Monday, November 12, 2012

Մեծ Բրիտանիան քննարկում է Սիրիայի տարածք սահմանափակ ռազմական ներխուժման հավանականությունը

Panorama.am. 12-11-2012- Մեծ Բրիտանիան քննարկում է Սիրիայի տարածք սահմանափակ ռազմական ներխուժման հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «Росбалт» լրատվական գործակալությունը: «Մեծ Բրիտանիայի ռազմական ներխուժումը Սիրիա, անշուշտ, այն հարցն է, որ մենք պետք է դիտարկենք այս պահին: Սիրիայում հումանիտար իրավիճակը վատթարանում է օր օրի, և դա կարող է հանգեցնել սահմանափակ ռազմական ներխուժման»,- հայտարերել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Դեվիդ Ռիչարդսը: Բրիտանացի գեներալի խոսքով, միջազգային հանրությունը պետք է որոշի, թե ինչպես տեղի կունենա այդ ներխուժումը: Նշվում է, որ ձմռանը հնարավոր է ռազմաջոկատներ ուղարկվեն դեպի Սիրիա: «Մենք մշտապես աշխատում ենք սիրիական խնդրի հնարավոր լուծումների ուղղությամբ: Իմ աշխատանքն է` գնահատել սիրիական խնդրի լուծման ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- հայտարարել է բրիտանացի գեներալը: Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լքել Սիրիան: Նա հորդորել է ԱՄՆ-ին և Մ. Բրիտանիայի մյուս դաշնակիցներին Սիրիայի գործող իշխանությունը տապալելու նպատակով ավելի մեծ աջակցություն ցուցաբերել սիրիական ընդդիմությանը: Իր հերթին, Թուրքիան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով Սիրիայի հետ թուրքական սահմանի ողջ երկայնքով տեղակայել «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համալիրը, որը հետագայում կարող է օգտագործվել ոչ թռիչքային բուֆերային գոտի ապահովելու նպատակով, որտեղ և կհաստատվեն ընդդիմության ղեկավար կառույցները: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Russia Today» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Սիրիայի տարածք միջազգային զորքերի ներխուժման հավանականության մասին` նշել է, որ չի պատրաստվում լքել երկիրը ոչ մի պարագայում, իսկ Սիրիա ռազմական ներխուժումը ծանր հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար:

No comments: