Monday, September 10, 2012

Գերմանիայում հրեաները եւ թուրքերը համատեղ պայքարում են հանուն թլպատման

News.am. 10-9-2012- Բեռլինում թլպատման պաշտպանության հանրահավաք է տեղի ունեցել: Ակցիան
պատասխանն էր Քյոլնի դատարանի որոշմանը, որի կայացման պատճառ էր դարձել թլպատման արարողության արդյունքում մահմեդական տղային լուրջ վնասվածքներ հասցնելը: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, համատեղ ակցիային մասնակցել են 300 մարդ: Նրանք հայտարարել են, որ չեն կարող ապրել Գերմանիայում, եթե թլպատումն արգելվի: «Թլպատման իրավունքը պետք է ամրագրվի օրենսդրության մեջ», — կարծում է Լալա Սասկինդը` Բեռլինյան հակասեմականության դեմ պայքարի կազմակերպության ղեկավարը: Բեռլինի րաբբի Գեսա Էդերբերգը հայտարարել է, որ ծննդյան 8-րդ օրը տղաների թլպատումը կարեւոր նշանակություն ունի հրեաների համար, քանի որ ներկայացնում է կապը Աստծո հետ: Րաբբի Իցխակ Էրենբերգը ցուցարարներին ցույց է տվել դատախազներից ստացած նամակները եւ գոռացել ծափահարությունների ներքո. «Մենք կշարունակենք պայքարը», հաղորդում է BFM.RU-ն: Գերմանիայի թուրքական համայնքի ղեկավար Քենան Քոլաթն ընդգծել է, որ մահմեդականները պետք է միավորվեն հուդայականների հետ, որպեսզի պաշտպանեն թլպատման իրավունքը: Հիշեցնենք, որ Քյոլնում դատարանը թլպատումը հավասարեցրել էր քրեական հանցագործությանը: Տվյալ պահին արգելքը գործում է միայն Քյոլնում, սակայն այլ քաղաքներում էլ գերմանացի բժիշկները սկսել են հրաժարվել նման ծառայություն մատուցելուց` վախենալով հայտնվել մեղադրյալների աթոռին: Բեռլինում խիստ կանոններ են ընդունվել թլպատման անցկացման համար: Որպեսզի երեխային նման վիրահատություն արվի, նրա ծնողները կամ խնամակալները պետք է առաջին հերթին տեղեկանք ներկայացնեն համայնքից, հետո տան գրավոր համաձայնություն եւ անպայման ծանոթանան հնարավոր բարդությունների հետ: Ըստ հրեական հոգեւոր ավանդույթների` թլպատումն արվում է ծննդյան 8-րդ օրը: Մահմեդականների մոտ տարիքը կախված է նրանից, թե իսլամի որ ճյուղին է պատկանում ընտանիքը, հիշեցնում է KM.RU-ն: Գերմանիայում ապրում են մոտ 4 միլիոն մահմեդական եւ 120 հազար հրեա:

No comments: