Sunday, August 12, 2012

Փոլ Ռայանը Հայոց ցեղասպանության ընդունման կողմնակից է

News.am. 12-8-2012- Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Փոլ Ռայանը ցեղասպանության փաստի ընդունման կողմնակից է, ով մշտապես առաջադրում է հանցագործության ընդունման վերաբերյալ օրենսդրական ակտեր եւ ստորագրում նախագահներ Բուշին եւ Օբամային ուղղված կոնգրեսականների նամակները` Հայոց ցեղասպանության փաստի ընդունման վերաբերյալ տրված խոստումները կատարելու պահանջով,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ինչպես եւ ԱՄՆ-ի այժմյան փոխնագահ Ջո Բայդենը, կոնգրեսական Փոլ Ռայանը նախագահական ընտրությունների մրցավազք մտնում է բարձրագույն 'А' վարկանիշով,- նշել է Համբարյանը: - Մենք հուսով ենք, որ Ռոմնին եւ Ռայանը հրապարակավ կհայտնեն իրենց հայացքներն այն հարցերի շուրջ, որոնք մտահոգում են ամերիկահայ ընտրողներին: Մենք հույս ունենք, որ Օբաման եւ Բայդենը նույնպես կբացատրեն իրենց քաղաքականությունը այն հարցերի վերաբերյալ, որոնք մեզ համար առավել հետաքրքիր են»: Նշենք, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնագահի թեկնածու, Սպիտակ տան համար պայքարում Միթ Ռոմնիի գործընկեր, Վիսկոնսին նահանգից կոնգրեսական Փոլ Ռայանը հայերի վաղեմի բարեկամն է: Այս մասին վկայում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալները: Ռայանը Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ է եւ Կոնգրեսի` Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ընդունման վերաբերյալ բանաձեւի համահեղինակներից: 2009թ. հուլիսին Փոլ Ռայանը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակի տակ, որը դատապարտում էր հայ-թուրքական համաձայնագրի ճանապարհային քարտեզը, իսկ 2008թ. մայիսին` ԱՄՆ Պետքարտուղարին ուղղված նամակի տակ, որը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: ԱՄՆ փոխնագահի թեկնածուն նաեւ Թուրքիայում հայ լրագրող եւ հասարակական գործիչ Հրանտ Դինքի դաժան սպանությունը դատապարտող բանաձեւի համահեղինակներից է:

No comments: