգամ: Եվս մի քանի կրակոցներ սահմանին, եւ ընտրությունների ցանկացած արդյունք հնարավոր կլինի լեգիտիմ համարել, իսկ բոլոր անհավանական բլոկներն ու դավադրություններն՝ արդարացված: Նաիրա Հայրումյան
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment